Նիկոլի պուտինյան հաղթանակը
Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է և de facto անվտանգության երաշխավորը։ Այդ պատճառով էլ մենք չենք ուզում, որ Ռուսաստանը պարտվի պատերազմում, քանի որ թուլացած Ռուսաստանն այս պայմաններում նշանակում է՝ Հայաստանի անվտանգության թուլացում։
Պարզ է, որ ռազմական առումով Ռուսաստանը կհաղթի Ուկրաինային, թեև դեռ պարզ չէ, թե Պուտինի համար ո՞րն է ռազմական հաղթանակը՝ Զելենսկու հրաժարակա՞նը, մերձսևծովյան շրջանների օկուպացիա՞ն, Կիևը գրավե՞լը, թե՞ Ուկրաինայի ամբողջական կապիտուլյացիան։ Պարզ է նաև, որ Պուտինի գերնպատակն Ուկրաինային հաղթելը չէ, այլ այդ հաղթանակով ստեղծված ССР-ով (Союз Суверенных Республик) աշխարհին և ռուսաստանցիներին ներկայանալն է՝ որպես գերտերություն, որը ռուսաստանցիներին պետք է անսահման հպարտություն ներշնչի, իսկ աշխարհին՝ անսահման վախ, որպեզի բոլոր հարցերում հաշվի առնեն Ռուսաստանի կարծիքը։
Աշխարհը չվախեցավ Մոսկվայից և նրանից զգուշանալու փոխարեն՝ սահմանեց պատժամիջոցներ, ինչը կարող է փլուզել Ռուսաստանի տնտեսությունը, իսկ ռուսի կերպարը հզորի փոխարեն՝ աշխարհում կարող է դառնալ մերժվածի, օրենքից դուրս գտնվողի կերպար, իսկ Ռուսաստանը կարող է դառնալ իզգոյ պետություն։
Ակնհայտ է, որ Պուտինի հաշվարկները սխալ դուրս եկան։ Նախ սխալ էին նրա պատկերացումները բլից-կրիգի մասին. զարմանալիորեն Ուկրաինայի բանակը, որն ունի ընդամենը յոթ տարվա պատմություն, ցույց տվեց բավականին կոշտ դիմադրություն՝ հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ, ինչը չի կարող իր արձագանքը չունենալ Ռուսաստանում։ Ուկրաինացիները, հակառակ սպասումներին, գրկաբաց չընդունեցին իրենց «ավագ եղբայրներին», այլ ռազմական պարտությունից հետո էլ նախատեսում են պարտիզանական պայքար մղել, և պարզ է, որ քաղաքների ոչնչացումը և համատարած մահերը չեն բերելու սիրո, այլ միայն՝ ատելության և վճռականության։ Չաշխատեց նաև ուկրաինական գեներալներին ուղղված անսքող կոչը՝ երկրում ռազմական հեղաշրջում իրականացնել։
Չնայած իր հզորությանը, լավ չաշխատեց նաև Ռուսաստանի soft power-ը։ Սառը պատերազմի անալոգիան տեղին չէ ներկա դարաշրջանում, և կոմունիզմի համապարփակ գաղափարախոսության նման արդյունավետ չէր «մեծ երկրի», «պանսլավոնական ու պանուղղափառ առաքելությունների» էկլեկտիկ խառնուրդը, որն արդեն իսկ ֆիասկո էր ապրել Բալկաններում։ Չնայած «ֆաշիստներ» ու «բանդերականներ» որակումներին, չհաջողվեց անգամ ուկրաինացիներից թշնամու կերպար ստեղծել։
Տնտեսական առումով իրավիճակը Սառը պատերազմի հետ բացարձակ անհամադրելի է։ Ինտեգրված լինելով միջազգային տնտեսական համակարգին՝ Ռուսաստանի տնտեսությունը պատժամիջոցներից ոչ միայն մեծ կորուստներ է կրում, այլ անգամ մոտենում է կործանման եզրին։ Ածխաջրածիններով գերակայությունը նույնպես չի աշխատում, աշխարհը փորձում է այլընտրանքներ գտնել, և անգամ պատրաստ է շատ բարձր գներ վճարել, բայց չընկրկել ռուսական շանտաժի առջև։
Մնում է միջուկային շանտաժը, ինչը խիստ վտանգավոր գործիք է։ Նաև պարզ չէ, թե ինչպիսին կլինի ռուսական գեներալիտետի և անվտանգության ծառայությունների ռեակցիան Պուտինի կողմից փոխադարձ ոչնչացման ինքնասպան գործիքի կիրառման դեպքում։
Պուտինյան հաղթանակը դառնում է շատ ավելի կործանարար, քան պյուռոսյան հաղթանակը. եթե Պյուռոսը հաղթանակի արդյունքում ոչնչացրեց միայն իր բանակը, ապա Պուտինը կարող է ոչնչացնել ողջ երկիրը։
Ամեն դեպքում, ոչ միայն միջնաժամկետ, այլև կարճաժամկետ հեռանկարում բոլոր ձվերը Ռուսաստանի զամբյուղում դնելը խիստ ռիսկային է Հայաստանի համար։ Մինչդեռ երկրի ինստիտուտների և դիվանագիտության կործանման հետևանքով իշխանությունները հայտնվել են պարադոքսալ իրավիճակում։
Մի կողմից՝ անհրաժեշտ է գերակտիվ դիվանագիտություն, միակողմանի պրոռուսական անվտանգության քաղաքականությունից այլընտրանքների փնտրտուք՝ եթե ոչ ամբողջական, ապա՝ անվտանգային որոշ էլեմենտների համար։ Այլապես Ռուսաստանի թուլացումից հետո Հայաստանը կարող է հայտնվել թուրքական աշխարհի գերիշխանության տակ։ Սակայն, եթե Մոսկվան տեսնի, որ Նիկոլի իշխանությունը փորձում է խաղեր տալ և փախչել Ռուսաստանի տակից, ապա նրան անմիջապես կփոխի։
Միաժամանակ, եթե Նիկոլի իշխանությունը ոչինչ չանի և փորձի ռուսական գուբերնիան փոխել թուրքական վիլայեթով, ապա Մոսկվան կրկին նրան կհեռացնի իշխանությունից։ Ներկա ընդդիմությունը շատ ավելի պրոռուսական կեցվածք է որդեգրել և ավելի երկար կարող է պահպանել հավատարմությունը Կրեմլին։ Իսկ Հայաստանում իշխանությունը փոխելը Մոսկվայի համար շատ արագ և պարզ գործողություն է։
Իշխանությունները զրկված են այլընտրանքից, նրանց մնում է սպասել և հուսալ, որ իշատերն ավելի շուտ կմեռնի, քան էշը։ Ու հետո Հայաստանը հանձնել Թուրքիային։
ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