Գագիկ Ջհանգիրյանը վախեցա՞վ ասել՝ Կարեն Անդրեասյան, քո գործով զբաղվիր, անցյալդ ու ներկադ բազմաթիվ հիշողներ կան…
Փետրվարի 18-ին Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ) ուղղված ծավալուն գրությամբ է հանդես եկել, որում հիմնավորել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի կողմից՝ որպես բարձրաստիճան պաշտոնատար անձի, ոչ իրավաչափ վարքագծի դրսևորումը: Ըստ նրա՝ նախարարը, որպես պաշտոնատար անձ, պարտավոր էր և պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել ԲԴԽ անկախությունը, որն իր հերթին՝ կոչված է ապահովել ոչ միայն իր անդամների, այլև դատավորների անկախությունը, ի թիվս այլնի՝ նաև ընթացիկ կարգապահական վարույթների շրջանակներում:
Ըստ այդմ Ալեքսանդր Ազարյանը Բարձրագույն դատական խորհրդին առաջարկել էր միանալ սույն հայտարարությանը և իրավասու մարմնի առջև բարձրացնել վերոնշյալ պաշտոնյային պատասխանատվության ենթարկելու հարցը՝ այդ կերպ զսպելով նրա ոչ իրավաչափ վարքագիծը:
Ուղիղ 6 օր լռություն պահպանելուց հետո ԲԴԽ-ն երեկ հանդես եկավ ըստ էության անհասցե հայտարարությամբ:
Նախ Բարձրագույն դատական խորհուրդը նշել էր, որպես դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմին, քաղաքական գործիչներին, բարձրաստիճան պաշտոնատար անձանց և իրավաբանական համայնքի ներկայացուցիչներին բազմիցս կոչ է արել դատական իշխանության վերաբերյալ իրենց հանրային հայտարարություններում ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն ու հավասարակշռվածություն՝ բացառելու համար նրանց գնահատողական խոսքում վիրավորական, հեղինակազրկող կամ նսեմացնող որևէ արտահայտություն։
Հետո ևս մեկ անգամ պահանջել էր պաշտոնատար անձանցից և քաղաքական գործիչներից դատական իշխանության հասցեին անգամ քննադատական խոսքեր հնչեցնելիս լինել զուսպ, հիմնվել միայն փաստերի վրա և զերծ մնալ վիրավորական բնույթի արտահայտություններից և դատավորներին պիտակավորելուց։
Ձեռքի հետ էլ, որ հանկարծ գործադիր իշխանությունն ու այլ տարատեսակ «քաղաքական» գործիչներ շատ չնեղվեն, անընդունելի էր համարել դատավորների՝ գործողություններով կամ հրապարակային հայտարարություններով քաղաքական չեզոքության վտանգավոր սահմանագծին մոտենալու հնարավորությունը և կոչ էր արել զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են գնահատվել՝ որպես դատավորի էթիկայի և վարքագծի կանոնների խախտում։
ԲԴԽ-ն, այնուամենայնիվ, մտահոգիչ էր համարել իրավաբանական համայնքի ներկայացուցիչների՝ վերջին շրջանում դատական իշխանության հեղինակությունը թիրախավորող, նսեմացնող և վիրավորական բնույթ կրող հայտարարությունները։
«Բարձրագույն դատական խորհուրդը կրկին վերահաստատում է իր դիրքորոշումը առ այն, որ իրավաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից ցանկացած շահի պաշտպանության իրականացումը պետք է լինի բացառապես մասնագիտական և էթիկայի ու բարեվարքության կանոնների խստագույնս պահպանմամբ, ոչ երբեք դատական իշխանությունը հեղինակազրկելու, դատավորի անձը վիրավորելու, դատարանը վարկաբեկելու հաշվին և կոչ է անում նրանց առավել բարձր պատասխանատվությամբ մոտենալ իրենց հրապարակային ելույթներին, գնահատականներին և որակումներին»,- ասված էր ԲԴԽ հաղորդագրության մեջ:
Ակնհայտ է, որ այս կերպ Գագիկ Ջհանգիրյանը պատասխանել է Ալեքսանդր Ազարյանին, և թեպետ Դատավորների միության նախագահը կոնկրետ անուն էր նշել, կոչ էր արել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին պատասխանատվության ենթարկել, ԲԴԽ-ն իր հայտարարության մեջ որևէ անուն չէր նշել՝ այդ կերպ ցույց տալով, թե իբր դատավորներին թիրախավորելուց զերծ պահելն իր նախաձեռնությունն է. ինչպիսի զուգադիպություն…
Ալեքսանդր Ազարյանն իրավամբ վատ դրության մեջ էր դրել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին, և վերջինս, իհարկե, դեմքը փրկելու խնդիր ուներ:
Այն խայտառակությունը, որը ԲԴԽ-ն կրում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին միաձայն կալանավորելու թույլտվություն տալու համար, դեռ երկար ժամանակ է հետապնդելու ԲԴԽ յուրաքանչյուր անդամի ու հատկապես դատավոր անդամներին:
Եվ բնական է, որ ինչ-որ ձայն ԲԴԽ-ից «ի պաշտպանություն» դատավորների պետք է դուրս գար: Դուրս եկավ… Միայն թե ինչո՞ւ այդքան վախվորած:
Գագիկ Ջհանգիրյանը վախեցա՞վ ասել՝ Կարեն Անդրեասյան, քո գործով զբաղվիր, անցյալդ ու ներկադ բազմաթիվ հիշողներ կան… Երևի վախեցավ…