Եթե ռուսները խրվեն ճահճի մեջ, Արցախի և Սյունիքի հարցով Ադրբեջանի և Թուրքիայի համար պատուհան է բացվում. Ղևոնդյան

Այսօր՝ ռուս-ուկրաինական պատերազմի 5-րդ օրը, Բելառուսի և Ուկրաինայի սահմանին գտնվող Պրիպյատի շրջանում մեկնարկեցին Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնական պատվիրակությունների բանակցությունները։

Ուկրաինայի պատվիրակության կազմում են պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը և Պոդոլյակը։

Ռուսաստանի պատվիրակության կազմում արտգործնախարարության, պաշտպանության նախարարության և այլ գերատեսչությունների, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ են։

Ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները խոսում են այն մասին, որ, խոշոր հաշվով, գործ ունենք ոչ թե Ռուսաստան-Ուկրաինա, այլ Ռուսաստան-հավաքական Արևմուտք պատերազմի հետ, հետևաբար՝ Ուկրաինան այս դեպքում հանդես է գալիս՝ որպես գործիք, իսկ դա ուկրաինական գործող իշխանության համար բավականին հարմարավետ կարգավիճակ է։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Ռուսաստան-Արևմուտք, մասնավորապես՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի մասին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ հավելելով.

«Ի դեպ՝ այդպիսի երկրներից են նաև Վրաստանը և Հայաստանը։ Կան պետական իշխանության տեսակներ, որոնց համար սպասարկու կամ գործիք լինելը կոմֆորտի զոնա է, իսկ Արևմուտքն այդպիսի երկրների հետ շփվում է հետևյալ բանաձևով՝ որքանով կկարողանաս վնաս հասցնել Ռուսաստանին։

Իհարկե, այդ երկրները բոլորն ունեցան տարածքային, ռազմատեխնիկական, բնակչության, տնտեսական և այլ կորուստներ, բայց քանի որ այդ պահի իշխանությունների համար դա հարմարավետ է, Արևմուտքի հետ հարաբերվում են այդպես»,- ասաց Ղևոնդյանը՝ ընդգծելով, որ ցավալիորեն, այս ամենին զուգահեռ՝ Հայաստանում կան շերտեր, որոնք բացառապես կապ չունեն հայկական շահի հետ և սպասարկում են բացառապես այլ պետությունների շահերը, թեև Հայաստանն ունի անվտանգային լրջագույն խնդիրներ։

«Մեր հասարակական դիսկուրսում բավական չէր սևերի ու սպիտակների բաժանումը, հիմա էլ ի հայտ են եկել ռուսական և ուկրաինական շահերը սպասարկողները, որոնք բացարձակապես կապ չունեն հայկական շահի հետ, և դա նողկալի է»,- նկատեց քաղաքագետը։

Անդրադառնալով Ռուսաստան-Արևմուտք պատերազմի վերաբերյալ պաշտոնական Երևանի արձագանքի բացակայությանը, Ալեն Ղևոնդյանը նկատեց՝ դրա պատճառն այն է, որ ՀՀ գործող իշխանության ղեկավարն ունի ընդամենը սեփական աթոռը պահպանելու խնդիր, հետևաբար՝ սպասում է, թե որ կողմ կթեքվի ծանրաձողը. որ կողմ թեքվեց՝ նրան էլ կաջակցի։

«Գործող վարչապետը բացառապես մեկ նպատակ ունի՝ մնալ իշխանության, դրա համար չի ուզում դիրքորոշում հայտնել, որովհետև մտածում է, իսկ եթե ՌԴ-ի դիրքերը թուլանան, այդ ժամանակ ինքը հարվածի տակ է հայտնվելու։

Մյուս կողմից, եթե ասի, որ չեն աջակցում Ռուսաստանին, կարող է իր այդ որոշումն իր համար ճակատագրական լինել ռուսական կողմի հաղթանակից հետո։

Հայաստանի պարագայում պետք է նկատի ունենալ, որ խոսքը ոչ թե պետության շահի մասին է, այլ անհատի՝ պաշտոնին մնալ-չմնալու, մինչդեռ ակնհայտ է, ինչպես դիրքորոշում հայտնելը, այնպես էլ չհայտնելը ենթադրում է պատասխանատվություն»,- ասաց Ալեն Ղևոնդյանը։

Անդրադառնալով ընթացող պատերազմին զուգահեռ՝ ընդդեմ Ռուսաստանի գործող որոշ արևմտամետ մարդ-կուսակցությունների ներկայացուցիչների հետ Փաշինյանի հանդիպմանը, Ալեն Ղևոնդյանն ընդգծեց.

«Պարզ էր, որ այսպիսի իրավիճակում նման շրջանակի հետ հանդիպումը հենց այնպես չէր, որոշ մեսիջներ ուղղելու խնդիր էր դրված։ Խոշոր հաշվով՝ ո՞ւմ է ամենաշատը ձեռնտու, որ ռուսական ռազմաբազան դուրս գա Հայաստանից, իհարկե Թուրքիային, իսկ ի՞նչն է պակասում Թուրքիային, որ վճարի Հայաստանում որոշ շրջանակների՝ ընդդեմ Ռուսաստանի գործելու համար, դարձյալ, իհարկե, ոչինչ»,- ասաց Ղևոնդյանը՝ հավելելով,- Մինչդեռ ակնհայտ է, որ Ռուսաստան-Ուկրաինա-Արևմուտք պատերազմը ծանր հետևանքներ է ունենալու Հայաստանի տնտեսության ու սահմանային անվտանգության վրա։ Դրանից բացի, եթե ռուսները խրվեն այս ճահճի մեջ, Ադրբեջանի ու Թուրքիայի համար Արցախի և Սյունիքի հարցով պատուհան է բացվում»։

Հարցազրույից մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս