Անկարան խաղի նոր կանոններ է թելադրում Երևանին
Թուրքիան հետպատերազմյան տարածաշրջանային գործընթացներում հավակնում է գլխավոր միջնորդի դերին: Չնայած ռուս-արևմտյան սուր լարվածության փուլում Թուրքիայի բարձրագույն իշխանությունները ցանկանում են միջնորդի, կամրջի դեր ստանձնել Ռուսաստանի-Ուկրաինայի-ՆԱՏՕ-ԱՄՆ-ի միջև, Թուրքիայի արտաքին քաղաքականությունն իրականացնողները նաև գտնում են, որ ո՛չ հայ-թուրքական նորմալացման գործընթացին են հարկավոր արտաքին միջնորդներ, այս դեպքում՝ Ռուսաստանը, ո՛չ էլ Երևան-Բաքու Խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացին, այս դեպքում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը կամ Ռուսաստանը:
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն առաջին անգամ հանդիպեց ՀՀ ԱԳ Նախարար Արարատ Միրզոյանի հետ, ով, թերևս, այնքան գոհ էր հանդիպման արդյունքներից, որ թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում անհասկանալի տվյալներ էր ներկայացրել ՀՀ բնակչության անունից՝ պնդելով, թե Հայաստանում ցանկանում են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում այն դեպքում, երբ ՀՀ բնակչությունը, ըստ հեղինակավոր վերջին հարցումների արդյունքների, Թուրքիան Հայաստանի համար դիտարկում է՝ որպես գլխավոր սպառնալիք:
Չավուշօղլուն դիվանագիտական ֆորումի շրջանակում խոսել էր տարածաշրջանում հետպատերազմյան կարգավորման գործընթացներից: Նա հայտարարել էր, թե Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը միջնորդի կարիք չունի։ Թուրքիայի ԱԳ նախարարը շեշտել էր, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին Ադրբեջանն այս ֆորմատով աջակցում է։
Նա նաև պարզաբանել էր, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված ցանկացած քայլի։
Սակայն թուրքական կողմը գտնում է նաև, որ խաղաղ պայմանագրի կնքման շուրջ ՀՀ և Ադրբեջանի բանակցություններում 3-րդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չկա: «Իմ կարծիքով՝ Ադրբեջանի և ՀՀ բանակցություններում 3-րդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չպետք է լինի»,- Անթալիայում դիվանագիտական համաժողովի ավարտին կայացած ասուլիսում ասել է նա։ «Պատերազմ է եղել, օկուպացիա է եղել, բայց ամեն ինչ ավարտվել է։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և միասին քննարկեն»,- ասել է նա։
Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ Չավուշօղլուն սա հայտարարել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է Խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ 5 կետանոց շրջանակը՝ պայմանները, իսկ ՀՀ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու խնդրանքով:
Ռուսաստանցի թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին «168 Ժամ»-ի հետ զրույցում ասաց, որ Թուրքիայի ուղերձները՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ռուսաստանի ու հնարավոր բոլոր միջնորդների համար են, որոնք կարող են լինել, օրինակ, Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացում, խոսքը և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի, և՛ Ֆրանսիայի ու ԵՄ-ի մասին է:
Ըստ նրա, օգտվելով Ռուսաստանի շուրջ ստեղծված իրավիճակից և աչքի չընկնելով հակառուսական քաղաքականությամբ, մի ոլորտում փորձելով աշխարհաքաղաքական ծառայություններ մատուցելու պատրանք ստեղծել, այնուամենայնիվ Թուրքիան փորձում է տարածաշրջանային բոլոր կարգավորման գործընթացների նկատմամբ մենաշնորհային միջնորդի դերակատարություն ստանձնել, զուգահեռաբար դրա համար ստանալով Արևմուտքի հավանությունը, քանի որ Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններն իրենց, թերևս, ամենավատ փուլում են:
«Թուրքիան աննախադեպ ճկունություն է ցուցաբերում՝ Արևմուտքի, Ռուսաստանի, Ուկրաինայի և հարավկովկասյան երկրների հետ հարաբերություններում խփելով նշանակետերին, բոլորի հետ աշխատեցնելով հարաբերությունների տարբեր սխեմաներ, սակայն դա ռուսամետ քաղաքականություն չէ: Մոսկվայում տեղի են ունենում Չավուշօղլու-Լավրով բանակցություններն ուկրաինական հակամարտության շուրջ, կողմերը բացեիբաց արձանագրեցին, որ ունեն միմյանց հակասող դիրքորոշումներ, սակայն նաև կամք՝ երկխոսությունը շարունակելու համար:
Թուրքիայի և Ադրբեջանի այս միջնորդական ջանքերը՝ համեմված Ուկրաինային աջակցության գործողություններով, արժանանում է ԱՄՆ-ի հավանությանը, և դա Թուրքիայի համար կարևոր է, քանի որ թուրք-ամերիկյան հարաբերություններում Բայդենի վարչակազմի օրոք բավականին շատ խնդիրներ կային, ուստի ներկայումս Թուրքիան խնդիր ունի իրեն դիրքավորելու այս ճգնաժամային փուլում՝ որպես միջնորդ, թեև և՛ Ռուսաստանում, և՛ Արևմուտքում հասկանում են, որ Թուրքիան ևս պետք է հստակ ընտրություն կատարի, և «խաղերը» երկար չեն հանդուրժելու:
Սակայն այս պահին Հարավային Կովկասն ավելի երկրորդական ճակատ է, որից ևս Թուրքիան փորձում է օգտվել՝ հակասելով ամիսներ առաջ իր իսկ նախանշած քաղաքականությանը: Տարածաշրջանային համագործակցության հնգակողմ հարթակը թուրք-ադրբեջանական նախաձեռնություն էր, փաստորեն, օգտվելով ստեղծված իրավիճակից՝ փորձում է գործընթացների նկատմամբ լիարժեք վերահսկողություն սահմանել: Եվ ամենահետաքրքրականն այն է, որ բոլոր գործընթացները Թուրքիան և Ադրբեջանը վարում են համագործակցության, համաձայնեցված սկզբունքով, գրեթե միասին, սակայն ցանկանում են Հայաստանին տեսնել միայնակ: Սրա մասին Հայաստանում, իհարկե, պետք է մտածեն»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:
Ըստ նրա՝ Ռուսաստանի համար այս ամենը ներկայումս խնդիր չի դիտարկվում, քանի որ Ռուսաստանն իր առջև մեծ խնդիրներ է դրել, որից կախված է այն, թե հետո նույնիսկ փոքր տարածաշրջաններում նա ինչպիսի քաղաքականություն է վարելու: «Հայ-թուրքական գործընթացում, այսպես թե այնպես, ՌԴ-ի դերը սկզբնական շրջանում եղավ տեխնիկական, իսկ Երևան-Բաքու հարաբերություններում ՌԴ-ն ունի որոշ հարցեր, որոնցով զբաղվում է, Երևանը նաև դիմել է Մինսկի խմբին, ըստ իս՝ որոշակի արձագանք լինելու է, հատկապես, Ֆրանսիան ակտիվ է, ԱՄՆ-ն մի փոքր ավելի հեռացած, բայց որոշակի շփումներ նկատվում են»,- ասաց նա:
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը ևս գտնում է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ փորձել է պատերազմից հետո Հայաստանի պարտությունից կորզել առավելագույնը, սակայն ՌԴ «ներկայությունը» և ՌԴ-ի կողմից անընդհատ դիվանագիտական ներգրավվածությունը տարածաշրջանի հարցերին ստիպել է հաշվի առնել ՌԴ ներկայությունը և զսպվել:
«Այս պահին, երբ Ռուսաստանը գերզբաղված է բոլոր ուղղություններով, ըստ ամենայնի չի կարողանալու այն նույն ինտենսիվությամբ զբաղվել Ղարաբաղյան և հարակից գոտու անվտանգային ու քաղաքական հարցերով: Այս հաշվարկից ելնելով՝ փորձում են օգտվել: Սակայն այդ տպավորությունը ցանկացած պահի կարող է կոտրվել, իրավիճակը բարդ ու անկանխատեսելի է: Բացի այն, որ Թուրքիան ցանկանում է կորզել ինչ-որ բաներ, դա նաև աշխարհաքաղաքական խնդիր է՝ ունենալ ավելի մեծ ազդեցություն Հարավային Կովկասում և թուլացնել Ռուսաստանի ներկայությունը, որն ամենաուժեղը, թերևս, ԼՂ-ում է: Այս պահին տարածաշրջանի համար ավելի հեռահար վերլուծություններ չեմ անի, քանի որ մի բան է փորձելը, մեկ այլ բան՝ անելը, հատկապես, երբ դա այս դեպքում կախված է թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հնարավոր արձագանքներից»,- ասաց նա: