«Պետք է զգույշ և զգոն լինենք. Թուրքիան փորձելու է դրդել Ադրբեջանին՝ գնալու որոշակի սադրանքների». Մենուա Սողոմոնյան

«Ուկրաինայում իրադարձությունները կայծակնային արագությամբ են զարգանում, և տարբեր սցենարներ կարող են լինել: Աշխարհագրորեն կարող է շատերիս թվալ, թե մեզ հետ կապ չունի, բայց այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, տեղի է ունենում մեկ մեգատարածաշրջանում, որը կարելի է անվանել հետխորհրդային տարածաշրջանային անվտանգության համալիր»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց 5165 շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը:

Նրա խոսքով՝ այս մեծ համալիրի ցանկացած ենթատարածաշրջանում տեղի ունեցողը կապակցված է մյուս տարածաշրջանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. «Պետք է ի սկզբանե նկատել, որ ինչքան շուտ վերջանան ռազմական գործողությունները, այնքան մեր տարածաշրջանի և ՀՀ-ի համար լավ կլինի, բայց ռազմական գործողությունները կարող են բլից-կրիգի տրամաբանությամբ ընթանալ և արագ ավարտվել, և կարող է պատերազմի ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման փուլին հաջորդել ցամաքային ավելի երկարատև, հյուծիչ պատերազմ»:

Մենուա Սողոմոնյանը մանրամասն վերլուծեց, թե ինչու Արևմուտքը միայնակ թողեց Ուկրաինային.

«Արևմուտքը մեկ միասնական տարր չէ, առնվազն ես կառանձնացնեի ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան՝ կոնտինենտալ Եվրոպայից, որովհետև կոնտինենտալ Եվրոպային այս պատերազմը ձեռնտու չէ մի շարք պատճառներով: Առաջին հերթին՝ փախստականներ, երկրորդ հերթին՝ պատերազմը տեղի է ունենում հենց Եվրոպայում, և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կոնտինենտալ Եվրոպայում այսպիսի պատերազմ տեղի չէր ունեցել:

Յուրաքանչյուր միկրոտարածաշրջանային կոնֆլիկտ կարող է ինչ-ինչ հանգամանքների ազդեցությամբ վերածվել ավելի մակրոտարածաշրջանային կոնֆլիկտի: Երկրորդ՝ խաթարվում է բնականոն տնտեսական կյանքը: Երրորդ՝ Ռուսաստանը գազի գլխավոր մատակարարներից մեկն է, և այստեղ Եվրոպան խնդիրներ է ունենում: Չենք կարող հստակ ասել՝ Ռուսաստանին ձեռնտո՞ւ էր այդ պատերազմը, թե՞ ոչ. Մենք տեսանք, որ 2022թ. հունվար ամսին ինտենսիվ ընթանում էին ԱՄՆ-ՌԴ և ՆԱՏՕ-ՌԴ բանակցություններ, որոնք Եվրոպայում անվտանգության ճարտարապետության խաղի կանոնների մասին էին, որի մասին Ռուսաստանը դեռևս վաղուց էր խոսում, որ ՆԱՏՕ-ի Արևելք ընդլայնումը, մասնավորապես՝ հետխորհրդային շրջանում ՆԱՏՕ-ի հաստատվելը ՌԴ-ի համար դոկտրինալ անվտանգային սպառնալիք է: Ռուսական կողմը փաստաթղթային հավաստում չստացավ այն մասին, որ ՆԱՏՕ-ի՝ դեպի Արևելք ընդլայնումը տեղի չի ունենալու»:

Նա առաջարկեց գործընթացը դիտարկել միաբևեռ աշխարհակարգը վիճարկելու տրամաբանության մեջ.

«Միաբևեռ աշխարհակարգի միակ բևեռը ցանկանում է պահպանել միաբևեռությունը, մյուս բևեռները, տվյալ դեպքում՝ ռազմական և տնտեսական առումով հզորները՝ Ռուսաստանը և Չինաստանը, վիճարկում էին միաբևեռությունը: Ինչքան Ռուսաստանը փորձում է վիճարկել այդ միաբևեռությունը, և ինքը ևս հանդիսանալ գլոբալ մասշտաբի խաղացող, այնքան նաև Ռուսաստանի դեմ են գործողություններ ձեռնարկվում: 44-օրյա պատերազմը պետք չէ դիտարկել՝ զուտ որպես հայ-ադրբեջանական պատերազմ, որովհետև դա ունի նաև գեոպոլիտիկ համատեքստ, և Միջին Ասիայում՝ Ղազախստանում, հունվարին տեղի ունեցած իրադարձությունները ևս պետք է այս տեսանկյունից դիտարկել:

Ռուսաստանին թուլացնելու հանգամանքը նրա գլոբալ և տարածաշրջանային հակառակորդներին ձեռնտու է, և այդ հակառակորդների համար ձեռնտու է, որ այդ պատերազմը երկար տևի: Նաև այդ է պատճառը, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հայտարարում են, որ անմիջաբար չեն մասնակցի ռազմական գործողություններին, սակայն սպառազինությամբ կօգնեն:

Հետևաբար՝ այս կոնֆլիկտի երկարումը նույնպես սցենար է, մեզ համար՝ անցանկալի, վատ սցենար»:

Ինչ բերաբերում է Հայաստանին սպառնացող վտանգներին, նա նշեց.

«Այն, ինչ Հայաստանից պոկել-տարել են, դրանից ավելի տանելը Հայաստանի լինել-չլինելու հետ է կապված: Էլ ի՞նչ պետք է տանեն, որպեսզի շարունակի քարտեզի վրա գոյություն ունենալ Հայաստանի Հանրապետությունը, բայց այդքանով հանդերձ՝ մեզ համար Ուկրաինայում պատերազմի երկարաձգման պարագայում այս տարածաշրջանում ևս կարող են լինել սադրանքներ, որպեսզի Ռուսաստանի ուժերը ջլատվեն: Հենց այս համատեքստում էր Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության հռչակագիրը:

Այն կարելի է դիտարկել որոշակի երաշխիք, որ Ադրբեջանը պրովոկացիաների չգնա: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ այս ամենի մեջ Թուրքիան և Ռուսաստանը Հարավային Կովկասում բնական հակառորդներ են, իսկ Ուկրաինայում դա ևս հստակ երևում է, որովհետև այսօր ռուսական ավիահարվածներից մեկը բայրաքթարների կառավարման կենտրոնին էր խփել, Թուրքիան ունենալով մեծ ազդեցություն Ադրբեջանում՝ փորձելու է դրդել Ադրբեջանին գնալու որոշակի, թեկուզ՝ տեղային, լոկալ սադրանքների: Պետք է զգույշ և զգոն լինենք: Համենայնդեպս, Իլհամ Ալիևը կարծես ՌԴ-ին դրական ազդակներ է փոխանցում, բայց դա պայմանավորված է նաև նրանով, որ նա Մոսկվայում է գտնվում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս