ՌԴ-ի թիկունքում այլընտրանքի փնտրտո՞ւք, թե՞ նոր լծակների ձեռքբերում. ՀՀ իշխանությունները տաք են պահում արևմտյան գիծը

ՀՀ իշխանությունները շարունակում են ակտիվ շփումներն արևմտյան ուղղությամբ: Փաշինյան-Բլինքեն, Փաշինյան-Թրյուդո, Փաշինյան-Մակրոն, Միրզոյան-Լը Դրիան հեռախոսազրույցներից, վերջերս Թուրքիա կատարած այցից, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբին դիմելուց հետո ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցեր կատարեց Ֆրանսիա ու Բրյուսել: Ռուսաստան-ԱՄՆ-ՆԱՏՕ-Եվրոպա կոնֆլիկտային հարաբերությունների ֆոնին հատկապես ուշագրավ էր մարտի 17-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանայի հետ։

ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝

  • ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության զարգացման արդյունավետ գործիք է որակվել և կարևորվել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը։
  • Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների` միջազգային խաղաղապահ առաքելություններին ունեցած մասնակցությանը և միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդման գործում Հայաստանի ներդրմանը:
  • Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, քաղաքացիական բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումների գործադրման փաստերը։
  • Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Արտգործնախարարությունը նաև հայտնել էր, որ նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը Հյուսիսատլանտյան խորհրդում հանդես էր եկել ելույթով, որտեղ անդրադարձել էր անցած 30 տարիների ընթացքում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, 2020թ․ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետևանքներին, հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների մուտքի հարցերին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին ու հնարավորություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առանց նախապայմանների բանակցություններին, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի: Իր հերթին՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 21-22-ը ներառյալ գտնվելու է Բեռլինում և հանդիպելու կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ: Այցի շրջանակում ԱԽ քարտուղարը մի շարք այլ աշխատանքային հանդիպումներ կունենա:

Հատկանշական է, որ մարտի 21-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

168.am-ի հետ զրույցում ՌԴ ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի խոսքով՝ ծիծաղելի կլիներ, եթե ուկրաինական զարգացումներից հետո Հայաստանը սկսեր Ռուսաստանին այլընտրանքներ փնտրել:

«Եթե ամերիկացիները լքեցին Ուկրաինան, իսկ ներկայումս Ուկրաինայի հետ տեղի ունեցողը դա է վկայում, մի կողմ դրեք պրոպագանդան և փորձեք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, դա վերլուծելով՝ կհասկանաք, որ Արևմուտքը չի «պայքարելու» Հայաստանի և հայերի համար: Սա Հայաստանում պետք է որ շատ լավ հասկանան ու դա պետք է որ հասկացած լինեին պատերազմի ընթացքում և դրանից հետո: Պարզապես Ուկրաինան Արևմուտքի համար Ռուսաստանի դեմ քաղաքականության հարցում այլ պատառ է, հենց այդ պատճառով կա միմիայն մեծ ուշադրություն Ուկրաինայի նկատմամբ, որ Ուկրաինան հնարավորինս երկար պայքարի ու իբրև թե փորձի մաշեցնել Ռուսաստանին»,- ասաց նա:

Իսկ ՀՀ իշխանությունները, նրա խոսքով, վախենում են հայտնվել երկու կրակների արանքում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների:

«Այս հանդիպումները ցույց են տալիս Հայաստանի պատրաստակամությունը՝ համագործակցել նաև Արևմուտքի հետ, որ Հայաստանը լինելով ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ՝ պատրաստ է շարունակել երկխոսությունը ՆԱՏՕ-ի հետ: Նման հանդիպումների մոտիվներից է նաև այն, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ ռազմավարական դաշնակցության հուշագիր ստորագրեց, հատկապես, երբ Հայաստանում կա կարծիք, որ ՌԴ-ն բավարար չափով չի միջամտում, չի աջակցում իր դաշնակցին, ապա այս քայլով կարծես Հայաստանը փնտրում է Ադրբեջանի նկատմամբ հավելյալ լծակներ: Մեկ այլ մոտիվ էլ Ադրբեջանի համագործակցության մակարդակն է ՆԱՏՕ-ի հետ»,- նման կարծիք հայտնեց ռազմական վերլուծաբանը՝ ակնարկելով, որ Հայաստանն ընտրության մեծ հնարավորություններ չունի, ուստի  փորձում է պարզապես աշխարհաքաղաքական առճակատմանը «զոհ» չգնալ:

Վլադիմիր Եվսեևը կրկնեց, որ ներկայումս Հայաստանի և Ռուսաստանի համար ՀՀ-ի ցանկալի դիրքորոշումը չեզոքությունն է:

«Մենք չենք կարող, չէ՞, թաքցնել, որ Ուկրաինայի տարածքում խրախուսվում էր ֆաշիզմը, և այն, ինչ տեղի էր ունենում այս տարիների ընթացքում Դոնբասում ռուս հասարակության հետ, ցեղասպանության դրսևորում էր, ինչը եղել է հայերի հետ: Ուստի, եթե այս բոլոր հանդիպումները չունենան հակառուսական ուղղվածություն, եթե ռուսական կողմն այս հանդիպումների արդյունքների մասին տեղեկացվի համապատասխան խողովակներով, եթե լինի դիրքորոշումների համաձայնեցում, ապա այդ դեպքում, կարծում եմ, խնդիրներ չպետք է որ առաջանան: Իսկ եթե Հայաստանը փորձի Ռուսաստանի թիկունքում պայմանավորվել Արևմուտքի հետ, ապա Ռուսաստանը հետևություններ կանի այդ ամենից: Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը Ռուսաստանի թիկունքում չպայմանավորվի Արևմուտքի հետ: Ես չեմ կարող պնդել՝ այս ամենը տեղի՞ է ունենում Ռուսաստանի թիկունքում, թե՞ ոչ, սակայն ակնհայտ է, որ Արևմուտքը չի աջակցելու, չի պայքարելու Հայաստանի համար, և անկախ դժգոհություններից՝ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է»,- ասաց նա:

Ալեքսանդր Խրամչիխինը ևս գտնում է, որ Հայաստանը չի ցանկանում հարաբերությունների վատթարացում Արևմուտքի հետ մի իրավիճակում, երբ Ռուսաստանը բավականին մեծ խնդիրներ ունի Ուկրաինայում և Արևմուտքի հետ հարաբերություններում:

«Դրա հետ մեկտեղ՝ Հայաստանի խնդիրները լուծված չեն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, և Հայաստանում երևի թե մտավախություններ կան: Ես չեմ կարծում, որ սրանք այն հանդիպումներն են, որոնք որակապես փոխելու են այդ հարաբերությունները, սակայն նման մակարդակի շփումները նման բարդ փուլում կարող են մեղմել այն հնարավոր արձագանքները, ինչ կարող էին լինել Հայաստանի հանդեպ՝ առանց այս ամենի: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Ռուսաստանը, կարծում եմ, այս փուլում պահպանելով իր շփումները ռեգիոնում, ի վիճակի չէ խորությամբ մոտենալ այս բոլոր հարցերին, քանի որ չունի ժամանակ, ռեսուրս: ՌԴ-ն այս պահին դրանց, կարծում եմ, մեծ նշանակություն չի տալու, հատկապես, երբ պահպանում է շփումները ՀՀ իշխանությունների, և ընթանում են բարձրաստիճան այցի նախապատրաստական աշխատանքներ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս