«Գործընթացներ են առաջ տանում ԶՈւ-ին վերջնականապես զինաթափելու համար, Ալիևը Հայաստանի հետ «խաղաղության պայմանագիր» չի ստորագրի, եթե Հայաստանը բանակ ունի». Գառնիկ Դավթյան
ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել, մեկնաբանել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը ՀՀ կառավարության օրակարգային առաջնահերթություններից է։
«ՀՀ կառավարությունը Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդեգրել և, բնականաբար, այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է դրսևորում: Ինչ վերաբերում է կոնկրետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, մի քանի անգամ բարձրագույն մակարդակով հայտարարվել է, որ դա կառավարության օրակարգային առաջնահերթություններից է»,- նշել է ԱԳՆ խոսնակը:
Թեմային անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը Ֆրանսիայի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում՝ նշելով, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ սկսել բանակցություններ՝ խաղաղության պայմանագրի շուրջ, միաժամանակ կոչ է արել Էմանուել Մակրոնին՝ միջնորդի դեր ստանձնել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս պայմանագրի ստորագրման հարցում։
Այս հայտարարությանը զուգընթաց՝ թշնամին ինտենսիվ կրակոցներ է սկսել հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում, որի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր։
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն անդրադառնալով «խաղաղության պայմանագրին» և այդ համատեքստում ադրբեջանական կողմի սադրանքներին, նշեց, որ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հնչեցրած հայտարարություններն իրենց բնույթով նորություն չեն։
«Նիկոլ Փաշինյանը հատկապես քարոզարշավի ժամանակ անընդհատ խոսում էր «խաղաղության դարաշրջանի» մասին, նրա ընտրազանգվածի համար այդ ականջահաճո հայտարարությունները բավականին տպավորիչ էին։ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ ևս դա նշել է՝ որպես իրենց առաջնահերթություններից։ Ներկայիս իշխանությունն իր էությամբ կապիտուլյանտ և հայրենիքի հանդեպ բացարձակ հոգատարություն չունեցող իշխանություն է, նա ձգտում է, թշնամու հետ մեր զոհերին ու տարածքները սակարկելով, այսինքն՝ առհասարակ նրանց մասին չխոսելով ու անտեսելով, գնա ամբողջապես պետականազրկման քաղաքականության։ Եթե դիտարկենք Ադրբեջանի կողմից այսօրվա վարած քաղաքականությունը, մասնավորապես՝ ռազմական համատեքստում, ապա ամեն ինչ ավելի քան ակնհայտ է, որ այդ երկիրն առհասարակ չի ձգտում Հայաստանի հետ որևէ խաղաղության դարաշրջանի կամ տասնամյակի ու հնգամյակի ժամկետներում հարաբերությունների կարգավորման։ Ադրբեջանն իր կերպարը 30 տարվա կտրվածքով ու դրանից առաջ էլ մշտապես ցույց է տվել՝ հայատյացությամբ, հայերին իրենց բնակավայրերից բռնի տեղահանելու, հայրենազրկելու»,- նշեց Գառնիկ Դավթյանը։
Շարունակելով միտքը՝ նա նաև ընդգծեց, որ այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները մեծ խանդավառությամբ են ընդունում Ադրբեջանի և հայ հասարակությունները։ Խնդիրն այն է, թե արդյո՞ք հայ ժողովուրդը նման պայմաններում պատրաստ է խաղաղության։
«Երբ տեսնում ենք միջդիրքային իրավիճակը, ապա ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը նման կրակահերթերով ու այլ սադրանքներով աշխատում է մի քանի ուղղությամբ։ Առաջինը՝ Հայաստանին ստիպում է, որպեսզի նոր ու ավելի ցավալի զիջումների գնա։ Երկրորդը՝ մշտապես ահաբեկելով և, ինչպես Ալիևն է ասում՝ «երկաթյա բռունցքը» վերևում պահելով, փորձում է այնպես անել, որ Հայաստանը չվերականգնի բանակը։ Ըստ այդմ, ինչպես նախկինում եմ ասել՝ ՀՀ այսօրվա իշխանությունը թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանություն է, որի նպատակն է՝ ամեն բան անել, որ սեփական աթոռը պահպանի, և որպես «վարձավճար»՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թշնամուն վճարում է Հայաստանի պետական շահը, այսինքն՝ ձգտում է ամբողջապես կործանել ՀՀ զինված ուժերը, հայրենազրկել այն մարդկանց, որոնք ապրում են այն հատվածներում, որտեղ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո թշնամին օկուպացրել է։ Հետևաբար, օրինակ, կստեղծեն այնպիսի իրավիճակ, որ Սյունիքում ապրելն այլևս անվտանգ չի լինի, հետևաբար՝ պետք է նոր անվտանգ միջավայր փնտրեն այդ մարդիկ։ Ես չեմ կասկածում սյունեցիների հայրենասիրության ու տոկունության վրա, բայց չպետք է բացառել, որ միջադեպ չի լինի, և դա չի ազդի այդ հատվածներում հայկականությունը պահպանելու վրա»,- հավելեց փորձագետը։
Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված Ալիևի կոչին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագիր» ստորագրելու միջնորդություն ստանձնելու համար, Գառնիկ Դավթյանը նկատեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր Ուկրանիայի և Ռուսաստանի միջև տեղի են ունենում ռազմական գործողություններ, և Ալիևը հասկանալով, որ այսօր Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնահերթություններն այլ են, փորձում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների համատեքստում լուծում գտնել։
Նա նաև շեշտեց, որ այսօր Ադրբեջանը փորձում է Հայաստանի ու Ռուսաստանի միջև եղած տարբեր հարցերի վերաբերյալ ջրբաժանն ավելի խորացնել։
«Չեմ զարմանա, որ Ալիևի այս կոչը Մակրոնին ՀՀ իշխանության կողմից ընկալվի՝ որպես ի գիտություն, պատճառաբանելով, թե Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի երկիր է, որի միջնորդությունը չի կարող բացասական ազդել Հայաստանի վրա։
Հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրները և հացահատիկի դեֆիցիտը, որի մասին մասնագետներն արդեն բարձրաձայնել են, մեկ բան եմ նկատել «խաղաղության դարաշրջանի» համատեքստում, որ Հայաստանի համար, երբ նման փուլ սկսվի, Թուրքիան, որպես «մարդասիրական» քայլ՝ հացահատիկ կտրամադրի Հայաստանին։ Սա այդ «խաղաղության դարաշրջանի» համար, մասնավորապես՝ քարոզչական դաշտում, բավականին մեծ հենք կարող է ապահովել իշխանությունների համար։ Հետևաբար՝ այդ հայտարարությունները չպետք է դիտարկել մեկ օրվա համատեքստում, փուլային տարբերակով այս ամենը զարգացումներ է ունենում։ Եթե ավելի խորը դիտարկում կատարենք սոցիալ-տնտեսական, քաղաքական, ռազմական հարթակում, ապա կտեսնենք, որ բոլոր ուղղություններով այս իշխանությունը տապալվում է։ Երկրի համար միակ կարևոր օրգանը, որն ինչ-որ չափով աշխատում է, ՀՀ զինված ուժերն է, հիմա նման գործընթացներ են առաջ տանում ԶՈւ-ին վերջնականապես զինաթափելու համար, քանի որ Ալիևը Հայաստանի հետ «խաղաղության պայմանագիր» չի ստորագրի այն դեպքում, երբ Հայաստանն ունի բանակ»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։