Ալեքսանդր Ազարյանը Գագիկ Ջհանգիրյանին փակուղի է մտցրել

Այսօր Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ) ուղղված ծավալուն գրությամբ է հանդես եկել, որում հիմնավորել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի կողմից՝ որպես բարձրաստիճան պաշտոնատար անձի, ոչ իրավաչափ վարքագծի դրսևորումը:

Ըստ նրա՝ նախարարը, որպես պաշտոնատար անձ, պարտավոր էր և պար­տավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտան­գել կամ վնասել ԲԴԽ անկախությունը, որն իր հերթին՝ կոչված է ապահովել ոչ միայն իր անդամների, այլև դատա­վոր­ների անկախությունը, ի թիվս այլնի՝ նաև ընթացիկ կար­գապահական վա­րույ­թ­ների շրջանակներում:

«Մինչդեռ, հրապարակային այնպիսի արտահայտությունները, որպիսիք են՝ կարգապահական վարույթները քննելու և լուծելու արդյունքներով պայմա­նավորված՝ ԲԴԽ աշխատանքի վերաբերյալ հիասթափություն հայտնելը, ԲԴԽ-ի կողմից իր բարձունքում երբեմն չգտնվելու վերաբերյալ պնդումները, ԲԴԽ անդամներին ազնիվի և ոչ այնքան ազնիվի, լավ կամ վատ դատավորների դասակարգելը, իր միջնորդություն­ներին դեմ քվեարկած ԲԴԽ անդամներին դատավորական կլան անվանելը, իր միջ­նորդություն­ներին դեմ քվեարկած դատավորների շրջանակը պարզելու և դրա պատ­ճառ­ները բացահայտելու ցանկություն հայտնելը, իր «հիմնավոր» միջնորդութ­յունները մերժելու մասին ԲԴԽ որոշումների հետ չհամակերպվելը՝ դրանց անբողո­քարկելի լինելու պայմաններում, Հայաստանում վեթինգի իրականացման ձգձգումը իր ներկայացրած միջնորդություն­ները ԲԴԽ կողմից համատարած չբավարարելու հանգամանքով պայմանավորելը, որոնք արվել են և արվում են պետա­կան բարձր­աստիճան այնպիսի պաշտոնյայի կողմից, ինչպիսին արդարադատության նախա­րարն է, ԲԴԽ-ում քննվող ընթացիկ կարգա­պահական վարույթների տեսանկյունով բովանդակում են ԲԴԽ անդամ­ների գործու­նեությանը ոչ իրավաչափ միջամտության տար­րեր, որն առհասարակ անհամատեղելի է անկախ դատարանի և արդարադա­տութ­յան գաղափարների հետ»,- ասված է Դատավորների միության նախագահի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ այդմ Ալեքսանդր Ազարյանը Բարձրագույն դատական խորհրդին առաջար­կել էր միանալ սույն հայտարարությանը և իրավասու մարմնի առջև բարձրացնել վերոնշյալ պաշտոնյային պատասխանատվության ենթար­կելու հարցը՝ այդ կերպ զսպելով նրա ոչ իրավաչափ վար­քագիծը:

Այս հայտարարությունը կամ գրությունը, հիրավի, փակուղային իրավիճակ է ստեղծել ԲԴԽ-ում. Ալեքսանդր Ազարյանը օրենսդրության համապատասխան հոդվածներին ու կետերին հղում տալով է ապացուցել, որ ՀՀ արդա­րադատության նախարար Կարեն Անդրեասյանը, խախ­տելով հանրային ծառայողին ներկայացվող վարքագծի սկզբունքները, մասնա­վո­րապես՝ չդրսևորելով զբաղեցրած քաղաքական պաշտոնին վայել վարքագիծ, չցու­ցաբերելով տարրական բարեկիրթ վերաբերմունք և քաղաքական զսպվա­ծութ­յուն, հնչեցրել է իշխանության մյուս թևի ներկայացուցիչներին՝ դատա­վոր­ներին վիրավորող և պիտակավորող, դա­տական իշխա­նութ­յան հեղի­նա­կությունը նսեմացնող արտահայտություններ, որոնք չեն արժանացել պատշաճ արձա­գանքի:

Ու հիմա ԲԴԽ-ն պետք է որոշի՝ կամ այնուամենայնիվ, հիշում է՝ ինքն ինչ կառույց է ու ինչի համար է ստեղծված ու կոչված, կամ հիմա էլ պետք է դառնա Կարեն Անդրեասյանի կցորդը:

Ինքը՝ արդարադատության նախարարի աթոռը զբաղեցնող երբեմնի ՄԻՊ-ը, ի պատասխան Hraparak.am-ի դիմումի՝ մեկնաբանել է Դատավորների միության գրությունը՝ ուղղված ԲԴԽ-ին, իր խոսնակի շուրթերով «պատասխանել է». «Որևէ մեկնաբանության կարիք չենք տեսնում: Հասարակությունը տեսնում է ամեն ինչ»:

Իհարկե, հասարակությունն ամեն ինչ տեսնում է, այդ թվում՝ իր և իր տեղակալ Գրիգոր Մինասյանի՝ «բացառապես հալալ քրտինքով» վաստակած ահռելի ունեցվածքի մասին հրապարակումը, իր ու իր տեղակալի համատեղ բիզնես շահերը, հակամրցակցային պայմանների ստեղծումը այլ ընկերությունների համար:

Շատ այլ բաներ էլ է տեսնում ու իմանում հասարակությունը, մասնավորապես՝ Կարեն Անդրեասյանի Մարդու իրավունքների պաշտպան աշխատած ժամանակներում ծավալած գործունեության, երիտասարդ դասախոսական շրջանի նախընտրությունների, քաղաքական հետաքրքրությունների մասին, բայց, ինչպես ասում են, այդ մասին՝ հաջորդ դասին: Այս պահին փաստենք՝ Կարեն Անդրեասյանը ասելիք չունի, մյուս կողմից էլ նրա՝ ասելիք չունենալը մեսիջ է իր մեջ պարունակում: Անշուշտ, նա սպասում է ԲԴԽ արձագանքին:

Ի դեպ, 168.am-ի հետ զրույցում ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն ասաց՝ դեռ չի հասցրել ամբողջովին ծանոթանալ Դատավորների միության նախագահի հայտարարությանը, քանի որ քննության է եղել ԵՊՀ-ում, սակայն ամեն դեպքում դիմումն ուղղված է Խորհրդին:

«Այնպես որ, ես իրավունք չունեմ ավելին ասել: Մենք՝ Խորհրդով, կարծում եմ, կքննարկենք, և Խորհուրդն իր դիրքորոշումը կհայտնի»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը:

Տեսանյութեր

Լրահոս