Ադրբեջանցիներին բերեցին՝ ապահովելով նրանց ոչ միայն անվտանգությունը, այլև նրանց միջոցով փորձեցին ազդել հայկական ընդդիմության վրա. Արմեն Բադալյան

«Հայաստանում տեղի է ունենում նույն այն գործընթացը, ինչ Ադրբեջանում էր տեղի ունենում, երբ Ադրբեջանը պարտված կողմ էր, և ՀՀ պատվիրակները գնում էին Բաքու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Եվրանեսթի ադրբեջանցի պատվիրակների հայաստանյան «ընդունելությանը»՝ նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Ի դեպ, քաղտեխնոլոգն ուշադրություն հրավիրեց նաև հանգամանքի վրա, որ ՀՀ իշխանություններն անգամ ադրբեջանցի պատգամավորների միջոցով փորձեցին ճնշել հայաստանյան ընդդիմությանը:

«ՀՀ իշխանությունները բերեցին՝ ապահովելով նրանց ոչ միայն գալը, այլև նիստերին նախագահություն տալը, նրանց միջոցով անգամ թույլ չտվեցին հայ պատվիրակներին ելույթ ունենալ և փորձեցին անգամ ազդել հայկական ընդդիմության վրա:

Սա ամբողջովին տեղավորվում է ՀՀ իշխանությունների կողմից 2018 թվականին ու հատկապես պատերազմից հետո ձևավորված խաղաղություն կոչված քաղաքականության կոնտեքստում, որովհետև խաղաղությունն այն քաղաքական ուժերի համար, որոնք այս իշխանություններին բերել են իշխանության, ենթադրում է Անդրկովկասում ռուսական ազդեցության չեզոքացում, եթե հնարավոր լինի՝ ռուսական բազայի դուրսբերում, իսկ հիմնականում՝ Թուրքիա-ՀՀ տարածք- Ադրբեջան-Միջին Ասիա գծի գործարկում»,- մանրամասնեց Արմեն Բադալյանը:

Նա վերահաստատեց համոզումը, որ «թավշյա» հեղափոխության հիմքերում կանգնած ուժերի նպատակներից էր Հայաստանի տարածքով Թուրքիայի ելքը դեպի Միջին Ասիա, որտեղ Թուրքիայի միջոցով կթուլացվեր ռուսական ազդեցությունը:

«Այս ամբողջ կոնտեքստում պետք է մեկ բան, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը, իսկ սա կարելի է լուծել, երբ ՀՀ-ում լինի համապատասխան իշխանություն, որը կտանի այս համապատասխան քաղաքականությունը խաղաղության, որի դեմ հասարակությունը մեծամասամբ չի բողոքելու, և որտեղ չի լինելու Արցախի հարցը, և որտեղ Սյունիքն ընդամենը միջանցքի դերակատարություն է ունենալու:

Սա Արևմուտքի քաղաքականությունն էր, որը դեռևս ամբողջովին հաջողության չի հասել, որովհետև Ղարաբաղում կան ռուսական խաղաղապահ զորքեր և հայկական որոշակի տարածք՝ ԼՂ կոչվող, բայց այս պահի դրությամբ՝ ՀՀ իշխանությունն իր խաղաղության քաղաքականությունը փորձում է ամբողջ թափով իրականացնել՝ անգամ առանց հաշվի առնելու, թե ինչ է տեղի ունենում աշխարհում»,- հավելեց բանախոսը:

Ղարաբաղի հարցի լուծված լինելու մասին ադրբեջանցի պատվիրակների հայտարարությունները քաղտեխնոլոգը դիտարկեց՝ որպես հետևանք ՀՀ իշխանությունների այն ներքին համաձայնության, ըստ որի՝ չպետք է պատասխանեն  ադրբեջանցիներին:

Խոսելով խաղաղության համատեքստում Արցախյան հարցի մասին առհասարակ՝ նա հիշեցրեց Երկրորդ նախագահի հարցազրույցից մի դրվագ. «Նա մի միտք արտահայտեց, որ այս խաղաղություն կոչվող քաղաքականությունը և հակառուսական քարոզչությունը եթե պայմանականորեն շարունակվի մոտ 10 տարի, ապա դա կբերի այնպիսի վերաբերմունքի, որ հասարակության գիտակցության մեջ փոփոխություններ տեղի կունենան, և այլևս ակտուալ չի լինի ազգային հարցերի՝ Ղարաբաղի հարցի քննարկումը:

Կարող ենք ասել, որ Երկրորդ նախագահը մի քիչ սխալվում է, որովհետև ոչ թե 10 տարի հետո գիտակցության մեջ այդ փոփոխությունը տեղի կունենա, այլ արդեն տեղի է ունենում, և այն շատ մեծ տեմպերով է: Այդ փոփոխությունը հինգ տարի հետո ոչ թե կսկսի ու թափ կստանա, այլ, ենթադրաբար, 5 տարի հետո կարող է ավարտվել արդեն»:

Տեսանյութեր

Լրահոս