Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Այսօր Սյունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը հրապարակեց Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի և Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի վերաբերյալ դատական ակտը:
Հիշեցնենք՝ 3 քրեական գործերը վերամիավորվել էին մեկ գործի մեջ: Առուշ Առուշանյանն ու Լուսինե Ավետյանն անցնում էին ենթադրյալ ընտրական հանցագործություն կատարելու գործով, Առուշ Առուշանյանին մեղսագրված էին նաև ինքնիրավչության և ծեծի հանցակազմեր:
Դատարանը ճանաչեց և հռչակեց Լուսինե Ավետյանի անմեղությունը և արդարացրեց նրան: Դատավոր Գնել Գասպարյանը նույն գործով ճանաչեց և հռչակեց նաև Առուշ Առուշանյանի անմեղությունը և արդարացրեց նրան, այն է՝ Առուշանյանը մարդկանց օգնություն չի տվել ու չի պարտադրել մասնակցել «Հայաստան» դաշինքի հանրահավաքներին կամ ընտրել այդ քաղաքական ուժը:
Դատարանն Առուշանյանին մեղավոր ճանաչեց ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և որպես պատիժ նշանակեց ՏԻՄ-երում ղեկավար պաշտոն զբաղեցնելու արգելք 5 տարով: Նա մեղավոր ճանաչվեց նաև 322-րդ հոդվածի 2-րդ մասով և տուգանվեց նվազագույն աշխատավարձի 700-ապատիկի չափով: Առուշանյանը մեղավոր ճանաչվեց նաև 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Այս մասով պատիժ սահմանվեց 1 տարի 3 ամիս ժամկետով, սակայն հաշվի առնելով արգելանքի տակ գտնվելու ժամկետը՝ վերջնական պատիժ սահմանվեց 6 ամիս 18 օր ժամկետով: Առուշանյանի նկատմամբ, սակայն, դատարանը որոշեց պատիժը չկիրառել պայմանականորեն և սահմանել փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով: Որպես խափանման միջոց կիրառվեց ստորագրությունը, և Առուշանյանն անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճից: