Ռուսաստանը չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան. Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանը չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան: Ռուսական կողմը շահագրգռված է ունենալ անկախ՝ այդ թվում և արտաքին կառավարումից անկախ, բարեկեցիկ հարևան պետություն, որը կներկայացնի ուկրաինական հասարակության բոլոր հատվածների շահերը: Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Անդրադառնալով մտավախությանն այն մասին, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից հետո Ադրբեջանը կարող է օգտվել առիթից և լարել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ դեսպանը հիշեցրեց, որ Ռուսաստանի համար թանկ են Հայաստանի հետ հարաբերությունները: Նրա խոսքով՝ կարևոր է, որ հայ ժողովուրդն իրեն անվտանգ զգա, իսկ դրա երաշխավորը հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն են:

– Պարոն դեսպան, խնդրում եմ ներկայացրեք մեր ընթերցողներին՝ ի՞նչ է այժմ տեղի ունենում Ուկրաինայում:

– Լիարժեքորեն հասկանալու համար, թե ինչ է այնտեղ տեղի ունենում, անհրաժեշտ է գոնե ընդհանուր գծերով պատկերացնել հարցի նախապատմությունը: Նախ և առաջ, պետք է գիտակցել, թե որոնք են Կիևի ներկայիս վարչակազմի ակունքները: Իսկ դրանք 2014 թվականին տեղի ունեցած արյունալի պետական հեղաշրջման մեջ են, որի շարժիչ ուժը ազգայնական և նեոնացիստական տարրերն էին: Դրա մանրամասներն ու հանգամանքները դեռ խորը և օբյեկտիվ հետաքննության կարիք ունեն, այդ թվում և արտաքին ուժերի կողմից այս գործում ունեցած մասնակցության մասով: Հեղաշրջումից հետո, արտաքին կոշտ կառավարման ներքո, վերջնականապես որոշվեց ընտրել Ուկրաինայից «հակա-Ռուսաստան» ձևավորելու ուղղությունը՝ հենվելով ակնհայտ նեոնացիստական ուժերի վրա, որոնք էլ իշխանություններին թելադրում էին վարքի կանոնները: Դրա հետ մեկտեղ Ուկրաինայում ավելի ակնհայտ սկսեց դրսևորվել «Արևմուտքի ընդհանուր գիծը», իսկ ավելի հստակ՝ ԱՄՆ-ի գիծը՝ մեր սահմանների երկայնքով ստեղծելով հակառուսական «կորդոն»՝ օգտագործելով հասարակական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների կողմից վերահսկվող ֆինանսական հոսքերը, ներքաղաքական գործընթացներին բացահայտ միջամտությունները, պարտադրելով սեփական արժեհամակարգերն ու պետականաշինության պատկերացումները: Այդ ընթացքում կանգ չառնելով «խնամարկյալ» երկրներին ու դրա ժողովուրդներին պատմական, հոգևոր, մշակութային ավանդույթները պարտադրելու առաջ:

«Հետմայդանային» Ուկրաինայի կյանքում գրեթե անմիջապես սկսեցին ի հայտ գալ նաև ավելի անհանգստացնող երևույթներ. նեոնացիզմի ու շովինիզմի ի հայտ գալը, այլախոհների հետապնդումները, ովքեր խոսում էին ոչ այն լեզվով և դավանում էին ոչ այնպես, ինչպես «իսկական ուկրաինացու» համար «ճիշտ» էին համարում Կիևի իշխանությունները: «Արտաքին սպառնալիքի» պատրվակով տեղի էր ունենում ժողովրդավարության բոլոր նորմերի ու մարդու իրավունքների ցինիկ խախտում: Գլխավոր հարվածը ստացան ազգային փոքրամասնությունները: Հիմնական թիրախ ընտրվեցին ռուսներն ու ռուսալեզու քաղաքացիները (ինչի մասին է այսպես կոչված օրենքը բնիկ ժողովուրդների մասին): Այս ֆոնին խոսուն է Արևմուտքի և նրանց կողմից վերահսկող միջազգային կառույցների լռությունը: Ըստ էության, արևմտյան գործընկերներն արդեն չէին էլ թաքցնում, որ Ռուսաստանի ու ռուսների նկատմամբ համամարդկային արժեքները դուրս են մղվել աշխարհաքաղաքական մոտեցումներից ելնելով:

Քաջ հայտնի է, որ «հետմայդանային» Ուկրաինայում ռուսական ամեն բան ճնշելու այս գիծն էլ Ղրիմի բնակիչների՝ հօգուտ Ռուսաստանի արված սուվերեն ընտրության և Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցած զարգացումների հիմնական պատճառը դարձավ:

Հատկանշական է, որ Կիևի իշխանությունների այս նողկալի առանձնահատկություններն ուկրաինացի ընտրողն ինքն էլ չէր ընդունում: Հիշեցնեմ, որ գործող նախագահն ընտրություններում հաղթեց հենց խաղաղության ու «նորմալ իրավիճակին վերադառնալու» խոտումների շնորհիվ: Այս կարգախոսներն այնքան գրավիչ թվացին, որ քաղաքականության մեջ նորեկ Վ. Ա. Զելենսկին երկրորդ փուլում հավաքեց ավելի քան 73 տոկոս: Այդուհանդերձ, պետության գլուխը դառնալով՝ նա ակնհայտորեն չգտավ ոչ ուժ, ոչ քաղաքական կամք՝ կյանքի կոչելու իր խոստումներն ու ժամանակի հետ ավելի շատ վերածվեց, ինչպես շատերն են կարծում, «Պորոշենկոյի ավելի վատ պատճենի»: Ձևականորեն փոխելով իշխանությունը՝ ուկրաինացիներն ըստ էության չկարողացան ոչինչ փոխել, չստացան այն, ինչն ակնհայտորեն ուզում էին և հանուն ինչի ճնշող մեծամասնությունը քվեարկեց ընտրություններում:

Ինչպես երևի թե գիտեք, Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության (ցավոք տեղի չունեցած) կարգավորման գործում կարևորագույն քայլ պետք է դառնային 2015 թվականի Մինսկի համաձայնությունները կամ Մինսկ-2-ը: Դրա բովանադակությունն իրենից ներկայացնում էր փոխզիջումային պայմանավորվածություն հակամարտող կողմերի միջև (Ուկրաինայի և այն ժամանակ չճանաչված Դոնբասի հանրապետությունների միջև): Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Ուկրաինայի առաջնորդներն իրենց հռչակագրերով աջակցություն հայտնեցին դրան, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 2015 թվականի փետրվարի 17-ին 2202 բանաձևի հաստատումը Մինսկ-2-ը վերածեցին միջազգային իրավունքի փաստաթղթի:

Կողմերը պարտավորվում էին ջոկատները դուրս բերել շփման գծից և հակամարտության գոտում չտեղակայել ծանր զինատեսակներ: Այս սահմանափակումների պահպանման վերահսկողությունը պետք է իրականացնեին ԵԱՀԿ դիտորդները: Ուկրաինան պարտավորվում էր ընդունել օրենք Լուգանսկի և Դոնեցկի շրջանների հատուկ կարգավիճակի մասին, ընտրություններ անցկացնել այնտեղ ու անգամ համաներում հայտարարել բախումների մասնակիցների նկատմամբ, ինչպես նաև երկրի սահմանադրության մեջ ամրագրել ապակենտրոնացման սկզբունքը՝ հաշվի առնելով մարզերի օրինական իրավունքները: Ընտրություններից հետո ուկրաինական իշխանությունները վերահսկողություն կստանային արևելյան սահմանի նկատմամբ, այսինքն, հակամարտությունը վերջնականապես կարգավորված կլիներ:

Տեքստը շատ հստակ է և միանշանակ: Սակայն Կիևի իշխանությունները գործնականում անմիջապես սկսեցին հետ կանգնել սեփական պարտավորություններից: Բացահայտորեն բարձրաձայնվում էին Դոնբասի հանրապետությունների դեմ բլիցկրիգի ծրագրերը: Ութ տարի խաղաղ բնակչությունը ստիպված էր ապրել ուկրաինական զինված ուժերի նշանառության ու կրակի տակ: Հանրապետություններում ակտիվորեն գործում էին ուկրաինական դիվերսիոն խմբերը: Ռուսաստանն արել է հնարավոր ամեն բան՝ պահպանելու հարևան երկրի տարածքային ամբողջականությունը: Երկար տարիներ Մոսկվան համառորեն պայքարում էր Մինսկի համաձայնությունների կյանքի կոչման օգտին՝ հաղթահարելով թե՛ Կիևի ռեժիմի, թե նրա արևմտյան հովանավորների դիմադրությունը: Մենք նախազգուշացնում էինք, մենք ասում էինք բոլոր հարթակներից, որ Մինսկ-2-ը միակ ուղին է Ուկրաինայի համար՝ մնալու գոյություն ունեցող սահմաններով: Սակայն ամեն բան ապարդյուն:

– Ի՞նչը թույլ չտվեց Մինսկի համաձայնություններին դառնալ ստեղծված իրավիճակի ելքը: Չէ՞ որ խոսքի մակարդակում բոլորը երդվեցին հավատարիմ մնալ դրա դրույթներին:

– Նախ և առաջ, թույլ տվեք նկատել՝ դուք ճիշտ ձևակերպեցիք՝ «խոսքի մակարդակում»: Գործնականում Մինսկ-2-ի դրույթներին հետևում էին հիմնականում դոնբասցիները: Ինչ վերաբերում է Կիևի ռեժիմին, ապա դրա ներկայացուցիչները չէին էլ թաքցնում, որ չեն պատրաստվում կյանքի կոչել Մինսկի համաձայնությունները: Նրանք մերժում էինք սեփական պարտավորությունները, առաջարկում վերաշարադրել համաձայնության տեքստը (այսինքն, կրկին այնտեղից հանել ամեն բան, որը պետք է կատարեր ուկրաինական կողմը), Արևմուտքից խնդրում էին օգնություն և մեր դեմ նոր պատժամիջոցներ, իսկ Ռուսաստանից՝ զիջումներ: Եվ սա այն դեպքում, երբ մեր երկիրն անգամ Մինսկի համաձայնությունների կողմ չէ (ինչում շատ հանգիստ կարող է համոզվել ցանկացած ոք, ով կկարդա դրա տեքստը, այն հասանելի է):

Միևնույն ժամանակ, Գերմանիան և Ֆրանսիան, որոնք Մինսկի երաշխավորներն են, առհասարակ հավաքական Արևմուտքը, ըստ էության, պաշտպանում էին Կիևին՝ նախընտրելով չնկատել այն ակնհայտ ցեղասպանությունը, որն իրականացվում էր Կիևին չենթարկվող Դոնբասի բնակչության նկատմամբ. խոսքը գրեթե չորս միլիոն մարդու մասին է: Ցանկացած քննադատություն և պահանջ մշտապես հասցեագրվում էր դոնբասցիներին և Ռուսաստանին: Հանրապետության բնակիչների արյան վրա այս աբսուրդի թատրոնը չէր կարող հավերժ շարունակվել: Եվ երբ ուկրաինական իշխանություններն ակնհայտորեն ի ցույց դրեցին խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունը, Ռուսաստանը ստիպված եղավ միջամտել: Մեզ այլ ելք չթողեցին: Չթողեցին նաև այն պատճառով, որ Արևմուտքի և նեոնացիստների ձեռքերով ձևավորված «հակա-Ռուսաստանը» բառացիորեն դարձավ Ռուսաստանի «քունքին ուղղված լիցքավորված ատրճանակ»: Նախագահ Վ. Վ. Պուտինի խոսքով՝ «հատեցին կարմիր գիծը», մեր պետության համար գոյաբանական սպառնալիք առաջացավ՝ կապված դեպի մեր սահմաններ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների առաջխաղացմամբ, դաշինքի կողմից ուկրաինական տարածքի ռազմական յուրացմամբ, Կիևին մահացու սպառազինության տրամադրմամբ: Եվ այս ամենն Արևմուտքի կողմից անվտանգության ոլորտում մեր մտահոգությունների և առաջարկների նկատմամբ բացահայտ ցինիկ արհամարհանքի ֆոնին: Ի վերջո, Կիևի կողմից բարձրաձայնված մտադրությամբ՝ ձեռք բերելու միջուկային զենք:

Ոչ ոք չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան: Ռազմական գործողությունների նպատակը, և այդ մասին հստակ հայտարարել է Ռուսաստանի նախագահը, Դոնբասի ժողովրդին փրկել ցեղասպանությունից և ապահովել Ուկրաինայի դեմիլիտարիզացիան ու դենացիֆիկացիան: Մենք շահագրգռված ենք ունենալու անկախ՝ այդ թվում և արտաքին կառավարումից, բարեկեցիկ հարևան պետություն՝ ներկայանալի ու պատասխանատու իշխանությամբ: Իշխանություն, որը կներկայացնի ուկրաինական հասարակության բոլոր հատվածների շահերը, որը գործնականում գնահատում է երկրի ինքնիշխանությունը: Սեփական, այլ ոչ թե դրսից պարտադրված հետաքրքրություններով, արժեքներով ու քաղաքականությամբ: Վստահ եմ՝ նման Ուկրաինայի, ինչպես և նմանօրինակ այլ երկրների հետ Ռուսաստանը կունենա բարեկամական ու կառուցողական հարաբերություններ՝ ի բարօրություն երկու երկրների ու դրանց ժողովուրդների:

Ի դեպ, Ռուսաստանի իրական վերաբերմունքը մեզ համար եղբայրական Ուկրաինայի հանդեպ հստակորեն ի ցույց դրվեց ռուսական ղեկավարության ընտրած գործողության անցկացման մարտավարությամբ, որը ենթադրում է զգուշավոր վերաբերմունք քաղաքացիական բնակչության նկատմամբ և հարգանքի ցուցաբերում զենքը ցած դրած ուկրաինացի զինվորականների հանդեպ:

Տեսանյութեր

Լրահոս