Մարիուպոլից ոչ ոք չի կարողանում դուրս գալ. Ուկրաինայի հայերի միության փոխնախագահը՝ տիրող վիճակի մասին
Ռուս-ուկրաինական հակամարտության 19-րդը օրը՝ մարտի 14-ին, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է Ռուսաստանի հետ բանակցությունների 4-րդ փուլի մեկնարկի մասին:
«Բանակցություններ, չորրորդ փուլ՝ խաղաղության, կրակի դադարեցման, զորքերի անհապաղ դուրսբերման և անվտանգության երաշխիքների մասին: Բարդ խոսակցություն»,- այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Պոդոլյակը:
Նա նաև հայտնել է, որ բանակցություններն ընթանալու են տեսակոնֆերանսի ձևաչափով:
Լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր ավերվել է Էներգոդարը Զապորոժիեին կապող ավտոմայրուղու վրա կառուցված կամուրջը, և այլևս ուղիղ կապ չկա Էներգոդարի և մարզկենտրոնի միջև, այդ թվում՝ նաև հումանիտար օգնության տեղափոխման և բնակիչների տարհանման համար։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների հարցերով պետական ծառայությունը հայտարարել է, որ Կիևի բնակելի շենքի վրա հրթիռի ընկնելու հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել՝ 12-ը։
Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք մարդիկ կարողանո՞ւմ են Մարիուպոլից դուրս գալ, հայերը փաստաթղթերի հետ խնդիրներ ունեին, արդյոք դրանք լուծվեցի՞ն, թե՞ ոչ, նույնը՝ նաև դեղորայքի, սննդի հարցերի դեպքում:
«Բոլոր տեղերում էլ իրավիճակը ծանր է, կան մի շարք խնդիրներ: Մարիուպոլից ոչ ոք չի կարողանում դուրս գալ, իսկ փաստաթղթերի պահով 2-3 հյուպատոսական կետեր են աշխատում՝ Օդեսայում, Լվովում, Ուժգորոդում: Հայաստանի քաղաքացիները բոլոր թղթերը ստանում են: Ինչ վերաբերում է դեղորայքին և սննդին, ապա ոչ բոլոր տեղերում է այդ հարցը լուծվել: Ավելին, այն քաղաքներում, որտեղ դեղորայք և սնունդ է ներմուծվել, էլի խնդիր ունեն»,- նշեց Դավիթ Մկրտչյանը:
Ուկրաինայի հայերի միության փոխնախագահն ասաց նաև, որ նրանք, ովքեր դուրս են գալիս Ուկրաինայից, չգիտեն՝ գալիս են Հայաստա՞ն, թե՞ այլ երկիր: