«Հայերի մոտ ընդունված է, որ տղամարդը պետք է լինի դրսի պատը, կինը՝ ներսի. այս միֆը վաղուց ցնդել է»․ կանայք՝ կանանց մասին
Ամեն տարի մարտի 8-ին նշվում է Կանանց միջազգային օրը, սկզբնական անվանումը՝ Աշխատավոր կանանց միջազգային օր:
Տարբեր ոլորտներում աշխատող հայ կանանցից փորձեցինք պարզել, թե ի՞նչ խնդիրներ են ունեցել աշխատանքում, ինչպե՞ս են կարողացել հաղթահարել և, ընդհանրապես, որքանո՞վ է աշխատանքը կարևոր կնոջ համար:
ՀՀ ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, Հայաստանի Գրողների միության անդամ Նոնա Պողոսյան. «Կնոջ դերի մասին խոսելու հետ կապված ուզում եմ նշել, որ այն շատ տարբեր է մի քանի տարի առաջվա կնոջ դերից, որովհետև այսօր կարծես թե ավելի հարթեցվել է այդ գենդերային հավասարության սկզբունքի հիման վրա կնոջ դերը տղամարդու դերի հետ, որովհետև կինն այսօր նաև առաջնորդ է, պետական կառավարման համակարգի ակտիվ մասնակից է, գործարար է, ու այդ առումով 21-րդ դարի կնոջը, ուղղակի անհեթեթություն է՝ համեմատել 20-րդ դարի կնոջ հետ, ում համար աշխատանքը միայն կարող էր լինել տնից, գորշ իրականությունից կամ կենցաղային «դալուկ» իրականությունից դուրս գալու, ավելի շատ մարդկանց հետ շփվելու միջոց: Այսօր աշխատանքը կնոջ համար անչափ կարևոր է այնքան, ինչքան կարևոր է տղամարդու համար: Հայերի մոտ ընդունված է այնպես, որ տղամարդը պետք է լինի դրսի պատը, կինը՝ ներսի. այս միֆը վաղուց ցնդել է:
Ինքս աշխատանքի վայրում գրեթե խնդիրներ չեմ ունեցել, և եթե ծնվել են ինչ-որ խնդիրներ, ապա դա եղել է ոչ թե կին-տղամարդ հարաբերությունների, առավելությունների, ավելի ստորադասված աշխատանքի հետ, այլ պարզապես խնդիրներ առաջացել են՝ սոսկ աշխատանքի բնույթից ելնելով:
Այնպես որ, ես շատ հարմարավետ եմ զգացել աշխատանքի վայրում և կարծում եմ, որ դա նաև յուրաքանչյուրի գիտելիքների հետ է կապված՝ եթե չհաշվենք այն, որ մասնավոր սեկտորում, իհարկե, չարաշահվում է աշխատանքը կորցնելու վախից ծնված իրավիճակը: Կնոջ համար աշխատանքն այսօր ոչ միայն հասարակության հետ ակտիվ շփման երաշխիք է, այլև սեփական ես-ը հաստատելը, ֆինանսական, սոցիալական ավելի անկախ վիճակ ունենալն է, և եթե համեմատելու լինենք և ընդամենը 30 տարի հետ գնանք, ապա կհասկանանք, թե այսօր ինչու երիտասարդ աղջիկը, երբ ամուսնության հետ կապված հարց է առաջանում, նա անպայման ուզում է, որ մինչ ամուսնությունն արդեն իր աշխատանքի և իր սոցիալական իրավիճակի հետ կապված հարցերը ավելի ստույգ և ճշգրիտ դառնան, որոշակի լինեն։ Այսինքն՝ նա արդեն աշխատանք գտած լինի, և հենց այստեղից էլ կարող ենք ենթադրել, թե որքանով է այն կարևոր կնոջ կյանքում:
Ի վերջո, եթե եզրահանգման գանք, յուրաքանչյուր կնոջ համար աշխատանքը սոցիալական, ֆինանսական անկախություն բերելու գործիք է, ինչո՞ւ չէ՝ նաև սեփական ես-ը հասարակության մեջ ավելի ստույգ հաստատելու միջոց»:
Փաստաբան Աշխեն Դաշյան. «Աշխատանքում հիմնականում խնդիրներն առաջանում են առաջին 2 րոպեում, երբ փորձում են քեզ թիրախավորել, քանի որ դու թույլ սեռի ներկայացուցիչ ես, իսկ հետո ճիշտ հակառակն է լինում: Լինելով փաստաբան՝ ամեն իրավիճակում ես ցանկացած խնդիր լուծելի եմ համարում. Աշխատասիրություն, ժամանակի արդյունավետ կառավարում, և ամեն խնդիր լուծելի է դառնում աշխատանքում: Ինձ համար իմ աշխատանքում գործում է՝ «եթե կա խնդիր, կա նաև լուծում» կարգախոսը: Եթե հանդիպել եմ խոչընդոտների՝ մի կողմ եմ դրել վախը, նախկին անհաջող փորձը և համառությամբ առաջ եմ շարժվել:
Երբեք չեմ կորցրել հաջողության հասնելու հավատը, հավատացել եմ սեփական ուժերիս և հաղթանակիս, ինչն էլ ինձ միշտ հաջողության ճանապարհ է բացել: Աշխատանքը կնոջ համար հոգեվիճակ է, իրեն կարևոր զգալու, շրջապատին օգտակար լինելու, երբեմն՝ տխրությունը փարատելու, երբեմն՝ իր երջանկությունը կերտելու միջոց: Որքան էլ կինը տխուր լինի, կոտրված, եթե աշխատանքի մեջ է, այն երբեք չի փոխանցում շրջապատին, միշտ իրեն կտեսնեք ժպիտը դեմքին, մինչև որ ինքն էլ է մոռանում իր տխրությունը։ Իսկ եթե երջանիկ է, ապա միայն լույս ու ջերմություն է տարածում: Իմ խորին համոզմամբ՝ աշխատանքը կնոջ համար կենսակերպ է, կարևոր դեղամիջոց, որն օգնում է հաղթահարել իր կյանքի ամեն դժվարություն՝ թե՛ նյութական, թե՛ հոգևոր»:
Միասնական սոցիալական ծառայության Կազմակերպությունների, քաղաքացիների և օտարերկրյա պետությունների հետ համագործակցության վարչության պետ Նոնա Սարգսյան. «Խնդիրները, որպես այդպիսին, գործառութային են լինում, այսինքն՝ այս կամ այն իրավիճակ, որոնք հաղթահարվում են թիմային քննարկման արդյունքում որոշում կայացնելով կամ խնդիրն իր լուծման տեսանելի առաջարկներով վերադասին ներկայացնելով։
Աշխատանքը, իմ կարծիքով, կարևոր է ընդհանրապես մարդու համար՝ անկախ սեռից։ Աշխատանքը արդյունք է, իսկ արդյունքը և՛ ոգևորում, և՛ կոփում է մարդուն իր տեսակով։ Մարդն ինքնահաստատման որոշակի չափաբաժին է ձեռք բերում հենց աշխատանքային հարաբերությունների ընթացքում, և վերջապես աշխատանքը եկամուտ է ապահովում՝ այս կամ այն նյութական հոգսը հոգալու համար։ Մարդն աշխատանքով, հանրային կյանքում, իր օգտակարության չափն է տեսնում։ Կարևոր է, թե մարդ ինչպես է վերաբերվում իր աշխատանքին. աշխատել արդյունքի՞ համար, թե՞ աշխատանքի գնալ ժամանցի համար»:
ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» (ՕԴՔԳՏԿ) ՊՈԱԿ-ի ավագ գիտաշխատող Արփինե Հարությունյան. «Ես այն վառ օրինակներից եմ, ում աշխատանքային կարիերան ու ընտանիքն իրար հետ հավասար, զուգահեռ զարգացել են։ Ունեմ երեք բալիկ, միևնույն ժամանակ՝ աշխատանքային գործունեությանս հենց սկզբից գիտության մեջ եմ։ Իմ տարիքի համար ոչ վատ, կարելի է ասել՝ անգամ միջինից բարձր գիտական արդյունքներ ունեմ։ Մեր կենտրոնում միակ երիտասարդ խմբի ղեկավարն եմ։ Գիտության կոմիտեի կողմից տրամադրված խմբերի ձևավորման դրամաշնորհի առկայությունը հուշում է, որ մասնագիտական ոլորտում անկարելի բան չկա, պետք է լավ ձգտել։ Եթե անգամ խնդիրներ առաջանում են, ապա՝ ոչ անհաղթահարելի։ Շուտով կունենամ նաև իմ լաբորատորիան՝ ամբողջությամբ նոր վերանորոգված և նոր սարքավորումներով։ Խնդիրը միշտ էլ իգական սեռի դեպքում մեկն է, որ ամուսնությունն ու երեխաներ ունենալը չխանգարի գիտական գործունեությանը։
Գիտնականն ամեն պահի պետք է կարդա, զարգանա, լինի տեղեկացված և առնվազն հետ չմնա աշխարհում գիտության բնագավառի առաջընթացներից։ Եթե այս ամենն ապահովում ես, ապա էական նշանակություն չունի սեռը։
Միշտ էլ առաջնահերթությունը մեր ոլորտում տրվել և տրվում է տղաներին, դա առաջին հերթին ավելի ազատ գրաֆիկով, ավելի երկար աշխատելու հնարավորության և, վերջապես, ֆիզիկական աշխատանքի անհրաժեշտության պատճառով է։ Բայց հենց մեր կենտրոնում այսօր էլ ավելի շատ կանայք են աշխատում, և հիմա էլ աշխատանքի դիմողները մեծամասամբ երիտասարդ աղջիկներ են։
Աշխատանքը շատ կարևոր է ցանկացած մարդու համար, իսկ կնոջ համար է՛լ ավելի կարևոր է։ Ընտանիքն իր տեղն ունի, բայց անգամ երեխաների համար շատ կարևոր է մայրիկի կերպարը։ Մայրը ոչ միայն տնային տնտեսուհի պետք է լինի, խեղճ ու միշտ ամուսնու ձեռքին նայող, այլ շատ ավելի գեղեցիկ է, երբ կայացած կնոջ կերպարը կա, և երեխաներն է՛լ ավելի ինքնուրույն են մեծանում, աղջիկները ձգտում են հետագայում մայրիկի պես ավելի կայուն և ավելի կայացած կյանքի»։
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանուհի Զարուհի Հակոբյան. «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ի՝ «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն»-ին միանալուց հետո ես աշխատանքի անցա Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում, ու խնդիրն այն է, որ կայացած թատրոն ես գնում, որտեղ խաղացանկ կա, և դու պետք է ներգրավվես նոր ներկայացումներում:
15 տարի Կամերային երաժշտական թատրոնում աշխատելուց հետո, բնականաբար, գրեթե բոլոր ներկայացումներում ներգրավված էի, իսկ այստեղ զրոյից ես սկսում, քիչ-քիչ պետք է սկսես ներգրավվել, չնայած որ ղեկավարությունը մեզ շատ լավ է ընդունել: Իսկ ընդհանուր առմամբ կնոջ համար աշխատանքը, կարծում եմ՝ պետք է լինի կյանքի մի մասը, իմաստը, իհարկե, երեխայից հետո:
Լինում է, որ շատերն իրենց նվիրում են ընտանիքին, երեխաներին և չեն ունենում իրենց սրտին մոտ աշխատանք, որով կկայանան: Մարդը պետք է ունենա սիրելի աշխատանք, գնահատվի»: