Զիջե՞մ, թե՞ ոչ
Ամեն փոքր դեպքից ու մանրուքից հաճախ կարող ենք մինչև անգամ վեճի բռնվել մեր սիրելիների, մեր հարազատների ու մտերիմների հետ։ Փոքրիկ հարցերը հաճախ որոշիչ են լինում մարդկային հարաբերությունների շարունակման, ընթացքի համար, քանզի հենց նման վեճերում ու քննարկումներում է, որ ի հայտ է գալիս մարդու տեսակը։ Նման վեճերից, փոքրիկ ու աննշան դեպքերից է, որ հնարավոր է հասկանալ մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ ի՞նչ արժեքներ է կարևորում տվյալ մարդը, ինչպիսի՞ն է նա որպես քրիստոնյա, ինչո՞վ է առաջ շարժվում։
Թվում է՝ կատակ կարող է թվալ, սակայն իրականում այդպես է։ Մարդու ողջ պատկերը երևում է հենց նման դեպքերում։ Առաջնայինը նման «բախումներում» մի հատկություն է, որը հաճախ քիչ ենք կարևորում։ Խոսքը զիջելու մասին է։ Արդյոք բոլո՞րը կարող են զիջել, բոլո՞րն ունեն այդ հատկությունը, բնավորության գիծը, արդյոք բոլո՞րն են ցանկանում այն զարգացնել։
Կարող ենք ասել, թե զիջումն իրականում այնքան էլ կարևոր չէ, և դրա դերը ուռճացված է այս պարագայում, սակայն հետևենք Սուրբ Գրքին, ուր գրված են մեր բոլոր հարցերի պատասխանները, որպեսզի տեսնենք, թե որքան էական է զիջումը և ինչ նշանակություն ունի այն։ Աստվածաշնչում՝ Պողոս առաքյալի՝ կորնթացիներին ուղղված առաջին նամակում առաքյալը նկատում է․ «Սերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում» (Ա Կոր․ 13:4-7)։
Զիջող ու համբերատար լինելը՝ թեկուզ և մանրուքներում, ցույց է տալիս, թե ինչպիսին ենք մենք որպես քրիստոնյաներ։ Ուստի՝ ամեն անգամ, երբ ունենում ենք նույնիսկ մանր թվացող, կենցաղային վեճեր, ինքներս մեզ ասենք՝ այժմ պիտի ցույց տամ իմ ով լինելը, և գործենք այնպես, որ հաճելի լինենք Աստծուն, ում պատկերով ու նմանությամբ էլ ստեղծված ենք։
Անդադար զարգացնենք մեր մեջ զիջող լինելու, համբերատար լինելու բարձրագույն հատկանիշը՝ աղոթելով, որ Տերը մեզ կամենա այդ շնորհը, որով է՛լ ավելի պիտի մոտենանք հենց Նրան։