Հայկական և հունական լոբբին ճնշում են, որպեսզի ԱՄՆ-ն F-16 կործանիչներ չվաճառի Թուրքիային

Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը CNN TÜRK-ի հետ զրույցում հայտնել է, որ F-16 կործանիչների հարցով իրենք Անկարայում ԱՄՆի ռազմական կցորդի միջոցով դիմել են Վաշինգտոնին։ Խոսել են ամերիկացի գործընկերների հետ, որից հետո ամերիկյան կողմը 2 անգամ պատվիրակություն է գործուղել Թուրքիա։ Տեղի են ունեցել մի շարք քննարկումներ պատվիրակությունների ձևաչափով, որոնք, ըստ Հուլուսի Աքարի, անցել են բավականին դրական և կառուցողական մթնոլորտում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Այժմ գործընթացը Կոնգրեսի տիրույթում է»,- պարզաբանել է նախարարը։

Քննարկումների արդյունքները ամերիկյան կողմը կամփոփի և կներկայացնի Միացյալ Նահանգների Կոնգրեսին, քանի որ գործարքի իրականացման համար անհրաժեշտ է վերջինիս հավանությունը։ Անկարան էլ ուշի ուշով հետևելու է գործընթացի հետագա հունին։

Բանն այն է, որ Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել 40 միավոր F-16 կործանիչների նորագույն տարբերակից՝ Block 70-ից, և արդիականացնել իր օդուժը։

Թուրքական աղբյուրը շեշտում է, որ նախատեսվում է F-35-ի համար Թուրքիայի վճարած գումարը փոխանցել F-16-ի գնմանն ու արդիականացմանը, բայց հայկական և հունական լոբբին ճնշում են բանեցնում գործըթնացի վրա, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսը հավանություն չտա ու վաճառքը չկատարվի։

Տեսանյութեր

Լրահոս