Արաբական պետությունների լիգան պատրաստ է աջակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի մեջև կարգավորմանը
Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) պատրաստ է աջակցելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ քաղաքական կարգավորմանը եւ այդ նպատակով Մոսկվա է ուղարկում վեց արաբական երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների՝ ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթի գլխավորությամբ: Ապրիլի 1-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարի օգնական Հուսամ Զաքին։
«Արաբական երկրները, որոնք բարեկամական հարաբեություններ են պահպանում թե՛ ռուսական եւ թե՛ ուկրաինական կողմերի հետ, ջանքեր են գործադրում ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման եւ ռազմական գործողությունների դադարեցման ուղիների որոնման ուղղությամբ»,- ասել է նա: Արաբական շփման խմբի պատվիրակության կազմի մեջ են մտնում Ալժիրի, Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Սուդանի արտաքին գործերի նախարարներն, ինչպես նաեւ ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարը:
«Բանակցությունները կսկսվեն ապրիլի 4-ին Մոսկվայում, սպասվում է նաեւ փոխգործակցություն ուկրաինական կողմի հետ,- նշել է Զաքին:- Առայժմ վաղ է խոսել ճգնաժամի կարգավորման՝ արաբների նախաձեռնության մասին, ձգտւմ ենք օգնելու հակամարտության երկու կողմերին գալու քաղաքական կարգավորման»: Խոսելով ԱՊԼ-ի հովանու ներքո կամ որեւիցե արաբական երկրում ռուս-ուկրաինական բանակցությունների փուլերից մեկի անցկացման հնարավորության մասին՝ եգիպտացի դիվանագետը պարզաբանել է, որ «այժմ կարեւոր է օգնել երկու կողմերին հասնելու մշտական համաձայնությունների եւ վերականգնելու խաղաղությունը»:
Ուկրաինական ճգնաժամի շուրջ արաբական շփման խմբի ստեղծման մասին որոշումն ընդունվել է մարտի 9-ին Կահիրեում ԱՊԼ-ի Խորհրդի նիստում: Այդ խմբի խնդրի մեջ է մտնում «հետամուտ լինել եւ անհրաժեշտ կոնսուլտացիաներ ու շփումներ անցկացնել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ճգնաժամի դիվանագիտական լուծում գտնելուն օժանդակելու նպատակով»: Ինչպես ընդգծում են համարաբական կազմակերպությունում, «աշխարհի հանդեպ այժմ ծառանում են այդ ճգնաժամի վտանգավոր հետեւանքները, առաջին հերթին հումանիտար մակարդակում»: