Առաջին տեղում Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքն է
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունվարի վաճառքների։
Առաջին տեղում Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքն է, որը համաշխարհային բեսթսելերների շարքում է: Վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ, թարգմանվել՝ ավելի քան 42 լեզվով: Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից և փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:
Երկրորդ տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին 2021-ը որպես նոր մարդ դիմավորելու համար:
Ռոբին Շարմայի «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» երրորդ տեղում է։ «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» մոտիվացիոն աշխատություն է: Այստեղ Շարման փորձում է ընթերցողին սովորեցնել առավոտյան վաղ արթնանալու խորհուրդը: Շարման իր հերոսների օրինակով ընթերցողին օգնում է դառնալ հաջողակ, երջանիկ, ինչու չէ, նաև սիրված: Հերոսների հետաքրքիր և արկածներով լի շրջագայությունները տարբեր երկրներով էլ ավելի ու խորհրդավոր են դարձնում գիրքը:
Չորրորդ հորիզոնականում է Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը»: Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում Նժդեհը դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության: Նա անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի պատերազմներից՝ Նժդեհը խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նա գերակա է համարում մեր ժողովրդի հավաքական պայքարը, որովհետև այդպես «ավելի ուժեղ ենք, քան ժամանակավոր դժբախտությունը»:
Կանադացի գրող Ռոբին Շարմայի «Առաջնորդ՝ առանց պաշտոնի» միջազգային բեսթսելերը հինգերորդ տեղում է: Շարման մոտիվացիայի, առաջնորդության և ինքնազարգացման ամենահայտնի մասնագետներից է: Այս գիրքը հրատարակվել է աշխարհի տարբեր լեզուներով, վաճառվել միլիոնավոր օրինակներ: Եթե ինչ-որ մեկն ուզում է հաջողության հասնել, ապա պետք է կարդա այս գիրքը. այն յուրաքանչյուրին կսովորեցնի ճիշտ գործել, օրը նպատակային դարձնել…
Ջոն Պ. Ստրելեքիի «Կյանքի հինգ մեծ նպատակները» վեցերորդ տեղում է։ «Կյանքի հինգ մեծ նպատակները» գիրքը ամերիկացի հայտնի գրող, «Սրճարան աշխարհի եզրին» միջազգային բեսթսելերի հեղինակ, քոուչ Ջոն Ստրելեքի հերթական ստեղծագործությունն է: Գրքում Թոմաս Դիրեյլ անունով գործարարի օրինակով ներկայացվում են արդյունավետ, սիրված և հաջողակ առաջնորդ լինելու գաղտնիքները: Գիրքը հարուստ է և՛ բիզնեսի համար կարևոր խորհուրդներով, և՛ ընդհանրապես, կյանքի վերաիմաստավորման ու վերարժևորման համար անչափ հետաքրքիր ու նոր գաղափարներով:
Նարինե Բաղդասարյանի ‹‹Լույսի ճանապարհին›› գիրքը յոթերորդ տեղում է։ Այն յոգ, յոգայի բազմամյա ուսուցիչ Նարինե Բաղդասարյանի կուտակած կենսափորձի հանրագումարն է: Գրքում «բացված» են Լույսին, այն է՝ մարդու մարմնի և հոգու խաղաղությանն ու ներդաշնակությանը հասնելու Նարինեի դավանած ճանապարհները: Ստեղծագործ մոտեցմամբ տեսական և գործնական հանրամատչելի խորհուրդներ ու զրույցներ ամբարած այս գիրքը սիրո մասին է:
Ջո Ջիրարդի «Վաճառիր ցանկացած բան ցանկացած մարդու» գիրքը ութերորդ տեղում է։ Ջո Ջիրարդը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում 13 001 հատ «Շևրոլե» մեքենա վաճառելու համար: Աղքատ սիցիլիական ընտանիքում մեծացած Ջիրարդը համաշխարհային բեսթսելեր դարձած իր այս գրքում պատմում է վաճառողի իր կարիերայի մասին՝ ներկայացնելով իր հաջողության այն գաղտնիքներն ու հնարքները, որոնք վստահաբար պետք կգան ցանկացած ոլորտի ցանկացած վաճառողի: Ինչպես ասում է հեղինակը՝ «Եթե կարողացել եմ ես, ապա դուք էլ կկարողանաք»: «Վաճառիր ցանկացած բան ցանկացած մարդու» գիրքը համարվում է աշխարհի ամենալավ բիզնես գրքերից մեկը։
«100 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերի հեղինակ Վահագն Դիլբարյանի երկրորդ՝ «101 բիզնես գաղտնիքներ» գիրքը իններորդ տեղում է։ Այն պարունակում է 101 նոր, մոտիվացնող պատմություններ ու հաջողության հասնելու գաղտնիքներ։ «101 բիզնես գաղտնիքներ» գրքում նույնպես ներկայացված են մարքեթինգային գործիքներ, մոտիվացիոն բազմաթիվ պատմություններ, տասնյակ հաջողակ գործարարների ու մենեջերների կյանքը, գործունեությունը, քայլերը, բիզնեսում կայացրած որոշումները, ինչպես նաև հեղինակի անցած ուղին, թե ինչպես է նա դարձել նման բեսթսելերի հեղինակ։ Գիրքը ցույց է տալիս, որ եթե կա խնդիր, կա նաև լուծում, և խնդիրներին պետք է նայել դրանց լուծումների տեսանկյունից։ Գրքում ներկայացված քեյսերից շատերն ապացույցն են այն բանի, որ չպետք է վախենալ նույնիսկ ամենաանելանելի և բարդ իրավիճակներից, այլ դրանց մեջ հնարավորություններ փնտրել ու օգտագործել պահը։
Տասներորդ հորիզոնականում է Ռաֆայել Համբարձումյանի «Գարեգին Նժդեհ. կենսատարեգրություն, մտամասունքներ» գիրքը։ Գարեգին Նժդեհի վարքի առանցքային դրվագները, ասույթների ընտրանին և տպագիր ու անտիպ գրքերի ու հոդվածների ցանկերը աշխատությունը դարձնում են XX դ. հայոց ազատամարտի ռազմագաղափարական առաջնորդի մասին յուրատեսակ հանրագիտարան: Արձանագրելով, որ Գարեգին Նժդեհը 20-րդ դարի համաշխարհային ռազմաքաղաքական մտքի բացառիկ դեմքերից է, գիրքը ներկայացնում է նրա եզակի դերը նաև ռազմագիտության ու ռազմարվեստի համաշխարհային պատմության մեջ: