41-ամյա քաղաքացին զինվորական ծառայությունից ազատելու համար կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ գումարներ է հափշտակել
Պարզվել են նախազորակոչիկներին և զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակով Շիրակի մարզի 41-ամյա բնակչի կողմից նույն մարզի տարբեր բնակիչներին տարբեր չափերով կաշառք տալուն դրդելու, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ տարբեր չափերի գումարների հափշտակություն կատարելու և կաշառք տալու փորձի դեպքերի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի 41-ամյա բնակիչը, նույն մարզի երկու բնակիչների պարտք լինելով առանձնապես խոշոր և խոշոր չափերի գումարներ, խոստացված ժամկետներում չի կարողացել վերադարձնել պարտքը: Այնուհետև, վերջիններիս գումարները խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելու դիտավորությամբ, նրանց մոտ պատրանք է ստեղծել, թե իբր ծանոթ պաշտոնատար անձանց ու բժիշկներին կաշառք տալու միջոցով կարող է լուծել նրանց նախազորակոչիկ և զորակոչիկ որդիների՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցը:
Շիրակի մարզի բնակիչները, հավատալով 41-ամյա տղամարդու խոստումներին, ընդունել են նրա առաջարկը և համաձայնել նշված գումարները վերջինիս միջոցով որպես կաշառք տալ պաշտոնատար անձանց և բժիշկներին: Ընդ որում, բացի պարտքով վերցրած գումարը, 41-ամյա տղամարդը Շիրակի մարզի վերոնշյալ բնակիչներից մեկից պահանջել է ավելին, ինչը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նշված անձը համաձայնել է վճարել մաս-մաս:
Նշված գումարները հափշտակվել են 41-ամյա տղամարդու կողմից, սակայն առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու պատրվակով ստացած գումարը խարդախությամբ հափշտակելու դեպքը բացահայտվել է իրավապահ մարմինների կողմից, և տղամարդն, իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել։
Բացի այդ, 41-ամյա տղամարդը, տեղյակ լինելով, որ Շիրակի մարզի մեկ այլ բնակչի՝ 43-ամյա տղամարդու որդին, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզային տարածքային ստորաբաժանումում հաշվառված զորակոչիկ է և ունի առողջական խնդիրներ, որոնց պատճառով չի զորակոչվելու, ինչպես նաև՝ մյուս որդին նախազորակոչիկ է, նրա մոտ ևս ստեղծել է վերը նկարագրված պատրանքը: 43-ամյա տղամարդն ընդունել է նրա առաջարկները՝ պաշտոնատար անձանց և բժիշկներին խոշոր չափերով կաշառք տալու միջոցով զորակոչիկ որդուն ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք վերապահող ախտորոշմամբ կեղծ փաստաթղթերի պատրաստման, ինչպես նաև մյուս որդու՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցը կազմակերպելու վերաբերյալ: Տղամարդը մաս-մաս վճարել է խոստացված գումարը, որը հափշտակվել է 41-ամյա տղամարդու կողմից։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-38-312-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (3 դրվագ) և 34-38-312-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոփոխվել է և կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Շիրակի մարզի բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ երրորդին՝ 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: