ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի մասին
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Եղեգնաձորի մասնաճյուղը փակելու առաջարկ է քննարկվում։ Նախարարության և համալսարանի փաստարկն այն է, որ բուհն ունի փոքր թվով ուսանողներ։ Ըստ շրջանառվող տվյալների՝ մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման համակարգերում ներկայում սովորում է շուրջ 250 ուսանող։ Մյուս կողմը պնդում է, որ Վայոց ձորի միակ բուհը փակելով՝ ուսանողներին զրկում ենք սեփական մարզում սովորելու, մարզում մնալու հնարավորությունից։ Սա այն դեպքն է, երբ երկու կողմերի փաստարկներն էլ ծանրակշիռ են։ Փորձենք հասկանալ խնդիրը։
Վայոց ձորը Հայաստանի ամենակրթական մարզերից մեկն է։ Թեև օլիմպիադաներում այս մարզի աշակերտները չեն փայլում, բայց փաստ է, որ մարզն ունի շատ լավ կրթական ներուժ։ Մարզի ուսանողները աչքի են ընկնում բարձր ինտելեկտով, կրթվածության և դաստիարակվածության բարձր մակարդակով։ Սակայն այս մարզը մշտապես տուժում է, անտեսվում է բնակչության փոքր քանակի պատճառով։ Վայոց ձորի աշակերտների թիվը շուրջ 6500 է։ Համեմատության համար նշեմ, որ մյուս փոքր մարզերը՝ Տավուշը և Սյունիքը, ունեն շուրջ 18 հազար աշակերտ։
Ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալների, 2021թ.-ին Վայոց ձորից Հայաստանի բուհեր դիմել է ընդամենը 244 հոգի, որոնցից ընդունվել են 167-ը։ Դիմորդներից միայն 25-ն են դիմել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ, որոնցից ընդունվել է 13-ը։ Մասնաճյուղին հատկացվել է 3 անվճար, 57 վճարովի տեղ։ Այսինքն՝ 60 տեղից 47-ը մնացել է թափուր։ Վայոց ձորի մարզից ավելի շատ դիմորդներ ունեցել են ԵՊՀ-ն (46 դիմորդ), Բրյուսովի անվան համալսարանը (32 դիմորդ) և Ճարտարապետաշինարարական համալսարանը (26 դիմորդ)։ ՀՊՏՀ-ի Երևանի մայր բուհ դիմել է 12 հոգի։ Թեև Վայոց ձորը գյուղատնտեսական մեծ ներուժ ունի, բայց ընդամենը 5 հոգի է դիմել Ագրարային համալսարան, որոնցից ընդունվել են միայն 2-ը։ Իհարկե, այս վիճակագրությունը չի ներառում հեռակա համակարգով սովորողների թիվը։
Այս պատկերը համոզիչ կերպով ցույց է տալիս, որ ՀՊՏՀ-ի ուսանողների թիվը շատ փոքր է։ Հասկանալի է նաև, որ պետական բյուջեից ամենաքիչ ֆինանսավորում ստացող և հիմնականում ուսանողների վարձավճարներից սնվող բուհերից մեկի՝ ՀՊՏՀ-ի համար շատ դժվար է պահել ուսանողների նման քիչ թիվ ունեցող մասնաճյուղ։ Չմոռանանք, որ բուհը մեկ մասնաճյուղ էլ ունի Գյումրիում, որտեղ նույնպես ուսանողների թիվը շատ մեծ չէ։ Այս տարի Գյումրու մասնաճյուղ առկա ուսուցման առկա համակարգով ընդունվել է 97 հոգի։ Ի դեպ, 5-6 տարի առաջ քննարկվում էր ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը Շիրակի պետական համալսարանին միացնելու հարցը։ Բայց մեծ աղմուկ բարձրացավ, և նախարարությունը հետ կանգնեց իր մտադրությունից։
Նման խնդիրների առաջացման պատճառն այն է, որ Հայաստանը չունի հստակ քաղաքականություն բարձրագույն կրթության ոլորտում։ Տարիներ շարունակ խոսվում է բուհերի միացման, խոշորացման մասին։ Բայց այդպես էլ ոչինչ արվում։
