Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է, բայց դա ամենամեծ մարտահրավերը չէ. Փաշինյան
«Մենք գիտենք, որ Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է: Բայց պիտի իմանանք, որ ամբողջ աշխարհը գտնվում է նույն վիճակում, և գնաճի աննախադեպ բարձր փուլում է աշխարհը, և դրա պատճառները կարող եք իմանալ, տեսնել ցանկացած պահի՝ նորությունների ալիքների բովանդակությանը ծանոթանալով: Եվ Հայաստանը այս իմաստով դեռ մի բան էլ լավ վիճակում է՝ շատ ու շատ երկրների համեմատ:
Իսկ թե այս առումով ինչպիսին է կառավարության քաղաքականությունը, երևաց 2019 թվականին, երբ ամբողջ աշխարհում հատկապես սննդամթերքի գներն աճում էին, իսկ Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից էր, որտեղ հակառակն էր տեղի ունենում՝ սննդամթերքի գնանկում»,- Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև պարզաբանեց գրանցած այս արդյունքի հիմքերը՝ վստահեցնելով, որ վերացրել են արհեստական մենաշնորհները:
«Հայաստանն այսօր ներմուծումների և արտահանումների իմաստով ազատ երկիր է, և ձեռնարկված միջոցների արդյունքում մի շարք կարևոր ապրանքների գներ Հայաստանում չեն բարձրանում, ըստ էության՝ չեն բարձրանա, որոշ դեպքերում ունենք էժանացումներ: Հույս ունեմ՝ առաջիկայում այլ ապրանքների էժանացումներ նույնպես կունենանք»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ սոցիալական խնդիրները մեղմող քաղաքականությունն իրականացնում են այնքանով, որքանով թույլ է տալիս երկրի բյուջեն, որը ձևավորվում է հարկերի հաշվին:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այս առումով ևս ունեն դրական ցուցանիշներ. «Իսկ թե մենք ինչպես ենք հավաքագրում հարկերը, ցույց են տալիս 2021՝ մեզ համար ամենաճգնաժամային թվականի տվյալները, երբ պետական բյուջեի հարկային եկամուտները ծրագրվածի նկատմամբ գերազանցվել են շուրջ 147 միլիարդ դրամով: Իսկ եթե հաշվի առնենք առանց օրենսդրական փոփոխությունների ստացած հավելյալ եկամուտները՝ շուրջ 110 միլիարդ դրամով: Ընդհանրապես, 2018 թվականից հետո մեր բյուջեի հարկային եկամուտներն աճել են շուրջ 35 տոկոսով, ինչպես խոստացել էի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ընթացքում:
Իհարկե, կան շահարկումներ և երբեմն քննադատություններ այն մասին, որ մենք բարձրացնում ենք իրավապահ մարմինների աշխատողների աշխատավարձերը և բավարար չափով չենք բարձրացնում ու դեռ չենք բարձրացնում կենսաթոշակներ: Այո, բայց պետք է հաշվի առնել երկու բան: Նախ՝ մի բան է՝ բարձրացնել 500 հոգու, 5000 հոգու, նույնիսկ 20․000 հոգու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան՝ բարձրացնել 550․000 հոգու թոշակը, կամ 600․000 հոգու աշխատավարձը: Դրանք բացարձակ տարբեր բյուջետային ծախսեր են, ընդ որում՝ այդ ծախսերը մեկանգամյա չեն, դրանք պետք է ընդմիշտ իրականացվեն: Եվ մենք, իհարկե, ամեն հնարավորը անում ենք նախընտրական մեր խոստումները և, նախընտրականը նույնիսկ կապ չունի, կենսական անհրաժեշտ որոշումներն օր առաջ կյանքի կոչելու համար:
Մյուս կողմից՝ իրավապահ, դատական համակարգում աշխատավարձեր բարձրացնում ենք առաջին հերթին՝ հանուն շարքային քաղաքացու, որովհետև իրավապահները հենց այս մարդկանց ճակատագրի և իրավունքների հետ են առնչություն ունենում, և հետո՝ այդ համակարգերի աշխատանքի որակից է կախված նաև երկրի տնտեսության, ընդհանրապես իրավունքի, օրենքի և օրինականության վիճակը:
Ամեն դեպքում, սիրելի հայրենակիցներ, պիտի իմանաք աներկբա, որ ինչպես նախկինում, այսօր առավելևս՝ ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, ձեր բոլոր կարիքները մեր մտքում են, ձեր բոլոր երազանքները մեր հոգում են»:
Անդրադառնալով տնտեսության լավատեսական նորություններին՝ վարչապետն արձանագրեց, որ տնտեսական ակտիվությունը պահպանելու լավ հիմքեր ունենք, ապա կրկին հիշեցրեց ՀԴՄ-ների մասին, որոնցով կատարված գործարքների թիվը, մարտի առաջին 20 օրվա տվյալներով, նախորդ տարվա մարտի առաջին 20 օրվա համեմատ՝ ավելացել է շուրջ 510 հազար հատ գործարքով:
«Սա, իհարկե, ֆունդամենտալ ցուցանիշ չէ, բայց որոշակի դրական ազդակ է, որը կապված է այն բանի հետ, որ 2022 թվականին մարդկանց մեծ ներհոսք ունենք դեպի Հայաստանի Հանրապետություն, և սա բավական լավ տնտեսական էֆեկտներ է ստեղծելու»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Ի դեպ, ըստ նրա, փետրվար ամսին գրանցված աշխատատեղերի՝ փետրվար ամսի համար բացարձակ ռեկորդ է սահմանվել՝ 646 077, որը 2021 թվականի համեմատ՝ ավելի է 10.3 տոկոսով, իսկ 2019 թվականի նկատմամբ՝ 12.7 տոկոսով: Նույն պատկերն է նաև միջին աշխատավարձի առումով:
Գործադիրի ղեկավարի համոզմամբ, սակայն, սոցիալ-տնտեսական վիճակը Հայաստանի առաջ կանգնած ամենամեծ մարտահրավերը չէ.
«Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում աշխարհում: Այն, ինչ կատարվում է աշխարհում, մեկնարկեց մեզ հետ տեղի ունեցածով, և այսօր տեղի ունեցողն էլ ուղիղ անդրադառնում է և անդրադառնալու է մեզ վրա:
Մենք գտնվում ենք Երրորդ Հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում, մի կետ, որի վրա Հայոց պետականությունը ճշգրտորեն գտնվել է ոչ մեկ անգամ: Եվ որպեսզի մենք կարողանանք պատմական այդ նույն կետից հասնել մեզ համար ցանկալի հանգուցալուծման, մեզ հարկավոր է աննախադեպ ճկունություն, լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակ: Մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձևեր: Ու մենք պիտի այս փոթորկված աշխարհաքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը, մեր նավակը հասցնենք խաղաղ հանգրվանի: Եվ համոզված եմ՝ մենք դա կանենք, և դա, թերևս, մեր պատմական առաքելությունն է»: