Բաժիններ՝

Ոչ մասնագետ անձանց փոփոխությունը հանգեցրեց այս հետևանքներին. Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները՝ տնօրենի շրջանառվող անվան ու սպասելիքի մասին

Օրերս Երևանի Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը սեփական դիմումի համաձայն՝ ազատվեց աշխատանքից:

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Կենդանաբանական այգու տնօրեն է նշանակվելու Նորք-Մարաշ վարչական շրջանի նախկին ղեկավար Էդմոնդ Ղազարյանը: Նա, ի դեպ, մարտի 25-ին համայնքի բնակիչներին տեղեկացրել է, որ ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանից 168.am-ը փորձեց ճշտել՝ արդյո՞ք հավաստի է շրջանառվող լուրը, և Կենդանաբանական այգում արդեն նշանակվե՞լ է ժամանակավոր պաշտոնակատար։ Ի պատասխան՝ նա ասաց, որ ժամանակավոր պաշտոնակատար դեռ չի նշանակվել, իսկ ինչ վերաբերում է արդեն շրջանառվող անվանը, ապա նման տեղեկություն չունի:

Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներից անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանի կարծիքով՝ տնօրեն պետք է նշանակվի ոլորտից հասկացող անձ:

«Եթե այգու տնօրեն լինի Նորք-Մարաշ վարչական շրջանի նախկին ղեկավարը, ապա որևէ փոփոխություն չեմ ակնկալի, որովհետև ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Կենդանաբանական այգու տնօրենը պետք է լինի մասնագետ: Ոչ մասնագետ անձանց փոփոխությունը բերեց, հանգեցրեց այս հետևանքներին: Իսկ Էդմոնդ Ղազարյանը միջազգային հարաբերությունների ֆակուլտետն է ավարտել, էլի կիլոմետրերով հեռու կենդանիներից ու խնդիրներից, որոնք չի կարող լուծել»,- նշեց այգու նախկին աշխատակիցը:

Մանուկ Մանուկյանը, ով աշխատել է Կենդանաբանական այգում, ևս վստահ է՝ նշանակվող անձը ոլորտից հեռու չպետք է լինի:

Հիշեցնենք, որ Կենդանաբանական այգու աշխատակիցները փետրվարի 24-ին բողոքի ակցիա իրականացրեցին Երևանի քաղաքապետարանի մոտ՝ այգում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց դժգոհությունը հայտնելով:

«20 օրից ավելի է, ինչ կենդանաբանական այգում սարսափելի իրավիճակ է տիրում: Կենդանիների անկում է, իրականացվում է կադրային ջարդ, ու պատկան որևէ մարմնից ոչ մի բացատրություն չկա»,- լրագրողներին ասել էին նախկին աշխատողները:

Գարեգին Խլղաթյանը, ով ևս աշխատանքից ազատվել էր՝ ասել էր, որ եղել է թռչունների բաժնի ավագ խնամող և բազմիցս բարձրաձայնել է, որ կենդանիները սոված են, կեր չունեն:

Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանն էլ հակառակն էր պնդել ու փաստեր հրապարակել:

«Թռչունները դեկտեմբեր և հունվար ամիսներին միայն աղացած գարի են կերել, դրա համար էլ սատկել են։ Կցում ենք ապացույցները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս