Վարդենիսի ավագանին այսօր համայնքի ղեկավար կընտրի

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում այսօր՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգում կրկին համայնքի ղեկավարի ընտրության հարցն է:

Նշենք, որ Վարդենիսում ընտրապայքարի մեջ են ավագանու անդամ 3 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» կուսակցությունները։

Հիշեցնենք, որ Վարդենիս խոշորացված համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու 27 մանդատներից 13-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն են, իսկ մյուս 2 խմբակցությունները միավորվել են և ունեն ընդհանուր թվով 14 մանդատ:

Դեկտեմբերի 30-ին համայնքապետարանում տեղի ունեցավ ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը, սակայն ավագանու ՔՊ-ական անդամները պնդում էին, որ այդ նիստը տեղի է ունեցել օրենքի խախտումով։

Նրանք Ահարոն Խաչատրյանին չեն ընդունում որպես համայնքապետ։ Ավելին, հունվարի 4-ին համայնքապետի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ դրսում՝ համայնքապետարանի շենքի դիմաց, քանի որ նախկին համայնքապետ, ՔՊ-ական Արամ Մելքոնյանը ոստիկաններին հանձնարարել էր ավագանու ընդդիմադիր անդամներին ներս չթողնել։

Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները դատարան հայց էին ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել դեկտեմբերի 30-ի ավագանու ընդդիմադիր անդամների անցկացրած անդրանիկ նիստը, որի ընթացքում համայնքի ղեկավար էր ընտրվել Ահարոն Խաչատրյանը։

Դատարանը փետրվարի 2-ին մասնակի բավարարեց հայցադիմումը։

 

Տեսանյութեր

Լրահոս