«Մենք պայքարելու ենք մեր հայրենիքի պաշտպանության, արտաքին ու ներքին թշնամու կողմից օկուպացված մեր տարածքներն ազատագրելու համար». Առուշ Առուշանյան
Քիչ առաջ Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից: Դատարանի բակում նրան էին սպասում ընկերները, հարազատները, Գորիսի բնակիչները և ԶԼՄ ներկայացուցիչներ:
Իր խոսքի սկզբում Առուշանյանը ցանկացավ հստակեցում անել՝ ինքը երբեք չի ընդունել, որ քաղբանտարկյալ է, որովհետև իր պայքարը քաղաքականության համար չի:
«Մենք պայքարել ենք, պայքարում ենք և պայքարելու ենք, ներսում ու դրսում մեր հայրենիքի պաշտպանության, մեր արտաքին ու ներքին թշնամու կողմից օկուպացված տարածքները ազատագրելու համար, և մեր պայքարը շարունակվելու է՝ անկախ ամեն ինչից, որովհետև ապրելու բարոյական իրավունքն էլ չենք ունենա, եթե մոռանանք հազարամյակների ընթացքում մեր հողերի համար կյանք տված մեր հայրենակիցներին: Բայց հայրենիքը վեր է բոլորիցս ու մեր բոլոր արժեքներից, և մենք պետք է պայքարենք, բայց առաջինը ներքին թշնամու խնդիրը պետք է լուծենք, նոր՝ արտաքին»,- ասաց Առուշ Առուշանյանը:
Հարցին՝ ի՞նչ է անելու, որովհետև դատարանը նրան կարծես թե արգելել է 5 տարի ժամկետով ղեկավար պաշտոններ զբաղեցնել Տեղական ինքնակառավարման մարմիններում, Առուշանյանը պատասխանեց՝ շարունակելու է շենացնել Գորիսը:
«Որ քաղաքապետ էլ չլինեմ, էլի լեգալ քաղաքապետ եմ լինելու: Ինչպես սարքել, շենացրել ենք, նույն սկզբունքով էլ շարունակելու ենք. ոչ մի բան չի փոխվելու»,- ասաց Գորիսի ընտրված համայնքապետը:
Ըստ նրա՝ այս իշխանությունները մարդկանց միմյանց դեմ հանելով՝ մի նպատակ ունեն՝ վերացնել պայքարելու բնազդը:
«Պիտի շրջեմ, շփվեմ մարդկանց հետ, տեսնեմ՝ ինչ է փոխվել, չնայած չկա մի բան, որից տեղեկացված չլինեմ, և բոլոր հարցերին էլ քրեակատարողական հիմնարկից լուծում եմ տվել: Համոզված եմ, որ դեռ կան խնդիրներ, որոնք պիտի լուծվեն, և կլուծվեն»,- ասաց Առուշանյանը:
Անդրադառնալով իր հաղթանակին՝ Առուշանյանն ասաց՝ համայնքի ղեկավարի ընտրություններում իր տարած հաղթանակը բոլորինն է:
«Այդ հաղթանակն այնքանով էր իմը, որ ես եմ մեր ժողովրդի կյանքի որակը փոխելու պատասխանատուն: Ինչ սկզբունքներ որդեգրել ենք 2017թ., նույնն է և հիմա»,- ասաց Գորիսի համայնքապետը:
Անդրադառնալով իր դեմ ներկայացված մեղադրանքներին՝ Առուշանյանն ասաց՝ շատ լավ ճանաչում է թե՛ իր դեմ ցուցմունք տվածներին, թե՛ գիշերվա կեսին մարդկանց ահաբեկածներին:
«Այդ մարդկանց ճանաչում եմ ոչ թե այս գործով, այլ իրենց մանկությունից: Ես հասկանում եմ, որ մարդիկ որ մանկությունից գենետիկ վատ կոդ են ունենում ու տրավմաներ, հետագայում հասարակությունից, բոլորից զզվում են, ինչպես և գործող իշխանավորները, բայց մենք մեղք չունենք, որ իրենք փոքր ժամանակ և հետագայում է իրենց չեն գտել»,- ասաց Առուշ Առուշանյանը՝ հավելելով՝ ինքն այդ մարդկանց հետ խնդիր չունի, կարող է խնդիր ունենալ և կունենա նրանց հանձնարարություն տվածների հետ:
Ըստ նրա՝ բացի դրանից, այս կյանքում կա մի չգրված օրենք, որը չեն հասկանում թե՛ մեր գործող իշխանավորները, թե՛ մեր իրական թշնամին. հաղթանակն ամեն մարդու վայել բան չէ, և հաղթանակ տանողները պետք է այնքան կամք ունենան, որ կարողանան զսպվածություն դրսևորել:
«Ես 9 ամիս կալանավայրում եմ եղել: Հիմա, քանի որ դա անցյալում է, մի կարևոր բան եմ ուզում ասել: Գործող իշխանությունը և նրա ղեկավարը մի տարբերակ ուներ ինձ հաղթելու: Մինչև դատապարտվելս անընդհատ մտածում էի, թե մեկը գլխի կգցի: Գիտեի, որ չեն հասկանալու, որովհետև չեն ապրել, փողոց դուրս չեն եկել, էս մարդկանց մեջ չեն ապրել: Գիտեի, որ չեն ֆայմելու, բայց մտածում էի՝ գուցե մեկը գլխի կգցի: Խորհրդարանական ընտրություններից հետո, եթե գործող իշխանությունն ասեր՝ դե ընտրություն էր, ես հաղթեցի, դա ինձ համար կոնկրետ պարտություն կլիներ: Բայց ինձ ձերբակալեցին՝ դրանով ինձ ուժեղացնելով»,- ասաց Առուշանյանը: