Բաժիններ՝

«Հետո էլ ասում են՝ խաղողագործությամբ զբաղվեք, ո՞նց զբաղվենք». Տափերականի բնակիչները հույս ունեն, որ այս տարի խաղողի մթերման խնդիր չի լինի

Մարտի 27-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունեցան ՏԻՄ արտահերթ ընտրություններ: Արարատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 5-6 կմ հարավ-արևելք Տափերական գյուղն է, որտեղ էլ այցելել էինք:

Բնակիչներին ոռոգման ջրի հիմնախնդրից, ջրահեռացման համակարգի բացակայությունից, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումից բացի, ևս մեկ կարևոր հարց էր մտահոգում՝ գուցե այս տարի հրաշք լինի ու վերջապես գյուղի 3 խաղողի վերամշակման ձեռնարկությունները, ի վերջո, առաջինն իրենց մթերքը վերցնեն, ոչ թե այլ գյուղերի բնակիչներինը, որպեսզի իրենք չմտածեն այգիները վերացնելու մասին կամ օրերով հերթ չկանգնեն այլ գյուղերում, խնդրեն, որ գոնե նվազագույն գնով մթերեն խաղողը:

«Համայնքում պտղատու և խաղողի այգիներ շատ կան, սակայն քանի որ մեծ մասը խաղողագործությամբ է զբաղվում, ամենաշատ խնդիրները խաղողի մթերման դեպքում են առաջանում: Ամենադժվարն այն է, որ խաղողը չենք կարողանում իրացնել: Պահ եկավ, որ մարդիկ ուզում էին իրենց այգիները լրիվ վերացնել: Գյուղում կա 3 գործարան՝ Վարժապետյանի, Մանասերյանի ու Գագոյի գործարանը, բայց հենց հերթը հասնում է խաղողի մթերմանը, պարզվում է՝ տեղի բնակիչները վերջին տեղում են հայտնվում:

Պատկերացնո՞ւմ եք, անցած տարի 80 դրամով ենք հանձնել խաղողը, ու այլ գյուղում: Լրիվ խայտառակություն էր: Կեսը խաղողը տարավ Արարատ գյուղ՝ նախկին Դավալու, մի քանիսը՝ Պռոշյան և այլն: Պայմանագիր էինք կապել ընկերություններից մեկի հետ, որը հետո չեղյալ համարեցին: Հետո էլ ասում են՝ խաղողագործությամբ զբաղվեք, ո՞նց զբաղվենք: Հուսանք՝ այս տարի նախորդ տարիների պատկերը չի լինի»,- 168.am-ի հետ զրույցում նշեցին Տափերականի բնակիչներից մի քանիսը:

Սա՝ գյուղի թերության մասին, իսկ դրական կողմերը, ըստ նրանց՝ ավելի շատ են:

Բնակիչները նախ սկսեցին գյուղի անվանումից. Ասացին՝ այն առաջացել է պատմական մայրաքաղաք Արտաշատի (մ.թ.ա. 2-րդ դար) Արաքս գետի վրայի Տափերական կամրջի անունից: Իրենց գյուղն անգամ անվանում են Փոքր Փարիզ: Գյուղը հիմնադրել են վանեցի 9-11 ընտանիք: Ունեն գեղեցիկ բնություն, համայնքի բնակիչները ձգտում են ուսման:

«Ուսանողական ավտոբուսը հենց մեր գյուղում է դատարկվում, իսկ դա ցուցիչ է»,- ընդգծեցին նրանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս