Ավիափոխադրողները զերծ չեն մնա աշխարհաքաղաքական ցնցումներից
Ռուսական ավիաիշխանություններն ավիափոխադրողներին խնդրել են մարտի 8-ից փակել միջազգային չվերթերը Ռուսաստանի ուղղությամբ: Պատճառն այն է, որ ռուսական ավիաընկերություններն օգտագործում են օտարերկրյա ռեեստրներում գրանցված ինքնաթիռներ` արտասահմանյան կազմակերպության հետ լիզինգային պայմանագրի շրջանակներում։ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները տարածվում են նաև նման ինքնաթիռների վրա։ Մարտի 8-ից չվերթերը դադարեցնելու մասին հայտարարել էր «Աերոֆլոտը», ավելի վաղ՝ «Ուրալյան ավիաուղիները», «Սիբիր» ավիաընկերությունը։
168.am-ի հետ զրույցում քաղավիացիայի օդաչու, ավիացիոն փորձագետ, վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը սա բացատրում է նրանով, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցների պատճառով օդանավերը վարձակալության տված ընկերությունները միակողմանի դադարեցրել են վարձակալության պայմանագրերը ռուսական ավիաընկերությունների հետ, ապահովագրական ընկերությունները հրաժարվել են ապահովագրել օդանավերն ու թռիչքները, տեխնիկական սպասարկում ապահովող ընկերություններն էլ հրաժարվել են կատարել պայմանավորվածությունները:
Ինչ վերաբերում է այս օրերին ավիատոմսերի բարձր գներին, Հակոբ Ճաղարյանը նշում է, որ դա երկրների իշխանությունների անգործության հետևանք է: Միջազգային օրենքներով ավիատոմսերի «գիշատիչ» գներն արգելված են, իսկ դրանց կարգավորումը դրված է երկրների ավիացիոն իշխանությունների վրա: Քաղավիացիայի միջազգային կազմակերպության մի շարք փաստաթղթերում հստակ նշված է «գիշատիչ» գների անթույլատրելիության մասին: Եթե Հայաստանի իշխանությունները կատարեն միջազգային պահանջները, կարգավորեն թռիչքային տարիֆները և թույլ չտան ավիատոմսերի գների այդպիսի բարձրացում, ուղևորները դրանից չեն տուժի:
Վերջին օրերին Երևան-Մոսկվա-Երևան թռիչքների տոմսերի գինը 1200-1300 դոլար է, ինչը, Հակոբ Ճաղարյանի բնորոշմամբ՝ թալան է։ Նա վստահ է, որ այս դեպքում Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունները պարտավոր են կարգավորել տարիֆները:
Քաղաքացիական ավիացիան աշխարհի բնակչությանը պետք է ապահովի ազատ և մատչելի օդային տեղափոխություն: Սա միջազգային քաղավիացիայի հիմնարար փաստաթղթերում ամրագրված դրույթ է: Տոմսերի գների նման բարձրացումը հակասում է միջազգային փաստաթղթերի պահանջներին, նշում է Հակոբ Ճաղարյանը:
Ավիացիոն աուդիտոր-խորհրդատու Նավիկ Խաչատրյանին տոմսերի բարձր գինը չի զարմացնում, նա դա բացատրում է վերջին օրերին գրանցվող պահանջարկի մեծացմամբ:
Հայաստանի ավիացիոն իշխանությունը եվրոպական երկրների նման լծակներ չունի դեմպինգային գների դեպքում թույլ չտալու ավիաընկերություններին մտնել մեր երկրի օդային տարածք՝ հաշվի առնելով մեր ռազմավարական գործընկեր երկրի հանգամանքը: Այս ամենը տեղավորվում է Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների կիրառման քաղաքականության ենթատեքստում: Այն, ինչ կատարվում է այսօր, օրենքի սահմաններում է:
Ըստ Նավիկ Խաչատրյանի՝ այսօրվանից արդեն Ռուսաստանից դուրս թռիչքներ չեն իրականացվում, միայն Ռուսաստանի սահմաններում, բայց սա նույնպես ժամանակավոր բնույթ կկրի, քանի որ ինքնաթիռների որոշ պահեստամասեր ու դետալներ պետք է փոխվեն հստակ ժամանակացույցով, իսկ դրանք արտադրվում են եվրոպական երկրներում, հետևաբար՝ ռուսական փոխադրողները չեն կարողանա դրանք ժամանակին ստանալ:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Ռուսաստանից դեպի Հայաստան իրականացվել է 36 թռիչք. 24-ը՝ Մոսկվայից, 3-ը՝ Սոչիից, 3-ը՝ Սանկտ Պետերբուրգից, 3-ը՝ Միներալնիե Վոդիից, 1-ը՝ Վոլգոգրադից, 1-ը՝ Կազանից, 1-ը՝ Մախաչկալայից։
Մարտի 7-ին, ըստ «Զվարթնոց» օդանավակայանի ժամանակացույցի, նախատեսված էր 11 չվերթ․ 4-ը՝ Մոսկվայից, 3-ը՝ Սանկտ Պետերբուրգից, 1-ական չվերթ՝ Ուֆայից և Սամարայից։
Մարտի 8-ից միջազգային չվերթերը Ռուսաստանի ուղղությամբ դադարեցվել են:
Աննա Դեմիրճյան