Չի ցանկանո՞ւմ, թե՞ չի կարողանում․ ինչո՞ւ Ռուսաստանը «չի հաջողում» Փառուխում
Վերջին օրերի իրադարձությունները, մասնավորապես՝ Ադրբեջանի սանձարձակ գործողություններն ու առանց կրակոցի Արցախում նոր տարածքներ զբաղեցնելու տակտիկան, ինչպես նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ ջոկատի առաջին կարևոր տապալված փորձությունը կարող է այս փուլում ճակատագրական դառնալ Արցախի ապագայի համար։
Ինչպես հայտնի է, նախօրեին ՌԴ ՊՆ-ն փորձեց հաղորդել, որ խաղաղապահ ջոկատին հաջողվել է ադրբեջանական ուժերին հետ ուղարկել Փառուխ բնակավայրից, ու բանակցություններն իրավիճակը կայունացնելու համար շարունակվում են։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը»,- ասված էր հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության արձագանքը չուշացավ․ ՌԴ ՊՆ հաղորդագրության «որոշ կետեր» չեն համապատասխանում իրականությանը, և ադրբեջանական բանակի դիրքերը Փառուխ գյուղում ու կից լեռնային շրջաններում «փոփոխություն չեն կրել»:
Բացի այդ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամանատարների և շտաբի պետերի հետ հանդիպմանը հանձնարարել է ցանկացած պահի պատրաստ լինել օգտագործել ժամանակակից սպառազինությունը, տեխնիկան և այլ զինատեսակները։
«ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ Նախարարը համապատասխան պաշտոնյաներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել բարձր լեռնային շրջաններում մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների նյութատեխնիկական և ինժեներական ապահովվածությանը, ինչպես նաև ուժեղացնել անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածությունը։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արձագանքելով ստեղծված իրավիճակին, ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունն անհրաժեշտ է համարում, որպեսզի բոլոր կողմերը պահպանեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին խաղաղապահների լրացուցիչ զորակազմ ուղարկելու հնարավորության մասին հարցը հարկավոր է ուղղել Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը:
«Այդ հարցը պետք է տալ մեր զինվորականներին: Նրանք շփման մեջ են հայկական և ադրբեջանական կողմերի հետ: Այժմ գլխավորը բոլոր կողմերի կողմից համապատասխան պայմանավորվածությունների պայմանների կատարման շարունակությունն ապահովելն է»,- ասել է Պեսկովը:
Այս ամենի ֆոնին ուշագրավ էր նաև ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունը, որով հայկական կողմը հաստատեց Ադրբեջանի ՊՆ պնդումը՝ վերահրապարակելով Արցախի քարտեզները ՌԴ խաղաղապահ ջոկատի պատասխանատվության գոտիների հստակեցմամբ։
Հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ԱԳՆ-ն գոհունակությամբ արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի, ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե բանակային ստորաբաժանումները ետ քաշելու կոչ է հղել ադրբեջանական կողմին, մարտի 27-ին էլ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե ադրբեջանական կողմն իր ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի հատվածից:
«Այսուհանդերձ, ստիպված ենք արձանագրել, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է, ինչն արտահայտված է կից ներկայացված քարտեզներում: Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար: Կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա, և տրվեն մի շարք հարցերի պատասխաններ»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ, որն իր դիվանագիտական բառապաշարով բավականին կոշտ է։
168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ ստեղծված իրավիճակում ՌԴ քայլերի տրամաբանությունը կամ դրա բացակայությունը բացատրելու համար պետք է մանրամասն վերլուծել հարցը, թե ինչպես է ընկալում ՌԴ-ն այս հակամարտությունը և ինչ իրավիճակում է ՌԴ-ն այսօր։ Ըստ նրա, ՌԴ իշխանական շրջանակները քաղաքականությունը մշակելիս հիմնվում են ինչ-որ ընկալումների վրա, որոնք երբեմն սխալական են։
Խրամչիխինի կարծիքով՝ ՌԴ իշխանությունը նման ընկալումներ ուներ նաև Ուկրաինայում ռազմական օպերացիա սկսելուց առաջ, և այդ համոզմունք-ընկալումները հերթով տապալվեցին։
Վերլուծաբանն ասաց, որ ՌԴ-ն Հարավային Կովկասի վերաբերյալ ևս որոշակի համոզմունքներ ունի, թե՝ տարածաշրջանում իր ներկայությունն ամուր է, հակամարտությունը, մեծ հաշվով, կարգավորված է ու վերահսկելի Ռուսաստանի համար, որ միայն ուժով ու ազդեցությամբ քաղաքական հավատարմությունը բավարար է, դրանով պայմանավորված՝ ՌԴ-ն ամեն միջադեպ չէ, որ կարող է կարևորել, դրանով իսկ սխալ հաշվարկ անելով ու հայտնվելով իրավիճակը բաց թողնելու վտանգի առջև։ Խրամչիխինի կարծիքով, սովորաբար Հայաստանում կամ մեկ այլ երկրում դժվար են հասկանում, որ ՌԴ-ն շարժվում է՝ հաշվի առնելով իր շահերն ու առաջնահերթությունները, որոնք բազմապլան են և շատ լայն։
«Ռուսաստանում վստահաբար հասկանում են, որ իրավիճակից գուցե օգտվողներ հայտնվեն, ՌԴ-ում կա վստահություն, որ այդ փորձերը ՌԴ-ի համար կառավարելի են, սակայն այս միջադեպը ցույց տվեց, որ ոչ այնքան։
Սակայն այս պահին պետք է նաև արձանագրել, որ ՌԴ-ի համար դա անցողիկ հարց է, ՌԴ-ն չի կարծում, որ Ուկրաինայի պատերազմի այս ամիսների ընթացքում իր համար արմատական իրավիճակներ փոխվեն այլ գոտիներում, ավելի կարևոր է իր ներկայությունն ընդհանուր առմամբ Ղարաբաղում և այն խոշոր աշխարհաքաղաքական խաղը, որում նա ներգրավված է Ուկրաինայում։
Ռուսաստանի համար հաղթանակն այնտեղ էական է, այն կտա շատ հարցերի պատասխաններ։ Բնականաբար, այս փուլում ՌԴ-ն այլ գոտիներում ակտիվ շարժումներ չի անելու, բնականաբար, կա գիտակցում, որ հենց այդ գոտիներում գուցե դրդեն քայլերի։ Նաև դա է ՌԴ զսպվածության պատճառը, բայց ինչպես ասացի, կա նաև իրավիճակը ողջ ծավալով և լրջությամբ չգնահատելու հանգամանք, որ իրավիճակը լիովին վերահսկելի կարող է և չլինել ՌԴ-ի համար։
Հակամարտության գոտի միայն խաղաղապահներ մտցնելը բավարար չէ, այս հակամարտությունը ցույց տվեց, որ այն բավականին պայթյունավտանգ է, և չի կարելի թերագնահատել իրավիճակը։ Բայց կա նաև ռեսուրսի խնդիր։ Ուկրաինական պատերազմը նաև հարակից այլ հանգամանքներ է ցույց տալիս ՌԴ արտաքին քաղաքականության վերաբերյալ, որ Հարավային Կովկասում ՌԴ դիրքերն այնքան էլ ամուր չեն և պատերազմի ճգնաժամային իրավիճակում դրանք վերոնշյալ ռեսուրսների բացակայության ֆոնին ավելի են թուլանում ու դառնում ենթակա մանիպուլյացիաների»,- մեկնաբանեց Խրամչիխինը։
Միաժամանակ նա կարծիք հայտնեց, որ ամենաբարձր մակարդակով միջամտության դեպքում խնդիրները տեղում կլուծվեն, սակայն ՌԴ-ն դրանք այս պահին այնքան էլ չի կարևորում։
Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ հաղորդագրությանը՝ Խրամչիխինն ասաց, որ ամեն դեպքում ՌԴ-ն իրավիճակին արձագանքելիս ելնում է իր դիրքորոշումներից, խաղաղապահ մանդատի շրջանակներից և հակամարտող կողմերի հետ հարաբերությունների բնույթից։
Խրամչիխինի խոսքով, այնպես է ստացվել, որ այսօր ՌԴ-ն հակամարտող կողմերից և ոչ մեկի հետ իրական ռազմավարական գործընկերություն չունի, ՌԴ-ում նույնիսկ նման ընկալում չկա։
«Բարդ է ասել, թե ինչ է պետք սպասել այս փուլում։ Սակայն Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակի ձևաչափը որոշակիացնելու է հետագա այն զարգացումները, որոնք կլինեն հարակից ռեգիոններում։ Բնականաբար, ամենալավ արդյունքների դեպքում ներկայիս դասավորությունը նաև Հարավային Կովկասում կպահպանվի ու կամրապնդվի, իսկ անսպասելի արդյունքների դեպքում սպասվում են փոփոխություններ»,- ասաց նա։