Կեղծ վկայականով խլում են տունը և վտարում մարդկանց: Որտե՞ղ է մեր պետությունը…
Հարգելի լրատվամիջոց, դիմում եմ բոլոր՝ թե դիմադիր, թե ընդդիմադիր լրատվամիջոցներին, իրավապաշտպաններին (եթե իսկապես կան նման մարդիկ) և խնդրում եմ SOS հնչեցնել, որովհետև ծայրահեղ կերպով վտանգված է իմ կյանքի իրավունքը: ԴԱՀԿ ծառայությունը որոշում է կայացրել ապրիլի 4-ին ինձ վտարել իմ ընտանիքին պատկանող նորակառույց տնից՝ հիմք ընդունելով իբր օրինական ուժի մեջ մտած վճիռը: Վճռի օրինականության մասին ինքներդ դատեք, քանի որ նրա հիմքում դրված է կեղծ վկայականը: Ձեզ եմ ներկայացնում հարուցված քրեական գործով փորձագետի եզրակացությունից մի հատված.
«Նշանակվել է դատափաստաթղթաբանական փորձաքննություն և ստացվել է փորձագետի թիվ 16971901 եզրակացությունը, ըստ որի՝ թիվ 01/19-Գ-3119-225 ավարտական ակտը պատրաստվել է հետևյալ մեխանիզմով. նմանատիպ մեկ այլ փաստաթուղթ ամբողջությամբ սկանավորվել և մուտքագրվել է համակարգիչ, թվային տարբերակը գրաֆիկական ծրագրերի օգնությամբ մշակվել է, հեռացվել է նաև կնիքի դրոշմի հատվածում տեղավորված ստորագրությունը, մշակվել և մեծացվել է նաև կլոր կնիքում առկա ՀՀ զինանշանը, հետո ստացված փաստաթղթի թվային տարբերակը տպվել է գունավոր շիթային տպիչ սարքով: Կատարված գործողություններից հետո ստացված փաստաթղթում գնդիկավոր գրիչով ավելացվել են ավարտական ակտի հերթական համարը և ամսաթիվը նշող թվային գրառումները, ինչպես նաև կատարվել է կլոր կնիքի դրոշմի հատվածում տեղավորված ստորագրությունը»:
Այստեղ հրավիրում եմ նաև ԲԴԽ-ի և հատկապես Հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրությունը, քանի որ երբ դատարանն իր լիազորություններն իրականացնում է սահմանված իրավական պահանջների էական խախտմամբ և կայացնում ակնհայտ անարդար վճիռ, դա արդեն իսկ կարող է համարվել որպես արդարադատության դեմ ուղղված հանցագործություն: Անարդար և անհիմն, կամ պարզապես սխալի արդյունք է հատկապես Վճռաբեկ դատարանի կողմից կայացված ակտը, որով անհիմն կերպով նախորդ ակտերը թողնվել են անփոփոխ (որպես ապացույց՝ բողոքիս օրինակը ուղարկում եմ լրատվամիջոցին, խնդրում եմ ուշադրություն դարձրեք բողոք բերելու հիմքերին, որովհետև այն պարզապես չի տեղադրվել դատալեքս կայքում):
Իր հերթին հարուցված թիվ 58206219 քրեական գործը անհիմն կերպով կասեցվեց, չնայած առկա են նաև ձայնագրություններ, որոնցից պարզ երևում էր, որ հայցվորն անձամբ է զբաղվել վկայականի կեղծմամբ, իսկ մեր բոլոր դիմում բողոքները (գլխավոր դատախազին, Երևան քաղաքի դատախազին, անգամ վարչապետի աշխատակազմին՝ ուղարկվեցին նույն քննիչին՝ նույն անիմաստ պատասխանը տալու համար:
Հարգելի լրատվամիջոց, հարազատներս, այսօր բժշկական փաստաթղթերի հետ միասին դիմում եմ ներկայացրել հարկադիր ծառայության պետին, ՄԻՊ-ին, արդարադատության նախարարության թեժ գծին: Իսկ ես անկեղծորեն՝ այլևս ոչ մի ակնկալիք չունեմ և ընտանիքիս համար կառուցված տունը, որը երբևէ չի վաճառվել, որի համար հարազատներիցս որևէ մեկը նույինիսկ մեկ լումա չի ստացել, ապօրինի կերպով խլում են մեզանից: Ցավով գիտակցում եմ նաև, որ անարդար, ապօրինի դատավարության հետևանքով ոչ միայն ունեզրկվում ենք մենք, այլև՝ վերադարձի տեղ չունենալով՝ հայրենազրկվում են թոռնիկներս …
Պարզապես հարց է առաջանում՝ որտե՞ղ է մեր պետությունը:
Ա. Քալաշյան