Բաժիններ՝

Շիրակի պետական համալսարանում ամենաթողությունը շարունակվում է

Դեռևս նախորդտարեվերջին ու արդեն շաբաթներ առաջ 168.am-ը երկու հրապարակմամբ անդրադարձել է Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) «Սոցիոլոգիա» առկա մասնագիտության 1-ին կուրսում գրանցված «ֆեյք ուսանողի» թեմային:

Հիշեցնենք, որ խոսքը այն դեպքի մասին է, երբ ՇՊՀ «ուսանողներից» մեկը 2021 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ուսանողի կարգավիճակ չի ունեցել, իսկ հետագայում, լինելով արդեն նույն բաժնի հեռակա ուսուցման ուսանողուհի, չի մասնակցել հեռակա բաժնի դասերին` շարունակելով մասնակցությունն առկա բաժնի դասերին՝ հանձնելով միջանկյալ և ամփոփիչ քննություններ, գրանցված լինելով ուսումնական պարապմունքների մատյանում:

Համաձայն ՇՊՀ մեր աղբյուրների՝ այսպես կոչված, «ֆեյք» ուսանողուհու գործով այս պահին Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, և քրեական գործի կենտրոնում «Սոցիալական գիտությունների և իրավունքի» ֆակուլտետի դեկան Օֆելյա Հովհաննիսյանն է:

Հոդված 314-ի 1-ին մաս՝

Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ըստ ՇՊՀ-ում տարածվող լուրերի` վերջինս նախաքննության ժամանակ փորձել է արդարանալ, որ ինքն ուղղորդվել է միայն «խղճով», «բարոյական» արժեքներով և թույլ է տվել, որ զույգ քույրերն իրար հետ դասի նստեն, հակառակ դեպքում հոգեբանական լուրջ խնդիրներ կունենան. երևի ֆակուլտետի դեկանը նաև «բժիշկ-հոգեբան» է:

Հիմա պարզվում է, որ ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելուց հետո քույրերը շարունակում են մասնակցել «Սոցիոլոգիա» առկա մասնագիտության 1-ին կուրսի գրեթե բոլոր դասերին, այն դեպքում, երբ քույրերից մեկը նույն բաժնի հեռակա ուսուցման համակարգի ուսանողուհի է:

Փաստորեն այս կերպ Օֆելյա Հովհաննիսյանը փորձում է արդարացնել իր շարունակվող ապօրինությունները և հետագայում հաստատել, որ չի առաջնորդվել անձնական շահերով:

Օրենսդրորեն հեռակա բաժնի ուսանողուհին իրավունք չունի մասնակցել առկա կուրսի դասերին, բայց մեր տեղեկություններով՝ Օֆելյա Հովհաննիսյանն ամբողջությամբ վերահսկում է «Հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Կարինե Սահակյանին և այդ ամբիոնի գրեթե բոլոր  դասախոսներին, որոնք դասավանդելով այդ կուրսում՝ աչք են փակում այս ապօրինության նկատմամբ:

Հետաքրքիրն այն, որ բուհի նորանշանակ ռեկտոր  Երվանդ Սերոբյանը ևս աչք է փակում Օֆելյա Հովհաննիսյանի ապօրինությունների հանդեպ, քանի որ վերջինս օգնեց նրան ռեկտոր դառնալու հարցում: Նորանշանակ ռեկտորը մասնակիցն է այս ամբողջ անօրինական գործողությունների, և սրան չի արձագանքում նաև բուհի հոգաբարձուների խորհուրդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս