Տղա՛ ջան, հասկանո՞ւմ ես՝ ով ես դու. ամբողջ Արցախը վաճառել, հիմա եկել, խոսում են էթնիկ զտումներից. Արամ Սարգսյան

Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի մեկնարկին անդրադարձ կատարեց Ադրբեջանի վերահսկողության տարածքում գտնվող Արցախ գնացող գազատարի վրա փական տեղադրելու և կամայականորեն գազի հոսքը դադարեցնելու ու արցախահայությանը հումանիտար աղետի առաջ կանգնեցնելու հարցին։

Ըստ Փաշինյանի՝ կատարվածը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ցանկանում է Արցախն էթնիկ զտումներով և ցեղասպան քաղաքականությամբ հայերից ազատել և անհնար դարձնել արցախահայության ապրելը սեփական հայրենիքում։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, խոսելով Փաշինյանի հնչեցրած մտքերի ու ձևակերպումների մասին, նշեց՝ դրանք սկզբում լսելով՝ ցանկանում էր հաճելիորեն զարմանալ, ինչը, սակայն, տեղի չունեցավ, որովհետև այդ ձևակերպումներից հետո Փաշինյանը դիմեց միջազգային հանրությանը, հայաստանյան հասարակական ու քաղաքական կառույցներին, իսկ դա ցույց է տալիս, որ ինքը որպես ՀՀ ղեկավար՝ որևէ մեկին չի ցանկանում ո՛չ դիմել, ո՛չ որևէ մեկից որևէ բան պահանջել։

«Մինչդեռ, անհրաժեշտ է, օրինակ, գազատարի հետ կապված, դիմել ՄԱԿ-ին։ Խնդրել անձամբ Պուտինին, որ խաղաղապահ ուժերի մանդատը փոխվի, որպեսզի նրանք հնարավորություն ունենան նման իրավիճակները կանխել. չէ՞ որ նման մանդատ չունեն։ Նիկոլ Փաշինյանը դա չի անում, հետևաբար՝ նրա այսօրվա ելույթը դատարկ կրակոց էր»,-ասաց Սարգսյանը։

Նրա փոխացմամբ՝ Նիկոլ Փաշինյանը, խոսքից զատ, որևէ միջոց չի ձեռնարկում, ինչը որևէ մեկին չի պարտավորեցնում դիմել գործողությունների, և տարօրինակ է, որ միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում այն դեպքում, երբ բոլորն են տեսնում, թե ինչպես է աշխարհն առաջ շարժվում երկակի ստանդարտներով։

Սարգսյանը հիշեցնում է՝ երկակի ստանդարտների ապացույցն է այն, որ նույն Եվրոպան ո՛չ Արցախի վերջին պատերազմի, ո՛չ Աֆղանստանի, ո՛չ Իրաքում կոտորված 1 միլիոն ժողովրդի ողբերոգության, ո՛չ Լիբիայի, ո՛չ Սիրիայի դեպքում այնպես չի արձագանքել, ինչպես արձագանքում է հիմա Ուկրաինայի դեպքում։

Սարգսյանի համոզմամբ՝ Փաշինյանի՝ այսօր արած հայտարարության հիմքում չկա նաև մշակված դիվանագիտություն, ուստի նա ընդամենը նպատակ ունի ամեն կերպ պահել սեփական իշխանությունը, խոսել խաղաղության մասին՝ մոռանալով՝ կտոր-կտոր թշնամուն զիջելով՝ վերջում ավելի ենք պարտվելու։

«Տղա՛ ջան, դու ընդհանրապես հասկանո՞ւմ ես՝ ով ես դու, պետության պատասխանատուն ես, եթե հասկանում ես, ուրեմն կամ պետք է անես այն, ինչը պահպանում է պետությունը, կամ հեռանաս,- ասաց Սարգսյանը՝ շարունակելով,- Ամբողջ Արցախն էին վաճառել, պիտի հանձնեին, նոյեմբերի 7-ին Ստեփանակերտը հայաթափվում էր, իսկ հիմա ասում է՝ էթնիկ զտումներ. բա եթե դա գիտես, ինչպե՞ս ես պատկերացնում, որ Արցախն Ադրբեջանի կազմում կարող է լինել»,- ընդգծեց Սարգսյանը՝ կոչ անելով դիմել գործողությունների՝ ինքներս մեզ պաշտպանելու համար, ինչին էլ, ըստ նրա, կոչված է «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունը, որին միացել են Հայաստանից, Արցախից և սփյուռքից տասնյակ հայտնի դեմքեր։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս