Դատախազություն-ԱԱԾ տանդեմի նոկաուտը՝ Գագիկ Ջհանգիրյան-Սասուն Խաչատրյան զույգին

Եվ այսպես, քրեական գործերի ավտոմատ մակագրման համակարգը կվերագործարկվի: Դատական դեպարտամենտն այսօր հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտին, տեղեկացրել է դատական գործերի համակարգչային մակագրման ծրագրի վերագործարկման թույլատրելիության և քննվող քրեական գործով դրա համար խոչընդոտների բացակայության մասին:

Իսկ սա կոնյունկտուրայի լեզվից թարգմանած՝ նշանակում է՝ հարգելի ԲԴԽ, ուզում եք՝ սպասեք Նիկոլ Փաշինյանի հրահանգներին, ուզում եք՝ հազար հրաման ստացեք, ուզում եք մի քանի օր էլ ձգել՝ ձգեք, բայց համակարգը պիտի վերագործարկվի, ու դրա համար չկա որևէ խոչընդոտ. ոչ Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) է դեմ, ոչ Գլխավոր դատախազությունը, ոչ էլ ԱԱԾ-Դատախազություն-ԲԴԽ ճանապարհին իրավական խցանում կա:

ԲԴԽ-ում լավ են հասկացել, որ դիմադրելն անիմաստ է, ԶԼՄ-ներն էլ թեման մոռացության չեն տալիս, քանի որ սա, ի վերջո, ՀՀ բոլոր քաղաքացիների շահերին է առնչվում, և որոշել են ի խորոց սրտի գոնե այս փուլի համար զենքերը վայր դնել, հատկապես, որ այդ զենքերի թվում, կացնից բացի, որևէ լուրջ զինատեսակ չկար:

«Ներկայումս «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի հեղինակ և սպասարկումն ապահովող կազմակերպության և դատական դեպարտամենտի մասնագետների կողմից կատարվում են նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ համակարգի ամբողջական շահագործումն ապահովելու համար: Մենք շահագրգիռ ենք մակագրման համակարգչային ծրագրի արագ վերագործարկման հարցում»,- ասված էր տարածված հայտարարության մեջ:

Այս հայտարարությունն ուշագրավ է այնքանով, որ դրան նախորդող օրերին՝ դատախազության կողմից ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով առգրավված՝ դատական գործերի մակագրման համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվելու մասին հայտարարության տարածումից հետո, ԲԴԽ-ն նախանձելի պարբերականությամբ հաղորդագրություններ էր տարածում այն մասին, որ բանալիները դեռ չեն ստացվել:

Դա մեզ հիշեցրեց ոչ վաղ անցյալի մի պատմություն , երբ Նիկոլ Փաշինյանի՝ իրավական գծով օգնական Աննա Վարդապետյանի վերաբերյալ գործի նյութերը, ով անձամբ էր միջամտել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի քրեական գործին ու անգամ խմբագրել մեղադրանքը, ոչ մի կերպ օրեր շարունակ չէին հասնում ԱԱԾ:

168.am-ի հետ զրույցում, սակայն, դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մարտի 18-ին ասել էր.  «Բանալիները տրամադրվել են: Ես չեմ կարող ԲԴԽ-ի հայտարարությունները մեկնաբանել»: Գոռ Աբրահամյանը նաև ասել էր՝ բանալիներն իրենց կողմից ուղարկվելու պահից սկսած՝ քրեական գործերի ավտոմատ մակագրման համակարգի գործարկման լրիվ պատասխանատվությունը ԲԴԽ-ինն է:

Իրականում մենք նախկինում էլ գրել էինք, որ համակարգի վերագործարկումն օրերի հարց է, և որքան էլ վիճակն անելանելի լինի ու ավտոմատ համակարգի գործարկումը՝ անհնարին Գագիկ Ջհանգիրյանի համար, նա այլ տարբերակ չունի, քանի որ, ամեն դեպքում, ԲԴԽ կազմում երևի թե կան մարդիկ, ովքեր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վերաբերյալ միաձայն կայացված խայտառակ որոշումից հետո դեմքը փրկելու խնդիր ունեն, և սա լավ առիթ է այդ ուղղությամբ քայլ անելու համար: Պարզ ասած՝ ԲԴԽ անդամները կամ գոնե նրանցից շատերը կպնդեին՝ համակարգը պիտի վերագործարկվի:

Միգուցե Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը տրամադրության անկում ունենա, քանի որ քրեական գործով մեղադրյալ իր ազգականի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նախկին պետ, ներկայումս Քրեակատարողական ծառայության շտաբի պետ նշանակված Արտակ Սարգսյանի հարցն է դեռ առկախված, իսկ քրեական գործերի ավտոմատ մակագրման համակարգն ամենևին լավ հեռանկար չի խոստանում: Բայց դա արդեն այլ պատմություն է:

Մի հանգամանքի վրա, այնուամենայնիվ, արժե ուշադրություն դարձնել: Այնպես չէ, որ համակարգը վերագործարկելու փաստի բոլոր դափնիները գլխավոր դատախազությանն են: 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն բավականին երկար ժամանակ աշխատել է այդ ուղղությամբ, իրենք էլ ընդունել են, որ համակարգը պիտի վերագործարկվի, շահագրգիռ են եղել հարցի լուծման առնչությամբ, և այս գործընթացի նախաձեռնությունը հենց ԱԱԾ-ինն է: Դատախազությունը պարզապես, հավանաբար պահի ու ստեղծված իրավիճակի անհրաժեշտությունից ելնելով, կամ գուցե իրավական գիտակցության մղումով՝ դեմ չի եղել:

 

Տեսանյութեր

Լրահոս