Ադրբեջանը փորձում է բոլոր հայերին տեղահանել Լեռնային Ղարաբաղից. սկսել է Ասկերանի Փառուղ գյուղից, ինչը շարունակելու միտում ունի. Փաշինյան

«Տարածաշրջանային էսկալացիա հարուցելու նպատակով Ադրբեջանի կողմից ամենաշատ շահարկվածը, թերևս, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեման է: Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե ՀՀ-ն անարձագանք է թողնում այդ հարցը: Այս տվյալը, մինչդեռ,  բացարձակապես չի համընկնում իրականությանը, որովհետև ես բազմիցս հրապարակային արտահայտել եմ ՀՀ պատրաստակամությունը՝ Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր»,- կառավարության հերթական նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի ղեկավարը հավելեց, որ Ադրբեջանն այսօր էլ շարունակաբար հայտարարում է, թե Հայաստանին 5 կետանոց առաջարկ է փոխանցել, և հայկական կողմը, իբր, անարձագանք է թողել այդ առաջարկությունները:

Նա հիշեցրեց, որ կառավարության նախորդ նիստում ուղիղ եթերում մանրամասն անդրադարձել է խնդրին և  արձանագրել, որ մարտի 10-ին ՀՀ-ին է փոխանցվել Ադրբեջանի 5 կետանոց առաջարկ, իսկ Հայաստանը մարտի 14-ին՝ 4 օր անց, գրավոր պատասխանել է առաջարկին  և պատասխանը փոխանցել այն ճանապարհով, ինչ ճանապարհով ստացել է:

«Այն մեզ է փոխանցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիրը, մենք պատասխանը փոխանցել ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների միջոցով: Նաև հրապարակային հայտարարել ենք, որ Ադրբեջանի առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա,  ՀՀ ԱԳ նախարարը 2022 թ. մարտի 21-ին հայտարարել է, մեջբերում եմ.

«Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը, ԵԱՀԿ ՄԽ համախագահությանը փոխանցված մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը,  և, հետևաբար, այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

«Սա ՀՀ պաշտոնական դիրքորոշումն է, և, ինչպես տեսնում եք, Ադրբեջանի փոխանցած 5 կետանոց առաջարկին  ՀՀ-ն արձագանքել է թե՛ հրապարակային, թե՛ աշխատանքային դիվանագիտական խողովակներով: Այս պատասխանը նշանակում է, որ ՀՀ-ի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը: Եվ ուրեմն հարց է ծագում՝ ինչո՞ւ է Ադրբեջանն այս արձագանքը համարում արձագանքի բացակայություն:

Պատճառն այն է, որ ՀՀ-ն իր հրապարակային և դիվանագիտական արձագանքներում արձանագրել է, որ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր,  և Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի ԼՂ հայության իրավունքների հարցը:

Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ ԼՂ հիմնախնդիր չկա. այն այլևս լուծված է: Բաքվի այս դիրքորոշումը չի պատասխանում, սակայն, մի կարևոր հարցի՝ իսկ ինչպե՞ս է այդ դեպքում լուծվել ԼՂ հայության իրավունքների հարցը: Այս հարցի պատասխանը չկա, ու սա է պատճառը, որ միջազգային հանրությունը շարունակաբար խոսում է ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտության մասին, ինչի դրսևորումը տեսնում ենք միջազգային ամենատարբեր հարթակներում:

Հասկանալով, որ ԼՂ հիմնախնդիրն առկա է և ավելի է արտահայտվելու միջազգային օրակարգում, Ադրբեջանը փորձում է ոչ թե լուծել այդ հարցը, այլ փակել այն, և այս գործողությունն է մեկնարկել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից, որը շարունակվելու ակնհայտ միտում ունի»,- եզրափակեց վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս