«Վեդիի ՏԻՄ ընտրություններին մարդկանց ակտիվ մասնակցությունը պայմանավորված էր փող բաժանելով․․․»․ Սևակ Աղաբեկյան

Վեդի խոշորացված համայնքում ընտրությունները կայացած են՝ 13139 և 9694 ձայների հարաբերակցությամբ հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Ի տարբերություն 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին, որին մասնակցել էր 20124 ընտրող, երեկ ժամը 20։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցածների թիվը 23378 է, 3242-ով ավելի։

Թե ինչո՞վ էր պայամնավորված այս ակտիվությունը, 168.am-ը փորձեց պարզել «Իմ հզոր համայնք» կուսակցության ավագանու ցուցակում ընդգրկված Սևակ Աղաբեկյանից։ Ավագանու թեկնածուն ևս շեշտեց՝ այո՛, աննախադեպ ակտիվություն է գրանցվել․

«Երեկվա ընտրություններին մարդկանց այդ ակտիվությունը մեզ համար շատ անակնկալ էր։ Ամենայն հավանականությամբ, այն պայմանավորված էր փող բաժանելով, չէին կարող միայն վարչական ռեսուրսով այդքան մարդ բերեին, սա, ինչպես ասում են՝ օդից կախված լուրերի համաձայն։ Շատ զարմանալի էր, մարդիկ կային, որ 30 տարի Վեդիում չէին բնակվում, բայց երեկ եկել էին ընտրության»։

Թեև երեկ որոշ ընտրատեղամասերի մոտ լարված իրավիճակ էր, կուտակումներ, անգամ ՔՊ-ական ավագանու թեկնածուներն էին ընտրատեղամասերի մոտ շրջում, Որցաձորի ընտրատեղամասերից մեկի մուտքի մոտ էլ ծեծկռտուք եղավ ՔՊ-ի աջակիցների մասնակցությամբ, Սևակ Աղաբեկյանն ասաց, որ այս պահին Վեդի համայնքում հանգիստ մթնոլորտ է, լարվածություն չի նկատվում։

«Նոր եմ Վեդիից դուրս եկել, նորմալ մթնոլորտ էր։ Իսկ երեկ մեծ թվով ոստիկաններ բերելով՝ վախի մթնոլորտ էին փորձում ստեղծել։ Քիչ առաջ ընտրողներից մեկն ասում էր՝ վախենալու էր այդ վիճակը։ Խոսակցություններ կան, որ ՀՀ 2 փոխոստիկանները ևս երեկ Վեդիում են եղել»։

Աղաբեկյանից նաև հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են բաշխվելու ավագանու 27 մանդատները․

«Եթե չեմ սխալվում, 16-11 հարաբերակցությամբ, 16 մանդատը՝ ՔՊ-ին, 11-ը՝ մեզ․․․ Շնորհակալ ենք մեր ընտրողներին մեզ վստահելու և իրենց քվեն մեզ տալու համար»։

Ամփոփելով զրույցը՝ Սևակ Աղաբեկյանն ընդգծեց, որ ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը 1 տարվա հաստատված ծրագիր էր ներկայացրել, որն այսօր հանրային քննարկման պետք է դրվեր, իսկ դրա իրագործումը ժամանակը ցույց կտա․

«Խոսքը սուբվենցիոն ծրագրի մասին է։ Ներկայացնում են, որ Կառավարությունն արդեն հաստատել է այդ ծրագրերը, այսօր էլ պետք է դրվեր հանրային քննարկման։ Այսօրվանից արդեն կերևա՝ աշխատո՞ւմ են, թե՞ սուտ խոստումներ են տալիս»։

Նշենք, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի ընտրողների՝ ընդհանուր թիվը Վեդի խոշորացված համայնքում 37069 է, թեև, ինչպես երեկ ամբողջ օրվա ընթացքում մասնակցության մասին նախնական տեղեկություն փոխանցելիս և այսօր հրապարակված տվյալների համաձայն՝ ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը  37015 էր, բայց քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմվել էին ընտրողների լրացուցիչ ցուցակներ, ընդհանուր թիվը՝ 54:

Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ էին անցկացվել նաև 2021 թվականի դեկտեմբերի 5-ին։ Այն ժամանակ պատկերը բոլորովին այլ էր, նախ՝ ընտրողների ընդհանուր թիվն էր պակաս՝ 37011, երկրորդ քվեարկությանը մասնակցել էր 20125 քաղաքացի, և, բացի այդ, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ստացել էր՝ 8666Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 7690 ձայն։

Ուշագրավ է, որ Գարիկ Սարգսյանի՝ Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո՝ ընդամենը 3 ամիս անց, ընտրությունների արդյունքները կտրուկ փոխվեցին։

Տեսանյութեր

Լրահոս