Եթե սահմանի բացման դեպքում ջերմոցային արտադրանքի ներկրումներ լինեն՝ հարված կհասցնեն փոքր և միջին ջերմոցատերերին. Գառնիկ Պետրոսյան
Գազի սակագինն ապրիլի 1-ից սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ։ Բացառություն են սոցիալապես անապահով սպառողները (տարեկան մինչև 600 խմ բնական գազ)։ ՀԾԿՀ–ի որոշմամբ, սոցիալապես անապահով ընտանիքների սպառողների համար գազի գինը կմնա անփոփոխ` 1 խմ-ի դիմաց` 100 դրամ/1000 խմ (ներառյալ՝ ԱԱՀ-ն)։
Բնակչությանը մնացած հատվածի համար գազի 1 խմ-ն կթանկանա 4․7 դրամով՝ ներկայիս 139 դրամի փոխարեն՝ դառնալով 143.7 դրամ։ Հանձնաժողովի որոշմամբ՝ որոշ արտոնություններ են սահմանվել գյուղոլորտի տնտեսվարողների համար։ Մասնավորապես` ջերմոցային տնտեսությունների համար սահմանվել են սեզոնային զեղչեր, այսպես` ջեռուցման սեզոնին` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը, նրանք 1000 խմ-ի դիմաց կվճարեն 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (1 խմ-ի դիմաց՝ շուրջ 114 դրամ` ըստ այդ պահին դոլարի փոխարժեքի)։ Տարվա մնացած ամիսներին ջերմոցային տնտեսություները կվճարեն ՀՀ շարքային սպառողների պես` 1 խմ-ն 143.7 դրամ սակագնով։
Հայաստանի Ջերմոցային ասոցիացիայի ներկայացուցիչները խնդրի հետ կապված մարտի 9-ին պատրաստվում էին հանդիպել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանին, սակայն հանդիպումը հետաձգվել է և, ամենայն հավանականությամբ, կկայանա հաջորդ շաբաթ:
Հայաստանի Ջերմոցային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանի խոսքով՝ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում մեծ քանակով էժան գյուղմթերքը կներմուծվի Հայաստան, ինչի արդյունքում տեղի արտադրողները կդառնան անմրցունակ:
Եթե հայկական գյուղմթերքը որակյալ լինի՝ թուրքականի հետ մրցունակ չի լինի՞, Ջերմոցային ասոցիացիայի նախագահը այս հարցի պատասխանն էլ ունի՝ պետք է զարկ տալ տեղական արտադրանքին:
«Արտադրանքը որակյալ կլինի միայն այն դեպքում, եթե տեղական սորտեր աճեցնենք: Հիմա դրսի սորտեր են՝ հոլանդական, իսրայելական: Բերքատվությունը պետք է մի քիչ բարձր լինի, որ կարողանանք այս վիճակից դուրս գալ»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր Պողոս Գևորգյանը:
Հանդիպման ընթացքում ասոցիացիայի ներկայացուցիչները կառավարությանը կներկայացնեն մի քանի առաջարկներ՝ բարձրացնել Հայաստան ներկրվող գյուղմթերքների մաքսատուրքերը, սուբսիդավորել ջերմատների գազի սպառման վարձավճարները։
Իսկ այն կարծիքները, թե ժամանակակից ջերմոցներն այնքան էլ չեն տուժի գազի գնի բարձրացումից՝ Պողոս Գևորգյանն ասաց. «Նման բան չկա, ո՞նց կարող է չտուժել»:
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն էլ անդրադառնալով խնդրին՝ ընդգծեց.
«Եթե հետագայում ջերմոցային արտադրանքի ներկրումներ լինեն՝ հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված, ապա դրսից ներկրված արտադրանքը հարված կհասցնի փոքր և միջին ջերմոցատերերին: Խոշորների վրա, կարծում եմ՝ էական ազդեցություն չի ունենա, քանի որ իրենց արտադրանքը հիմնականում արտահանում են և իրացնում են դրսի շուկաներում, մասնավորապես՝ ՌԴ-ում:
Ինչ վերաբերում է տեղական սորտերին, ապա երբեմն հիշում են «Անահիտ» սորտը, և այլն: Այս սորտերը դեռևս կան, պահպանվում են, ցանկացողները կարող են տեղական սորտերի մշակությամբ զբաղվել, և դա բացարձակ խնդրի լուծում չէ: Հիմա ջերմատնային տնտեսությունների հատկապես փոքր և միջին տնտեսությունների հիմնական խնդիրը գազի գնի բարձրացումն է, որը բերելու է ինքնարժեքի բարձրացման, թեև խոշորների դեպքում էլի ազդեցություն ունենալու է»: