Թուրքական ապրանքների ներկրման արգելքի գործընթացը ձախողված է. Փորձագետ
Թուրքական արտադրության ապրանքների ներկրման արգելքի գործընթացն, ընդհանուր առմամբ, ձախողված է , և սկզբից մինչև վերջ ունեցել խեղված տրամաբանություն։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրել է տնտեսագետ-վերլուծաբան Լիլյա Ամիրխանյանը։
44 օրյա պատերազմի ժամանակ նշված արգելքը մտցնելու որոշումը որքան էլ տնտեսական գործիքի էմբարգո էր, բայց նաեւ, ինչպես նշեց փորձագետը, քաղաքական, օբյեկտիվ կայացված որոշում՝ հաշվի առնելով Թուրքիայի անթաքույց մասնակցությունը Արցախի դեմ 44-օրյա պատերազմում։ Այդ ժամանակ երկու կարծիք, ըստ էության չկար, եւ բոլորը համաձայն էին այդ որոշման հետ։
«Պետությունը՝ որպես կառավարող մարմին, պետք է իրականացներ համապատասխան գործընթաց, քարոզչություն, ուղղակի աջակցություն բիզնեսին, նաև իրականացներ քարոզչություն սպառողների շրջանում, որ թուրքական ծագման ապրանքներից հրաժարումը չդիտվի պահի էմոցիոնալ ֆոնի տակ ինչ -որ գործողություն։ Այսինքն՝ սպառողն, այո՛, և՛ էմոցիանալ, և՛ պատերազմի պատճառով օբյեկտիվ որոշում կայացնելով, հրաժարվեց թուրքական ապրանքներից, բայց հետո, գործողությունների չկատարման պարագայում՝ ի վերջո սպառողը պետք է գնար իր համար շատ ավելի ձեռնտու տարբերակի, օրինակ՝ էժան թուրքական ապրանքի ձեռքբերմանը»,- նկատեց Լիլյա Ամիրխանյանը՝ նշելով, որ, այդուհանդերձ, որեւէ վերահսկողություն իրականում չի եղել եւ թուրքական ծագման ապրանքները շարունակել են լինել հայկական շուկայում։
Փորձագետը հիշեցրեց, որ 2020 թվականի հոկտեմբերին կառավարությունը 2 ամիս ժամանակ տվեց բիզնեսմեններին, թուրքական ծագման ապրանք ներկրողներին, վերավաճառողներին՝ արգելքին հարմարվելու նպատակով։ «Այդ 2 ամսվա մեջ որևէ օրենսդրական, նորմատիվ այլ լծակ չի եղել որպեսզի այդ ամիսներին չպահուստավորվեր նույն թուրքական ծագման ապրանքն այն աստիճան, որ հաջորդ 6 ամսվա ընթացքում այնուամենայնիվ թուրքական ապրանքները շուկայում չլինեին։ Թուրքական ապրանքների շարունակականությունը, չնայած արգելքի, չենք կարող բացառապես պայմանավորել, որ այլ՝ 3-րդ, երկրներից էին մտնում, կամ այլ՝ տարբեր ճանապարհներով էին մտնում, կոծկվում դրանց թուրքական լինելը։ Չի բացառվում, որ այդ 2 ամիսների ընթացքում բիզնեսվարողները կարողացան պահեստավորել այնքան ապրանք, որ առաջիկա այդ ինչ ժամանակահատվածում կարողանան կատարել իրենց վաճառքները։ Այսինքն՝ այստեղ որոշակի բաց կար։ Քանի որ խնդիրը ձևակերպված էր միայն ներկրման ուղղությամբ, վերահսկողություն չկար, որ այդ ապրանքները շուկայում չլինեն»,- արձանագրել է տնտեսագետը։ Ավելին, պատշաճ քարոզչական աշխատանք չկատարվեց նաեւ, որ շարունակենք հրաժարվել թուրքական ապրանքներից ու աջակցենք տեղական արտադրությանը։
Կառավարությունն օրերս որոշեց չերկարացնել թուրքական արտադրանքի ներմուծման համար արգելքը, ինչը նախարար Վահան Քերոբյանը փորձեց հիմնավորել հայ արտադրողի համար՝ մրցակցային դաշտ ստեղծելու մտադրությամբ։
Մինչդեռ, ինչպես նշեց փորձագետը, մինչև վերջին պահը Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ էր մշակում այդ արգելքի վերացման որոշումը երկարաձգելու համար։
«Ինչ վերաբերում է օբյեկտիվ դիտարկմանը,ապա այո՛, շուկայի բաց լինելը մրցակցային է, բայց մրցակցության համար պետք է ունենալ հիմք։ Այսինքն՝ եթե որոշակի ժամանակահատվածում որոշակի էմբարգոյի սահմանման արդյունքում տեղի արտադրողը ունենում է իր գործունեությամբ զբաղվելու միջավայր, բայց այդ ժամանակահատվածն արդյունավետ չի օգտագործվում՝ աջակցության ծրագրերով, այլ շուկաներ ուղղորդելով, այլ գործիքակազմ տրամադրելով և հետո նորից արգելքը հանվում է, և ասել, որ տեղի արտադրողների համար մրցակցություն ստեղծելու որոշում է, առնվազն վիրավորական է»,- ասաց տնտեսագետը։
Ավելին, նրա գնահատմամբ, պատկան մարմինները որեւէ խորքային վերլուծություն չեն իրականացրել, թե այդ արգելքը ինչ դրական ու բացասական արդյունքներ է ունեցել մեզ համար, որի հիման վրա հնարավոր լինի նաեւ գնահատել, թե արգելքը չեղարկելը որքանով էր ճիշտ։ «Եվ՛ արգելքի սահմանման պահին, և՛ չեղարկման պահին այն խորքային հետազոտության վերլուծության կարիքը, որը մենք ունեինք, ցավոք պատկան մարմինների կողմից ականատես չեղանք։ Այնինչ, բոլոր լծակները, հաշվարկի բոլոր հնարավոր մեխանիզմներն առավել քան տիրապետում են պատկան մարմինները։ Պետք է փաստենք, որ այս ամենը կարող ենք համարել ընդհանուր առմամբ ձախողված և սկզբից մինչև վերջ խեղված տրամաբանություն»,- նշել է Լ.Ամիրխանյանը՝ ավելացնելով, որ պատկան մարմինների կողմից չեղավ հստակ նպատակադրումը, եթե չկար նպատակը, հետևաբար չէր էլ լինելու գնահատականը՝ ինչին հասանք և ինչին չհասանք։
«Այստեղ կա մեկ այլ խնդիր՝ մարդիկ միանգամից կանգնեցին արգելքի առաջ, արգելքը կար, պետության կողմից այլընտրանքային առաջարկները չկային, բնականաբար, իրենք իրենց «անվտանգության բարձիկները» պետք է ստեղծեին։ Այս խնդիրը նորից մտնում է տրամաբանության խեղման մեջ, այսինքն՝ երկարաժամկետ պլանավորման տեսանկյունից տեղի արտադրողը չուներ որոշակիություն և բնական է, որ այս ամեն ինչը պիտի ենթարկվեր ձախողման, ինչն էլ, ըստ էության, եղավ»,- եզրափակել է նա։