Մոսկվան կտրուկ դեմ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբին. վերլուծաբան
«Երևանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին դիմելու որոշմանը, Մոսկվան որպես բնականոն քայլ պետք է վերաբերվի: Կարծում եմ՝ կտրուկ բացասական դիրքորոշում չկա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերականգնման հնարավորություններին և դրա վերաբերյալ աշխարհաքաղաքական տրամադրություններին:
Մալաշենկոն նախ արձանագրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ֆորմալ առումով չի գործում, սակայն միջնորդ բոլոր երկրները, որպես այդպիսին, պահպանել են իրենց միջնորդական դերը, խոսքը Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի մասին է, և չեն հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբից:
Ըստ նրա՝ պատահական չէ, որ Մինսկի խմբի էջը չի փակվել, թեև այն իր գործունեության ողջ ընթացքում ոչ միշտ է արդարացրել կողմերի սպասումները, սակայն եղել է միակ միջազգայնորեն ընդունելի, վստահելի ձևաչափը բանակցային գործընթացի համար:
«Այդ ձևաչափը մշտապես նաև յուրօրինակ հարթակ է եղել Ռուսաստան-Արևմուտք դիվանագիտական ինչ–որ մակարդակում շփում պահպանելու համար, ինչը հիմա շատ ավելի բարդ է թվում, սակայն ոչ, թերևս, անհնար:
Ինչ վերաբերում է ՌԴ վերաբերմունքին, Ռուսաստանը պատերազմից հետո հաստատել է իր մենաշնորհային դիրքը՝ որպես միջնորդ, ավելի պակաս նշանակություն տալով ԵԱՀԿ Մինսկի խմբին, համարելով, որ այդ հարթակը չի կարողացել կատարել իր առջև դրված խնդիրը, սակայն հասկանալով նաև Արևմուտքի ներկայության վերականգնման որոշակի հեռանկարները, երբևէ նաև չի բացառել բանակցությունների վերսկսման հնարավորությունն այդ ֆորմատով: Ու կարծում եմ՝ այս հարցով կա թեկուզ լուռ համաձայնեցում ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև: Այստեղ էական հանգամանքն այն է, որ Ռուսաստանն այնպիսի ներգրավվածություն ունի ուկրաինական խնդրում, և Արևմուտքի հետ այնպիսի լարված հարաբերություններ են, մեծ խնդիրներ, որ Ռուսաստանը չէր ցանկանա միանշանակ ո՛չ դիվանագիտական, ո՛չ ռազմական էսկալացիա տարածաշրջանում ո՛չ երկկողմ, ո՛չ բազմակողմ հարթակներում: Ուստի հասկանալով նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերականգնման համար դեռ մի շարք փուլեր են հարկավոր, որոնց արդյունքում ևս վստահ ասել, որ այն կսկսի գործել, չենք կարող, Ռուսաստանը հատկապես այս փուլում դրան նորմալ է արձագանքում»,- ասաց Մալաշենկոն:
Նրա կարծիքով, եթե այս փուլում հնարավոր լիներ աշխատեցնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ապա դա ամեն դեպքում ռուսական քաղաքականությանը չէր խոչընդոտի, այլ գուցե ստեղծեր հակամարտության գոտում կայունություն, մինչ Ռուսաստանը թոթափի իր ռազմաքաղաքական ծանրաբեռնվածությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերականգնման համար վերլուծաբանը տեսնում է, այնուամենայնիվ, մի շարք խոչընդոտներ, որոնցից գլխավորն Ադրբեջանի դիրքորոշումն է և ԼՂ կարգավիճակի հարցի մերժումը:
«Ներկայումս մի շարք հարցեր կան ԼՂ հակամարտության հարցում Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի համար, Ռուսաստանն ունի խաղաղապահ կոնտինգենտ, Ադրբեջանը դրան համաձայնել է, բայց հաշտ չէ այդ հանգամանքի հետ, իսկ ՀՀ-ն թույլ նշաններ է ցույց տալիս, թե ցանկանում է կարգավիճակի հարց քննարկել, թե ինչ կարգավիճակի, դեռ լիովին հասկանալի չէ: Ինչ-որ դասավորության շահերի ու տվյալ պահին ունեցած քաղաքական խնդիրների համադրման պարագայում ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը կարող է օգտակար դիտարկվել, այդ թվում՝ Ռուսաստանի համար: Սակայն այս պահին ՌԴ-ն դեմ չէ այդ նախաձեռնությանը, բայց հասկանում է, որ ժամանակ է հարկավոր, որը նաև ՌԴ-ին է հարկավոր, սակայն գուցե Արևմուտքը փորձի արագացնել գործընթացները: Կարծում եմ՝ ամեն դեպքում ՌԴ-ում ցանկացած սցենարի պատրաստ են, հատկապես, երբ ՌԴ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է, որը կարող էր մասնակցել Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին՝ զուգահեռաբար վարելով բանակցություններ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման-սահմանագծման ու տարածաշրջանային կապուղիների շուրջ: Պարզապես գլխավոր հարցն այն է, թե կհաջողվի՞ այդ հարթակը վերականգնել, թե՞ ոչ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր պաշտոնական Մոսկվան ողջունել է Բաքվի և Երևանի պատրաստակամությունը՝ սկսել խաղաղ պայմանագրի նախապատրաստումը, և պատրաստակամություն հայտնել օժանդակել բանակցային գործընթացին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի նախապատրաստումը սկսելու՝ Բաքվի և Երևանի պատրաստակամությունը և վերահաստատում ենք բանակցային գործընթացին ըստ ամենայնի օժանդակելու մեր տրամադրվածությունը»,- ասել է Զախարովան։
Միաժամանակ՝ նա ընդգծել է, որ առայժմ վաղ է խոսել խաղաղ պայմանագրի ստորագրման ժամկետների մասին։