ԱԺ-ում երկուստեք անթույլատրելի բառապաշար է օգտագործվում․ նոր ՄԻՊ-ը՝ Փաշինյանի երեկվա վարքագծի մասին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այսօր առաջին անգամ էր ի պաշտոնե մասնակցում  Կառավարության նիստին:  Ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում էլ լրագրողները հարց ուղղեցին երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի և Նիկոլ Փաշինյանի թույլ տված արտահայտությունների վերաբերյալ: Նորընտիր ՄԻՊ-ը երեկ տեղի ունեցածն անթույլատրելի արարք որակեց։

«Ընդհանրապես մեր երկրում և Ազգային ժողովում երևի թե ավելի սուր է արտահայտվում քաղաքական բանավեճը, ընդ որում, ուզում եմ շեշտել, երկուստեք քաղաքական բանավեճը շատ բևեռացված է, շատ անթույլատրելի բառապաշար է օգտագործվում, և ինքս ընտրության ընթացքում առաջարկել եմ, նույն այդ ատելության խոսքի հակազդմանն ուղղված իմ ջանքերի մեջ պատկերացրել եմ նաև քննարկումներ ԱԺ պատգամավորների, Կառավարության ներկայացուցիչների, ընդհանրապես քաղաքական գործիչների մասնակցությամբ, որպեսզի մենք սահմանենք կանոններ, օրինակ՝ Ազգային ժողովի դահլիճում բառապաշարի հետ կապված։ Միջազգային պրակտիկան տարբեր մոտեցումներ ունի, որոնք, օրինակ, դահլիճի լեզուն են սահմանափակում, նաև որոշակի էթիկական վարքագծային կանոնագրքեր են զարգացնում, այս առումով, կարծում եմ՝ մենք հսկայական գործ ունենք անելու․․․»,- ասաց նոր ՄԻՊ-ը։

Կրկին վերադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին՝ Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ Ազգային ժողովում ունենք ծայրահեղ բևեռացված խոսք, ինչի դեմ պետք է պայքարել։

Քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել և ընտրել, լրագրողները նրան հարցրեցին՝ արդյոք ունի՞ կաշկանդվածություն, ապա կոնկրետ օրինակներով հիշեցրին Նիկոլ Փաշինյանի՝ շինելու վերաբերյալ հայտարարությունը՝ ուղղված քաղաքական ուժերին, ինչպես նաև Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հայտարարությունը, թե 44  դատավոր կոռումպացված են, ապա այդ թիվը նվազեց և դարձավ 39։ Հարցին՝ ե՞րբ և ի՞նչ գործիքակազմով եք պատրաստվում, այդ թվում՝ վարչապետին, զսպել և այդ պոպուլիստական հայտարարությունները նորմալ մակարդակի բերել, նոր ՄԻՊ-ը պատասխանեց․

«Իմ գնահատականն այն է, որ քաղաքական գործիչները կարող են ունենալ քաղաքական սուր խոսք, բայց դրանք չպետք է սահմանակցեն հանցագործությունների մասին հաղորդումների վերաբերյալ։ Այստեղ իրավապահ համակարգն իր գործը պետք է անի, քաղաքական գործիչը սուր խոսք ունենալով՝ նաև հանրությանը ներկայացնի, թե ինչպես ենք պատկերացնում փոփոխություններ․․․»։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի օր էր, և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հնչեցրած հարցը  Նիկոլ Փաշինյանին հունից հանեց, ինչից հետո նա հենց ԱԺ ամբիոնից սկսեց բղավել, մատ թափ տալ պատգամավորների վրա։

«Ուրեմն ձեր չափն իմացե՛ք, հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, թա՛փ կտամ մատ, պետք ըլնի՝ ուրիշ բան էլ թափ կտամ․․․»,- ԱԺ ամբիոնից իջնելով՝ Սեյրան Օհանյանին ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս