ՊՇՌ թեստի բացասական արդյունք կամ պատվաստման հավաստագիր պահանջելու որոշման հետևանքով հանրային սննդի օբյեկտներ և մշակութային կենտրոններ այցելողների թիվը նվազել է

Առողջապահության նախարարի հրամանով՝ հունվարի 22-ից Հայաստանում հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, գրադարաններ, թանգարաններ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը թույլատրվում էր միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստման հավաստագրով։ Տնտեսվարողները պետք է ստուգեին՝ արդյոք քաղաքացին ունի՞ համապատասխան փաստաթղթերը, թե՞ ոչ, իսկ տնտեսվարողներին արդեն տեսչական մարմինները պետք է վերահսկեն։ Եթե տնտեսվարողը չպահպաներ կանոնները, ապա առաջին անգամ տուգանվելու էր 100-300 հազար դրամով, կրկնվելու դեպքում՝ մինչև 500.000 դրամով։

«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Աշոտ Բարսեղյանի փոխանցմամբ՝ որոշումը բացասաբար է ազդել հանրային սննդի օբյեկտների գործունեության վրա:

«Շատ վտանգավոր բան է անում Առողջապահության նախարարությունը: Պարզ չեն օրենքի կիրառման հիմքերը, ձևերը, ու մարդկանց տուգանում են՝ կարանտինի նորմերի խախտման հիմքով: Ով որ տուգանվել է՝ բողոքարկելու է: Պետք է սա կիրառեին հասարակական տրանսպորտում, որովհետև անձը տրանսպորտ նստելով՝ հասնում է ռեստորան: Սակայն այնտեղ եթե չեն կիրառում, այլ տեղերում կիրառելու իմաստը ո՞րն է: Որոշումը մեծ հարված էր հասցրել՝ մոտ 50 տոկոսով նվազել է շրջանառությունը: Հատկապես ձմեռային սեզոնը մեզ համար ահավոր էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահը:

Վնասը շարունակում են կրել նաև մշակութային կենտրոնները:

Երևանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն Մանվել Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ հսկել կարողանո՞ւմ են, և արդյո՞ք կա հանդիսատեսի թվի նվազում,  մեր զրուցակիցը դրական պատասխան տվեց. «Այո, նվազել է, բայց հսկել փորձում ենք, քանի որ հանդիսատեսի քանակը քիչ է՝ վերահսկել ստացվում է»:

Հավելենք, որ պահանջը չի վերաբերում մինչև 18 տարեկաններին, հղիներին, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցողներին՝ բացարձակ հակացուցման մասին բժշկական փաստաթուղթ (առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից տրված Առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 88-Ն հրամանի պահանջների համաձայն) ներկայացնելու դեպքում, նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածներին՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքը հավաստող Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգից արտատպված սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28