Փաշինյանն ու Միրզոյանը սկսում են բաց «խաղալ»․ արևմտյան վոյաժները շարունակվում են
Իրադարձությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում զարգանում են բարդ սցենարով և աշխարհաքաղաքական մեծ կոնտեքստով, որոնցում իրենց դերն ունեն նաև ՀՀ իշխանությունները։
Ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ՀՀ իշխանություններն էականորեն փոխել են իրենց արտաքին քաղաքական վարքագիծը, ավելացնելով կոնտակտներն ու այցերը դեպի Արևմուտք և այդ ֆոնին նվազեցնելով շփումները Մոսկվայի հետ։ Հայտնի դարձավ մարտի 30-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի Բրյուսել և Վիլնյուս աշխատանքային այցերի մասին։ Նախորդ շաբաթ էլ Գրիգորյանը մեկնել էր Բեռլին և հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդական Յենս Պլյոտների հետ, քննարկել՝ ինչպես Հայաստան-Գերմանիա, այնպես էլ՝ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձել նաև տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հարցերին։
Այս ամիսը բավականին հագեցած է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համար, ով աննախադեպ և իրեն ոչ բնորոշ դիվանագիտական ակտիվություն է ցուցաբերում արևմտյան ուղղությամբ։ Ամիսը սկսվել է Միրզոյանի այցերով Փարիզ, Անթալիա, Բրյուսել, Թբիլիսի, իսկ հանդիպումների ու հեռախոսազանգերի առումով Միրզոյանն այս ամիս ռեկորդակիր է՝
մարտի 4-ին՝ հեռախոսազրույց ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Ջեյմս Քլևերլիի հետ՝ բրիտանական կողմի նախաձեռնությամբ,
մարտի 11-ին՝ հանդիպում Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ,
մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում՝ հանդիպում ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
մարտի 16-ին Փարիզում՝ հանդիպում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ,
մարտի 17-ին Բրյուսելում՝ հանդիպում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանայի հետ,
մարտի 18-ին՝ հեռախոսազրույց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ,
մարտի 21-ին՝ հեռախոսազրույց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ,
մարտի 24-ին՝ հեռախոսազրույց Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ, նույն օրը հեռախոսազրույց նաև ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ:
մարտի 25-ին՝ հանդիպում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին,Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Մարտի 29-ին աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Ոչ այսքան հագեցած, սակայն ամիսը արևմտյան շփումներով լի է նաև Նիկոլ Փաշինյանի մոտ, թեև ապրիլի 9-ին նախատեսվում է նրա այցը Մոսկվա և հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նշեց, որ ՀՀ ԱԳ նախարարը սկսել է ինչ-որ բանով զբաղվել, այլապես անհասկանալի էր ընդհանրապես ՀՀ-ում ԱԳՆ գոյության իմաստը։
Ըստ նրա՝ Մոսկվայի համար ներկայումս կարևոր չէ այն, ինչ կատարվում է Հարավային Կովկասում։ Տարասովն ասաց, որ Ռուսաստանը նկատում է, թե ինչ են անում Երևանը, Բաքուն և Անկարան, սակայն դրանց ինչ-որ կերպ անդրադառնալու ժամանակը չէ, քանի որ շատ ավելի կարևոր հարցեր կան, ինչպիսին է իրավիճակն Ուկրաինայի շուրջ, ռուս-չինական հարաբերությունները, ՌԴ-ն կենտրոնացած է իր գլոբալ խնդիրների վրա։
«Ես նախկինում ևս ասել եմ, որ ՀՀ իշխանությունները չունեն հստակ արտաքին քաղաքականություն, գիծ, առաջնորդվում են երկակի ստանդարտներով, ինձ համար անհասկանալի է, թե ինչ են անում։ Եթե այդքան սերտ կապեր են ցանկանում ունենալ Արևմուտքի հետ՝ թող ունենան, և ամենաբարդ հարցերի լուծումը չդնեն Մոսկվայի վրա, այստեղ արդեն հոգնում են դրանից, ինչպես Երևանի, այնպես էլ՝ Բաքվի պահվածքից։
ՀՀ իշխանություններն իրենց պահվածքով հեղինակազրկել են ՌԴ-ում Հայաստանին՝ որպես ռազմավարական գործընկեր ու կշիռ ունեցող երկիր, ինչը ցավալի է։ Ինչ վերաբերում է Ղարաբաղյան գոտում զարգացումներին, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբին դիմելը և վերջին իրադարձությունները, որոնք վտանգի տակ են դրել ռուս խաղաղապահին, գործընթացը տանելու են միջազգայնացման ճանապարհով, ինչը նշանակում է, որ Մոսկվայի ազդեցությունը ներկայիս կարող է թուլանալ, բայց դրանից մեծ անհանգստություն չկա, միտումները դեպի դա են տանում այս պահին։ Այս բոլոր կոնտակտները և իրադարձությունները ռեգիոնում այդ նպատակով են»,- ասաց նա։
Իր հերթին՝ վրացի քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն մեզ հետ զրույցում ասաց, որ պաշտոնական Երևանը, կարծես, իր քայլերով արևմտյան ուղղությամբ չի ցանկանում ասոցիացվել, նույնականացվել Մոսկվայի հակաարևմտյան և հակաուկրաինական գործողությունների հետ, լինելով Ռուսաստանի դաշնակիցը։
«Սա, կարծում եմ, չափազանց կարևոր հանգամանք է, քանի որ Ռուսաստանը կարող է պարտվել, ու այդ դեպքում ինչ է լինելու այն երկրների հետ, որոնք բացահայտ աջակցել են Ռուսաստանին, թեև նման երկիր միայն մեկն է՝ Բելառուսը։ Բարդ է հատկապես Հայաստանի համար, երբ թվում է՝ շատ հնարավորություններ չկան արտաքին քաղաքականության ոլորտում, բայց դա կարող է հետագայում լուրջ խնդիրներ ստեղծել Հայաստանի համար։ Բայց պետք է հասկանալ, որ աշխարհի համար նման ծայրաստիճան վտանգավոր փուլում երկրների արտաքին քաղաքականությունները փոփոխական են, քանի որ հատկապես փոքր երկրների վրա արտաքին իրադարձությունների ազդեցությունը մեծ է։ Այս ողջ պատկերում կարևոր է, որ Երևանն ու Թբիլիսին չդադարեն ակտիվ համագործակցել թե տարածաշրջանային, թե աշխարհաքաղաքական գործընթացների շրջանակում։ Տարածաշրջանային գործընթացների շրջանակում մեր երկրները պետք է համատեղ շահեր ու դրանց վրա հիմնված օրակարգեր ունենան։ Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, ցանկալի կլիներ, որ ոչ Բաքուն, ոչ Երևանն «ակտիվ շարժումներ» չանեին՝ հատկապես այս փուլում, քանի որ, ի վերջո, խնդիրներ ծագելու են առաջին հերթին՝ կողմերի, և ոչ՝ Ռուսաստանի համար»,- ասաց նա։