«Թող Պուտինը մեզ պաշտպանի՝ մեր պապան է, իսկ մենք ի՞նչ ենք անում մեր դաշնակցի համար». Արթուր Աթանեսյան

Ինչպես պարտության, այնպես էլ հաղթանակի համար ազգերը պարտավոր են վարել համարժեք կենսաոճ, և, եթե նայենք մեր վարած կենսաոճին, կարձանագրենք հետևյալը՝ վարել ենք ոչ թե հաղթողի, այլ՝ պարտվողի կենսաոճ, ինչին էլ գումարվել է նաև մեր ազգի՝ դասեր չքաղելու հատկությունը, իսկ նա, ով պարտությունից դասեր չի քաղում, նորից է պարտվելու։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպես բնութագրեց պարտվողի կենսաոճը Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը:

«Հիմա հարց են հնչեցնում՝ պարտությունն ո՞ւմն էր՝ հայ ժողովրդի՞նը, իշխանությա՞նը, թե՞ հասարակությանը։ Այս հարցադրման պատասխանը մենք մինչև հիմա չունենք։ Չունենք, որովհետև մեզանում հարց տալն է կենսաոճ, ոչ թե լուծումներ ու պատասխաններ ստանալը։ Հարցերի կույտի մեջ ենք ապրում՝ առանց գտնելու լուծումներ, իսկ լուծումներ կարելի է գտնել, այն ժամանակ, երբ մարդիկ ընդունեն իրենց սխալները, ներողություն խնդրեն միմյանցից։ Բաց արի ու տես, որ մենք դա էլ չենք անում»,- ասաց Աթանեսյանը՝ ընդգծելով՝ անգամ վերջին արցախյան պատերազմից հետո մենք կանգ չենք առնում ու ինքներս մեզ հարց չենք տալիս, թե, ի վերջո, մենք ո՞ւր ենք գնում։

Նրա խոսքով՝ այդ հարցը մեզ չենք տալիս անգամ այն դեպքում, երբ աշխարհից՝ տարբեր կողմերից մեզ անընդհատ մեր տեղն են ցույց տալիս։

«Մեզ մեր տեղի մասին լսեցրել են, լսեցնում են. ավելի վատ, քան ցեղասպանությունն էր, մեզ չէին կարող պատժել, բայց արի ու տես, որ դրանից հետո էլ դասեր չենք քաղում»,- ընդգծեց սոցիոլոգը։

Պրոֆեսորի խոսքով՝ որպեսզի թույլ չտանք հայ ազգի վերջնական տապալում, պետք է հասարակությանը հուշել մեր առաջնահերթությունները, սակայն դա անողներն էլ ի պատասխան՝ տեսնում են անկարողությունից թուլացող և հաճույք ստացող զանգվածների։

«Տեսնում ես հասարակություն, որը մտածում է «ոչինչ չեմ կարող անել, հետևաբար՝ թուլանամ և հաճույք ստանամ» բանաձևով։

Այս բանաձևով են ապրում անգամ պատերազմից հետո, մինչդեռ պետք է և կարող էինք այլ մոտեցում որդեգրել՝ ընդունել մեր սխալները, գնալ առաջ, աշխատել, կառուցել, տնտեսել»,- ասաց Աթանեսյանը՝ ընդգծելով, որ չենք ընտրում կառուցելու տարբերակը, որովհետև մի կողմից՝ հասարակությունն ինֆանտիլ է, մյուս կողմից՝ ազգային պետության գաղափար չկա, որին ավելանում է նաև մեկ այլ խնդիր՝ ազգի մեծ մասն ապրում է դրսում, մի փոքր հատվածը միայն՝ Մայր հայրենիքում։

«Մենք նաև ազգային էլիտա չունենք. էլիտան պետք է ավելի լավը լինի, բայց մեզանում հասարակությունը դեպի ներքև է քաշում նրանց, որոնք իրենց էլիտա են համարում։ Սա բնորոշ է ինֆանտիլ հասարակությանը։

Մենք ինֆանտիլ` մանկամիտ, մեծանալու ցանկություն չունեցող հասարակություն ենք, որն ասում է՝ թող Պուտինը մեզ պաշտպանի, մեր պապան է, թող Եվրոպան էլ մեզ կրթի, բայց չենք ասում ՝ իսկ մենք ի՞նչ անենք։ Անգամ դաշնակցի հետ հավասար հարաբերություններ կառուցել չգիտենք, պատերազմի ժամանակ ուզում էինք, որ մեր դաշնակիցը մեզ պաշտպանի, իսկ հիմա մենք մեր դաշնակցի համար, որը պատերազմի մեջ է, ի՞նչ ենք անում։

Կրկնում եմ, մեր այս պահվածքը ինֆանտիլիզմի նշան է»,- ասաց Աթանեսյանը՝ ընդգծելով՝ այդպիսի հասարակությունների համար չկան նաև ազգային արժեքներ, և նման հասարակությունների համար սրբությունն ընտանիքն է, ոչ թե ազգը, հետևաբար՝ այդպիսի հասարակությունը չունի նաև ազգային շահ։

«Ընտանեկան՝ կլանային համակարգը պետությունները քանդում է։ Իհարկե, Ադրբեջանը ևս այդպիսի համակարգի վրա է հիմնված, բայց չի քանդվում, որովհետև նրանց պահում է պետական քաղաքականություն դարձած հայատյացությունը, և եթե այսօր նրանց մոտ աշխատող տարբերակ է հայերին չսիրելը, ապա իրենք պետության կառուցման այդ մոդելն են ընդունում, եթե վաղը ընդունելի լինի «հայերը՝ խանութպաններ» մոդելը, ապա վաղը դա են անելու ու ներկայացնեն՝ որպես պետական քաղաքականություն»,- ասաց Աթանեսյանը՝ շեշտելով՝ փոխարենը մենք ընտրել ենք դեպի ոչնչացում և ոչնչություն տանող ճանապարհը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս