«Թուրքիան իր օրակարգում պահելու է նախապայմանները, իսկ Հայաստանը պատրա՞ստ է այդ նախապայմաններով հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ». Քրիստինե Մելքոնյան
Թուրքագետ Քրիստինե Մելքոնյանի կարծիքով՝ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելիս Թուրքիան երբեք չի հրաժարվի իր նախապայմաններից։
«Թուրքիայի այդ նախապայմանները միշտ օրակարգային կլինի, որովհետև այդ կերպ, կարելի է ասել, նա պաշտպանում է իր ազգային շահը։ Հնարավոր է, որ տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները Թուրքիային ստիպում են գնալ այդ քայլին։ Հատկապես, եթե բարենպաստ պայմաններ են ստեղծվել, և Հայաստանի կառավարությունն ավելի պատրաստակամ է։ Հնարավոր է, որ այս բանակցային գործընթացը ևս չունենա ցանկալի արդյունք, որովհետև մենք դա «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ տեսանք, նաև մյուս բանակցային գործընթացներին։ Որևէ մեկը չի կարող երաշխավորել և, իմ կարծիքով, Թուրքիան իր նախապայմաններից երբեք չի հրաժարվի։ Նա իր օրակարգում դրանք պահելու է, իսկ Հայաստանը պատրա՞ստ է այդ նախապայմաններով հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ սա արդեն այլ հարց է»,- այս մասին 168.am–ի հետ զրույցում ասաց Քրիստինե Մելքոնյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և այդ համատեքստում՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպմանը։
Ինչ վերաբերում է այդ նախապայմաններով Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու վտանգավոր հետևանքներին, թուրքագետը նկատեց՝ ճիշտ է, որևէ մեկը չի կարող կանխատեսումներ անել, սակայն այդ դեպքում մեկ բան հաստատ է՝ հաշվի առնելով այն քաղաքականությունը, որը Թուրքիան վարում է Վրաստանում և այլ պետություններում՝ տնտեսական առումով, օգտագործելով «փափուկ ուժի» քաղաքականությունը, այդ դեպքում տեսանելի կլինի, թե Հայաստանի տնտեսությունն ինչ կախվածության մեջ է հայտնվելու Թուրքիայից։
«Այս դեպքում թուրքական կապիտալն ավելի մեծ դեր կխաղա, և Հայաստանը ստիպված կլինի, այսպես ասած՝ համակերպվել, որ տնտեսությունն ամբողջովին կախված է Թուրքիայից»,- հավելեց Քրիստինե Մելքոնյանը։
Թուրքագետի գնահատմամբ՝ այսօր Հայաստանն իր նախապայմանները հստակ պետք է ներկայացնի Թուրքիային, հակառակ դեպքում Հայաստանն իր հարաբերությունները կհաստատի Թուրքիայի հետ՝ որպես պարտված երկիր։
«Մեր նախապայմանները հստակ պետք է լինեն՝ պետության կողմից մշակված, քանի որ մենք գործ ունենք մի պետության հետ, որը երկար տարիներ արդեն իրականացնում է կազմակերպված արտաքին հարաբերություններ։ Թուրքական դիվանագիտության հետ պետք է ավելի հստակ գործունեություն ծավալել։ Նախևառաջ՝ Հայաստանը երբեք չպետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից, Հայաստանի տարածքային ամբողջականությունից, նաև Արցախի հետ կապված պետք է ներկայացվի պահանջներ, այս ամենով է պայմանավորված մեր ազգային ինքնության հարցը»,- ընդգծեց Քրիստինե Մելքոնյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մատնանշած «դրական ազդակներին», որոնք նա ստացել է Թուրքիայից, թուրքագետն ասաց, որ ինքը դրական որևէ ազդակ չի նկատել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում