Հասարակությունը փոխելու համար անհրաժեշտ է հասարակության 2 տոկոսի ակտիվությունը. Դավիթ Հարությունյան

«Մենք այս պահին ունենք անգործունակ կառավարություն, պրակտիկորեն անգործունակ ՊՆ և ԱԳՆ, թուլացած բանակ, բաժանված հասարակություն և բազում նման բացասական երևույթներ»,- «Հայկական օրակարգ, հետպատերազմյան անելիքներ» թեմայով քննարկման ժամանակ արձանագրեց Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Դավիթ Հարությունյանը։

Դավիթ Հարությունյանը հանրությունը պայմանականորեն բաժանեց մի քանի խմբի՝ պացիֆիստներ, որոնք հանդես են գալիս թշնամու հետ ցանկացած գնով հաշտվելու տեսանկյունից, ինքնիշխանության նկատմամբ բացարձակապես անտարբեր են, պատրաստ են տնտեսական և ֆիզիկական անվտանգության դիմաց հնազանդության և տարածքային զիջումների, անտարբերներ, որոնց հիմնական թեզը «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»-ն է,  համակերպվողներ, որոնք տեղի ունեցածն ընդունում են՝ որպես ավարտված իրողություն, և եռանդուն ազգայնականներ, փոքր-ինչ ռազմատենչ, որոնց բառապաշարը չի փոխվել տարիներ ի վեր:

«Ո՞րն է պատճառը, որ մեր հասարակությունն այսքան խոշոր խմբեր ունի, որոնք կարծես դարձել են արգելակ մեր երկրի առաջընթացի համար: Կարծում եմ՝ դա առաջին հերթին շոկն է. շոկ, որովհետև ունեցել ենք սին պատրանքներ՝ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք.  քրիստոնյա աշխարհը մեզ կաջակցի, մենք բռնապետություններով շրջապատված ժողովրդավարություն ենք. ժողովրդավար աշխարհը մեզ կաջակցի, մենք հայկական լեռնաշխարհի բնիկ ժողովուրդ ենք. աշխարհը մեզ կաջակցի: Պարզվեց, որ այս ամեն ինչը փուչ է,  չկա այդպիսի բան. աշխարհում գործում է ուժը, և այն, թե ինչ ես կարողանում առաջարկել ինքդ աշխարհին: Չես կարողանում ոչինչ առաջարկել, հրաշալի է. քո տեղը թանգարանում է»,- հավելեց նա:

Խոսելով այս իրավիճակից դուրս գալու հնարավոր քայլերից՝ ՀՀԿ փոխնախագահը նկատեց, որ  ամեն ինչ պետք է սկսել զրոյից։

«Պետք է իսկապես որակապես նոր խնդիր դնենք մեր ազգի և մեր պետության առջև։ Եվ դա իրատեսական է, որ դրան կարելի է հասնել, և պատմությունը՝ նաև այլ երկրների, դրա մասին է խոսում։ Շատ ամբիցիոզ, շատ դժվար իրագործելի, բայց իրագործելի,- պարզաբանեց Դավիթ Հարությունյանը՝ վստահեցնելով,- Հասարակությունը փոխելու և իմ ասած ամբիցիոզ ծրագրերը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է հասարակության 2 տոկոսի ակտիվություն, ընդամենը. 2 տոկոս, բայց պայքարող, տեսլական ունեցող հանրությունը, բնականաբար, հաղթելու է և շարժվելու է առաջ»:

Տեսանյութեր

Լրահոս