Բաժիններ՝

Լենինն ու վաֆլին

Հորս՝ Ռաֆայել  Իշխանյանի 100-ամյակին։

Բոլոր մարդիկ, ինչպես տարբեր, այնպես էլ սննդի հարցում, ունենում են բազմազան ճաշակներ։ Մեկը չի սիրում կարտոֆիլ, մեկ ուրիշը՝ մսեղեն, և այլն։ Ինքս փոքրուց տանել չեմ կարողացել վաֆլի կոչվող քաղցրավենիքը։ Զզվանքս այն աստիճան էր, որ երեխա ժամանակ նույնիսկ վաֆլի տեսնելիս՝ ողջ մարմնովս տհաճ դող էր անցնում։

Հայրս՝ Ռաֆայել Իշխանյանը, ԽՍՀՄ թունդ  այլախոհներից էր։ Մանկուց մեր տանը լսել եմ հակախորհրդային զրույցներ, սուր քննադատություններ, հատկապես՝ Լենինի և Ստալինի հասցեին։

Այդ էր նաև պատճառը, որ շատերը նույնացնելով ԽՍՀՄ-ը և Ռուսաստանը, նրան համարում էին նաև հակառուս։ Իրականում հայրս ռուսական մշակույթի, հատկապես՝ ռուս գրականության մեծ երկրպագու էր։ Նրա ամենասիրելի գրողը Լև Տոլստոյն էր, ում ստեղծագործությունները, հոդվածները մեծ ազդեցություն էին թողել նրա աշխարհայացքի վրա։ Լև Տոլստոյի նկարը  մշտապես փակցված էր և մինչև հիմա առկա է նրա գրասեղանի վերնամասում (տես նկարը)։

1980թ․  աշխատանքից (Հայգունմետգիտնախագիծ) տուն վերադառնալիս, իջնում էի Լենինի (այժմ Մաշտոց) անվան փողոցով։ Փողոցի վերին հատվածում գտնվող գրախանութի առջև դրված սեղանին  ցուցադրվում և վաճառվում էին նոր ստացված գրքեր։ Կանգնեցի և աչքի անցկացրեցի գրքերը։ Եվ  ահա, նրանց մեջ նկատեցի մի փոքրիկ մուգ կարմիր շապիկով գրքույկ՝ «Լենինը Տոլստոյի մասին» վերնագրով, գինը` 5 կոպեկ։ Մտքումս չարախնդացի և առանց  երկար-բարակ մտածելու գնեցի գրքույկը։ Տուն հասնելուն  պես գրքույկը դրեցի հորս գրասեղանի վրա։ Անհամբեր սպասում էի, թե երբ նա տուն կվերադառնա, և ինչպիսին կլինի նրա զայրույթը։ Ի զարմանս, երբ նա տուն վերադարձավ, կարծես ոչինչ չէր պատահել, զբաղվեց իր գործերով՝ աշխատելով գրասեղանի առջև, հետո միասին թեյ խմեցինք, զրուցեցինք դեսից-դենից և պառկեցինք քնելու։ Մտածեցի, որ գրքույկը  հավանաբար չի նկատել, տեսնենք՝ վաղն ինչ կպատահի։

Առավոտյան արթնացա, վեր կացա հագնվելու և․․․ իմ գրասեղանի վրա հայտնաբերեցի մի տուփ վաֆլի․․․

Ավետիք Իշխանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս