Ակնկալում ենք խաղաղապահների հնարավոր անգործությունն արժանանա պատշաճ քննության. Փաշինյան

«Մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց ապահովելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս-քվոն վերականգնելու համար:

Ակնկալում ենք նաև, որ ներխուժման ընթացքում և դրանից հետո խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների գործողությունները, որոնց մասին նշեցի, կամ հնարավոր անգործությունը, արժանանան պատշաճ քննության»,- կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ի լրումն հիշեցրեց այս իրադարձություններից առաջ Խրամորթ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սադրանքները, կրակոցները:

Փաշինյանը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերում կրակում էին և կրակում են բնակելի տների և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մարդկանց, տեխնիկայի, տրակտորների ուղղությամբ:

«Նման դեպքեր են արձանագրվել Նոր Շեն, Ամարաս, Թաղավարդ գյուղերի ուղղությամբ, իսկ 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ է սպանվել՝ տրակտորի ղեկին, ադրբեջանցի դիպուկահարի կողմից, խաղաղապահների ներկայությամբ,- նշեց նա՝ արձանագրելով, որ այս գործողությունների ակնհայտ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելն է,- Սրա մասին է վկայում նաև նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի ադրբեջանական խեղաթյուրումը: Այդ կետը, հիշեցնեմ, տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման, Ադրբեջանի Արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհի գործարկման մասին է:

Դուք տեղյակ եք, որ Հայաստանն այս թեմայով համապարփակ առաջարկություններ է ներկայացրել: Չմտնելով մանրամասների մեջ՝ ասեմ, որ մեր առաջարկի էությունը հետևյալն է. վերակառուցել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին, վերաբացել կամ կառուցել ավտոմոբիլային ճանապարհ, որը նաև կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ՝ սահմանային անցման կետերում իրականացնելով սահմանային, մաքսային և այլ հսկողություններ»:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Ադրբեջանը հայկական կողմի այս դիրքորոշումը և՛ ընդունում է, և՛ չի ընդունում, ինչն արտահայտվում է նրանց հայտարարություններում. այն է՝  ասում են, որ համաձայն են այս ճանապարհի գործարկման ցանկացած իրավական ռեժիմի, բայց նույն ռեժիմը պետք է գործի նաև Լաչինի միջանցքում, իսկ իրենց դիրքորոշումը հիմնավորելու համար հղում են կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությանը:

Նա, սակայն, այս խոսույթն անհիմն է երկու պատճառով. «Նախ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի և դրա հետ առնչություն ունեցող միջանցքի մասին հիշատակում չկա, բայց «Լաչինի միջանցք» արտահայտություն կա: Լաչինի միջանցքը ոչ թե,  կամ ոչ միայն ճանապարհ է, այլև տարածք, որն ունի 5 կիլոմետր լայնություն: Այդ ողջ տարածքը, ըստ եռակողմ հայտարարության, գտնվում է ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո: Եռակողմ հայտարարության 9-րդ կետում Հայաստանի որևէ տարածքի նկատմամբ որևէ այլ երկրի վերահսկողության դրույթ պարզապես գոյություն չունի, և հետո, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի զուգահեռները տարօրինակ են՝ մի քանի պատճառներով: Նախ՝ Նախիջևանը Ադրբեջանի հետ ունի ցամաքային կապ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի տարածքով, օդային կապ՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության օդային տարածքով:

Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ ունի միայն ցամաքային կապ, միայն Լաչինի միջանցքով և Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից որևէ կերպ վերահսկվող տարածք դարձնելը նշանակում է մեկ բան՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափում:

Մենք կրկին արձանագրում ենք. Լաչինի միջանցքի համեմատությունը Հայաստանի տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է. նոյեմբերի 9-ի հայտարարությունը Հայաստանի տարածքով որևէ միջանցքի գոյություն չի նախատեսում, և Հայաստանը չի ընդունել և չի ընդունելու միջանցքային որևէ տրամաբանություն»:

Տեսանյութեր

Լրահոս