Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է հույս չդնե՞լ Ռուսաստանի ռազմական աջակցության վրա

Ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են գեներացնել այն միտքը, թե ռուս-ուկրաինական պատերազմը և դրանից բխող ռիսկերը պետք է սթափեցնեն Հայաստանին և մղեն օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման:

Ադրբեջանական վերլուծաբանների համոզմամբ, հայկական կողմն այլևս չպետք է հապաղի, քանի որ, ըստ նրանց, ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում «նվաճած» արևմտյան նոր պատժամիջոցների և խնդիրների պարագայում Հայաստանին աջակցելու հարցը Ռուսաստանին որոշակի ժամանակ շատ քիչ է   հետաքրքրելու:

«Որքան էլ տարօրինակ թվա, բայց ինչ-որ չափով տարածաշրջանային կայունությունը կախված է Հայաստանից: Ավելի ճիշտ՝ երկու հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նրա ցանկությունից: Երևանում պետք է հասկանան՝ ինչ է տեղի ունենում աշխարհում, ինչ զարգացումներ են տարածաշրջանում, պետք է հրաժարվել ռևանշի մասին մտքերից, որոնք կհանգեցնեն տխուր հետևանքների: Ավելին, Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ հրաժարվի Ռուսաստանի աջակցության հույսերից:

Մենք տեսնում ենք, թե ինչ իրավիճակում է հայտնվել Մոսկվան: Ռուսաստանն այսօր իր խնդիրներն ու հոգսերն ունի, և ակնհայտ է, որ առաջիկա հեռանկարում նա, Հայաստանին աջակցելու մասին չէ, որ մտածելու է՝ ինչպես, ռազմական, այնպես էլ՝ ֆինանսական առումով: Սա նշանակում է, որ Հայաստանն ինքը պետք է որոշի՝ ինչ է անելու»,- գրում է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը:

Բաքվում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այս տրամաբանության մեջ ակնարկել է, որ պատրաստ են տարածաշրջանի երկրների հետ համագործակցել Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված Շուշիի հռչակագրում ներառված հարցերի տրամաբանության շրջանակում:

Եվ քանի որ Շուշիի հռչակագրում նաև անվտանգային խնդիրներ են ներառված, ի՞նչ է ստացվում՝ Թուրքիան ՀԱՊԿ անդամ Հայաստանին անվտանգային երաշխիքնե՞ր է առաջարկում: Ժամանակը ցույց կտա:

Մինչ այդ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսին Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն իր հերթին՝ դիմելով Հայաստանին, նշել է, թե երկար տարիներ հայ-թուրքական սահմանը փակ է եղել, սակայն 44-օրյա պատերազմը և դրա ելքն այլ իրողություն են ստեղծել տարածաշրջանում, ուստի Հայաստանը պետք է կնքի հաշտության պայմանագիր իրենց հետ, կարգավորի հարաբերությունները հարևանների հետ՝ շեշտելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա է լիարժեք կոորդինացիա:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի՝ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներում չի անտեսվել «Զանգեզուրի միջանցքի» հարցը՝ որպես կարևորագույն նախագիծ:

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աշխատանքները կոորդինացվում են Ադրբեջանի հետ: Եվ այդ կոորդինացումը շարունակվելու է: Կարևոր է նաև «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը»,- ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Ի դեպ, Չավուշօղլուի հետ Բաքու է մեկնել նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը:

Թե ի՞նչ նոր նախապայմաններ են մշակվում, բացի նրանցից, որի մասին բարձրաձայնվում է՝ դելիմիտացիայից մինչև Արցախից «հայկական զորքերի դուրսբերում», պարզ կդառնա, թերևս, առաջիկայում:

Իսկ ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, շարունակում են լռել, թեպետ, ըստ էության, նա տվել է իր համաձայնությունը Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքելու հարցում: Խնդիրն այն է՝ ի՞նչ նոր զիջումներ են պահանջելու մեզանից Թուրքիան և Ադրբեջանը՝ օգտվելով ռուս-ուկրաինական ճգնաժամից:

Տեսանյութեր

Լրահոս