«Արցախը գեղեցիկ երկիր է, դրա մասին խոսք չկա, բայց Արցախի կարևորությունն այստեղ մարդիկ են, նրանք կամք ունեն». Ժիրայր Գերգերյան

Իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ ֆրանսահայ Ժիրայր Գերգերյանը պատերազմից հետո կիսով չափ դարձել է արցախցի՝ տարվա մի մասն անցկացնում է Արցախում, մյուս մասը՝ Ֆրանսիայում։

15 տարեկանում Լիբանանից Ֆրանսիա տեղափոխվելուց հետո չէր էլ մտածում, որ մի օր հաստատվելու է նաև Արցախում։

Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության մասին երկու գրքերի հեղինակն այսօր Արցախում ծավալել է բոլորովին այլ գործունեություն, թեև Արցախ նրան բերել էր հենց գիրք գրելու նպատակը։

«2014 թվականին պետք է գրեի իմ երրորդ գիրքը, որը նվիրված էր Արցախին, երբ այս մասին խոսեցի Արցախի այսօրվա պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ, նա ինձ ասաց, որ եթե Արցախի մասին եմ գրելու, պետք է որոշ ժամանակով ապրեմ Արցախում, սիրով համաձայնեցի։ Մինչ այդ Արցախ գնում-գալիս էինք, բայց մեկ օրով։ Ապրելով Արցախում՝ հասցրեցի այն ճանաչել, որից հետո որոշեցի, որ պետք է ինչ-որ բան անեմ այստեղ։ Բացեցի «Արմատներ» սրճարանը, որը ֆրանսիական ու եվրոպական ոճով էր, այնտեղ երիտասարդությունը հավաքվում էր, ժամանակ անցկացնում, զրուցում, երբեմն՝ դասախոսություններ լսում։ «Արմատները» բացելուց հետո վերադարձա Ֆրանսիա, սակայն յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ վերադառնում էի Արցախ, օրերով մնում, նորից վերադառնում։ 2020 թվականին, երբ կորոնավիրուսը հասավ Արցախ, «Արմատները» փակեցինք, դրանից հետո մարդիկ ինձ առաջարկեցին այլ կենտրոն բացել, առաջարկեցին վերցնել Ֆրանկոֆոնիայի կենտրոնը, քանի որ շատ էին պնդում, համաձայնեցի, սակայն մեկ պայմանով՝ որ կենտրոնը պետք է վերցնեմ միայն իմ պայմաններով։

Պետք է ամեն ինչ փոխեի, ընտրեի ճարտարապետ, նախագիծ գծեի, քանի որ կենտրոնը պետք է բաղկացած լիներ հյուրանոցից, ռեստորան-սրճարանից, մշակութային կենտրոնից։ Քանի որ իմ առաջարկն էլ Ֆրանկոֆոնիայի խորհրդի կողմից ընդունվեց, սկսեցինք աշխատել, ու ես գրեթե ամեն օր հետևում էի ընթացող աշխատանքներին։ Սակայն աշխատանքներն ընդհատվեցին Արցախի 44-օրյա պատերազմի պատճառով»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Ժիրայր Գերգերյանը։

Պատերազմի ողջ ընթացքում Ժիրայր Գերգերյանը Փարիզում է եղել, այնտեղից օգնել Արցախին։

«Պատերազմի օրերին Փարիզում էի։ Ընկերներս տարբեր տեղերից զանգահարում ու ասում էին՝ Ժիրայր, Արցախն ինչի՞ կարիք ունի։ Հավաքվեցինք և 4 օդանավով դեղեր, զրահաբաճկոն, հեռադիտակներ և այլ պիտանի բաներ ուղարկեցինք, որոնք կօգտագործվեին բանակում։ Հետևում էինք յուրաքանչյուր օդանավի մինչև «Զվարթնոց» օդանավակայան հասնելը, երբ մեկը հասնում էր, արդեն աշխատում էինք, որպեսզի մյուսն ուղարկենք։

Ֆրանսիայում ամեն րոպե ուշադիր հետևում էինք իրադարձություններին, շատ խաբեցին մեզ, ամեն օր լսում էինք, որ «հաղթելու ենք», բայց հոկտեմբերի 20-ին արդեն գիտեի, որ լավ չէ իրավիճակը։ Այդ ժամանակ ինձ տարբեր տեղերից զանգահարում էին ու ասում, որ թշնամին մոտենում է Հադրութին, Շուշիի մասին դեռ տեղեկություն չկար։ Սկսեցի ռուսական հեռուստաալիքների լուրերին հետևել, դրան զուգահեռ՝ հայաստանյան լուրերին էի հետևում՝ հասկացա, որ պարտվում ենք։ Այդպիսով՝ հոկտեմբերի վերջին արդեն վստահ էի, որ պարտվում ենք։

Երբ պատերազմի ավարտին վերադարձա Արցախ, ինձ հարցրեցին՝ շարունակե՞նք կենտրոնի աշխատանքները, թե՞ դադարեցնենք, իմ պատասխանը միանշանակ այո էր։ Գումարի խնդիրներ կային, ասացի՝ կլուծեմ, դուք սկսեք։ Գիտեք, գումարն արժեք չունի, այն գնում ու գալիս է, գուցե շենքն ավարտեինք, ու ռմբակոծեին, սա չէ կարևորը, կարևորը նպատակն է, որը դու դրել ու հասնում ես, և կարևոր էր նաև, թե մենք ում համար ենք աշխատում։ Այսօր կենտրոնն ակտիվ գործում է, ուսանողները պարեր, նկարչություն, համակարգչային դասընթացներ, ֆրանսերեն են սովորում, ամեն ինչ անվճար է։ Մինչև դեկտեմբեր մենք կենտրոնում տարբեր միջոցառումներ էինք կազմակերպում, դրանք շարունակվելու են։ Հիմա երկու մեծ նախագծեր ունեմ. առաջինը մեծ փառատոն է՝ հայկական, ֆրանսիական ու ռուսական, սա ազգերի մշակույթն է ներկայացնելու, Ֆրանսիայից, Ռուսաստանից ու Հայաստանից կլինեն մարդիկ, որոնք կներկայացնեն իրենց երկրներից ֆիլմեր ու կխոսեն դրանց մասին։ Թատրոնի համար պետք է ընտրեմ երիտասարդների, որոնք հունիս-հուլիս ամիսներին կգնան Ֆրանսիա սովորելու, հետո կվերադառնան և կներկայացնեն պրեզենտացիա»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա վստահ է, որ Արցախին փայլուն ապագա է սպասում, պարզապես մարդիկ չպետք է թողնեն երկիրը, այլ ապրեն ու աշխատեն Արցախում։

«Արցախը գեղեցիկ երկիր է, դրա մասին խոսք չկա, թեև աշխարհում այլ գեղեցիկ երկրներ ևս կան, բայց Արցախի կարևորությունն այստեղ մարդիկ են, նրանք կամք ունեն, ես դրան շատ եմ կարևորություն տալիս։

Արցախը միայնակ մնաց պատերազմի օրերին, երեխան, երբ հորն ու մորը կորցնում է, միայնակ է մնում, Արցախի շուրջ մարդ չմնաց։ Ես վստահ չեմ, որ Հայաստանը կհամարձակվի պայմանագիր ստորագրել, որ Արցախը մտնի Ադրբեջանի կազմի մեջ։ Այսօր ռուս խաղաղապահները լավ գործ են այստեղ իրականացնում, առաջին անգամ է, որ նրանց մանդատը չկա, բայց նրանք խաղաղապահ առաքելություն են իրականացնում։ Իրականում այսօր կարևոր է Արցախի կարգավիճակի հարցը, այդ ուղղությամբ պետք է աշխատել, նաև աշխատել Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի հարցով, որը բանակցություններում երբեք չի եղել։ Այսօր որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ պատերազմ չի լինի, չեմ կարող ասել, 10 թե 20 տարի կլինի, հիմա ամենակարևորն այն է, որպեսզի մարդիկ մնան այստեղ։ Թերևս, սա էր պատճառը, որ ես որոշեցի աշխատեցնել կենտրոնը։ Հաճելի է, երբ ես տեսնում եմ՝ մարդիկ ուրախ են, ապրում են Արցախում, չեն հեռանում»,- հավելեց Ժիրայր Գերգերյանը։

Ժիրայր Գերգերյանի ընտանիքը՝ կինը, երկու որդիները և դուստրը, Ֆրանսիայում են, որդիներից մեկը հաճախ է այցելում Արցախ, սակայն ոչ երկար ժամանակով։

«Ընտանիքս շատ հայասեր է, բայց պատերազմից հետո հուսախաբվեց, նրանք մշտապես հարցնում էին՝ ինչո՞ւ են մեզ խաբել պատերազմի օրերին, որ հաղթելու ենք, սուտ խոսելու պատճառով նրանք հեռացան։ Իրենց մտածումը փոխելու համար ժամանակ է պետք, այսօր ինձ համար խնդիր չէ, որ ես տարվա մի մասն այստեղ եմ, մի մաս՝ը Ֆրանսիայում, Արցախից երբեք չեմ հեռանա։ Ստեփանակերտում նպատակներ ունեմ, մեծ նախագիծ պետք է իրականացնեմ, սակայն առայժմ չակերտները չեմ բացի։ Հիմա ես եվրոպայում իմ ընկերներին խորհուրդ կտամ, որ օգնեն Արցախին, Արցախի կողքին լինեն։ 1988 թվականին, երբ մենք Ֆրանսիայում սկսեցինք խաղաղ ակցիաներ, որ օգնեն Արցախին, 6 հոգով էինք նախագահականի մոտ կանգնած, հետո աստիճանաբար շատացանք, մինչև ֆրանսիացիները մեզ օգնեցին։ Ըստ իս, տարբերություն չկա, թե որտեղ ես ապրում, կարևորը՝ կամք ունենաս ու երկրիդ օգնես»,- վստահ ասաց Ժ. Գերգերյանը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում էլ մեր զրուցակիցը հստակ իր տեսակետն ունի. Թուրքիան պետք է պատասխանատվություն ստանձնի, շտկի այն, ինչ արել է 1915 թվականին։ ««Կարմիր գիծ» կա, որը չպետք է անցնել։ Սխալ են արել, պետք է պատասխանատվություն կրեն։ Պետք է հարաբերություններ հաստատել, բայց ոչ Թուրքիայի նախապայմաններով»:

Տեսանյութեր

Լրահոս