Արդյո՞ք պետք է պահել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը։ Եթե նայում ենք ընդհանուր տրամաբանության տեսանկյունից, ապա այո, այդ մասնաճյուղը պետք է շարունակի գործել։ Ինչո՞ւ։ Հայաստանի բոլոր հեռավոր մարզերում գործում է առնվազն 1 բուհ։ Պետական բուհեր կամ դրանց մասնաճյուղեր չկան միայն երևանամերձ մարզերում՝ Արարատ, Արմավիր, Կոտայք, Արագածոտն։ Այս տրամաբանությամբ անարդար կլինի Վայոց ձորի հանդեպ ցուցաբերել խտրական վերաբերմունք միայն այն պատճառով, որ այն ունի բնակչության փոքր թիվ։ Հայաստանում բազմաթիվ ընտանիքներ սոցիալական ծանր իրավիճակում են։ Նման ընտանիքներն ի վիճակի չեն ուսանող պահել Երևանում կամ այլ մարզերի խոշոր քաղաքներում։ Բացի ուսման վարձից, ընտանիքը պետք է ամսական նվազագույնը 150-200 հազար դրամ ծախսի ուսանողի կացության ծախսերը հոգալու համար։ Նման դեպքերում մարզային բուհի առկայությունը պարզապես փրկություն է։ Բացի այդ, մասնաճյուղի առկայությունն աշխատատեղեր է ստեղծում մարզկենտրոնում ապրող ինտելեկտուալների համար։
Ընդհանուր առմամբ, մարզային բուհերը շատ մեծ դեր են կատարում անապահով խավերի համար բարձրագույն կրթությունը հասանելի դարձնելու, ինտելեկտուալ մարդկանց մարզում պահելու տեսանկյունից։
Բայց կա նաև հարցի մյուս կողմը՝ որակը։ Արդյո՞ք մենք կարողանում ենք ապահովել որակյալ կրթություն մարզային բուհերում։ Հասկանալի է, որ երևանյան շատ բուհերում էլ վիճակը բարվոք չէ։ Բայց մենք ի՞նչ ենք ուզում։ Ուզո՞ւմ ենք ունենալ շատ բուհեր, որոնք աշխատատեղեր են ստեղծում, բարձրագույն կրթությունը դարձնում են հասանելի, բայց տալիս են ոչ մրցունակ շրջանավարտներ։ Թե՞ ուզում ենք ունենալ ավելի քիչ բուհեր, որոնք տալիս են որակյալ կրթություն, մրցունակ շրջանավարտներ։ Այս դեպքում դպրոցի շրջանավարտների մի զգալի մասին ուղղորդում ենք միջին մասնագիտական հաստատություններ։ Բայց այս դեպքում մարզկենտրոններում կրճատվում են ինտելեկտուալ աշխատատեղեր, անապահով ընտանիքների որոշ տաղանդավոր երեխաներ զրկվում են բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից։ Ես ճանաչում եմ այդպիսի տասնյակ ուսանողների, որոնց ընտանեկան պայմանները թույլ չեն տալիս Երևանում սովորել։
Եղեգնաձորի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ մենք Հայաստանի բուհական կրթությունը հանձնեցինք շուկայական հարաբերությունների երախը։ Հենց այդ տրամաբանությամբ Հայաստանում բացվեցին բազմաթիվ բուհեր, մասնաճյուղեր։ Եվ հենց այդ տրամաբանությամբ էլ այդ բուհերի մի մասն այսօր շահավետ չեն։ Քանի դեռ մենք չունենք հստակ քաղաքականություն բուհերի խոշորացման հարցում, կառավարությունը պետք է հնարավորություն տա Եղեգնաձորի մասնաճյուղին շարունակելու իր գործունեությունը։ Գուցե պետք է ավելացնել անվճար տեղերի թիվը, բարերարներին խնդրել աջակցել բուհին։ Եթե բոլոր հեռավոր մարզերում կան բուհեր, ապա Վայոց ձորում էլ պիտի լինի գոնե 1 մասնաճյուղ։
Իսկ ապագայում կարելի է խոշորացնել բուհերը, անվճարունակ ուսանողների համար ապահովել ոչ միայն անվճար կրթություն, այլև հոգալ նրանց կացության ծախսերը։ Իսկ մարզերում պետք է ուժեղացնել միջին մասնագիտական հաստատությունները՝ դրանք համապատասխանեցնելով մարզի տնտեսության կարիքներին։
Քանի դեռ մենք չենք աջակցում անապահով ուսանողներին, պետք է բուհական կրթությունը հասանելի դարձնենք բոլոր հեռավոր մարզկենտրոններում։ Որպեսզի կրթությունը լուծի որակի խնդիր, այլ ոչ թե սոցիալական (մարդկանց աշխատանքով ապահովելու) խնդիր, մենք պետք է լուրջ ներդրումներ անենք կրթության ոլորտում։