«Կա մշակված ծրագիր  Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի հետ կապված, եթե որևէ  լայնամասշտաբ գործունեություն սկսվի՝ ծրագիրը պետք է իրականացնենք». Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահ

168.am հետ զրույցում Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահ Դավիթ Մկրտչյանն ասաց, որ որևէ տվյալ չունեն Ուկրաինայից որևէ հայ ընտանիքի  դուրս գալու մասին։

«Գիտեմ միայն, որ Դոնեցկի մարզից երկու ընտանիք է դուրս եկել, նրանք գնացել են իրենց բարեկամների մոտ,  այդքան էլ հեռու չեն գնացել՝ Զապորոժիեի մարզում են գտնվում։ Թե սա որքանով է կապված վերջին իրադարձությունների հետ՝  չեմ կարող ասել։ Հիմա այդպիսի խուճապ դեռ չկա, փառք Աստծո, որ ընտանիքներով լքեն-դուրս գան։

Ասեմ, որ ծրագիր կա մշակված՝ կոնկրետ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի հետ կապված, եթե որևէ լայնամասշտաբ գործունեություն սկսվի,  այդ ծրագիրը պետք է իրականացնենք՝ համայնքին օգնություն ցուցաբերելու համար»,- նշեց Դավիթ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ 2014-2015 թվականներին մոտ 50 ավտոբուս մարդ է տեղափոխվել միայն Հայաստան տեղի հայ համայնքի ղեկավարության աջակցությամբ։

«Նրանք ՀՀ քաղաքացիներն էին, որոնք ապրում էին Դոնբասում, և երբ ակտիվ կռիվը սկսվեց, նրանք դիմել են մեզ, և մենք աջակցել ենք։ Այս պահին նման խնդրով մեզ որևէ մեկը չի դիմել, հուսամ, բանը դրան չի հասնի, բայց եթե դիմեն, կրկնում եմ, ունենք մշակված ծրագիր, նրանց կաջակցենք։ Ես սա խոսում եմ Դոնեցկի ու Լուգանսկի բնակչության մասին։ Եթե հանկարծ Ուկրաինայի ամբողջ տարածքում լայնամասշտաբ պատերազմ սկսվի, ցավոք, բոլորս կարող ենք ունենալ նման խնդիր»,- հավելեց Դավիթ Մկրտչյանը։

Ինչ վերաբերում է տեղի հայ համայնքում առկա խնդիրներին, Դավիթ Մկրտչյանն ասաց, որ ամենօրյա կապի մեջ են Ուկրաինայում ՀՀ դեսպանության հետ։

«Մենք կոնսուլտացիաներ անում ենք, դեսպանի հետ բանակցություններ վարում ենք, ում հետ ինչպես կարողանում, բանակցում ենք։ Խնդիրն այն է, որ Դոնեցկի մարզում, ինչպես նաև ամբողջ Ուկրաինայի տարածքում կան հայեր, որոնք այսօր փաստաթղթերի խնդիրներ ունեն, փորձում ենք օգնել, միջնորդել նրանց ու դեսպանության միջև՝ այդ հարցը լուծելու համար։

Մենք միաբանված համայնք ենք, ամբողջ Ուկրաինայում կապը պահպանվում է, կապի մեջ ենք ամեն օր, այս պահին դեռ մեծ խնդրի չենք բախվել։

Մինչև 2014 թվականը մեծ թվով հայեր ապրում էին Ղրիմում, Օդեսայում, Խարկովում, հիմա մեծ թվով հայեր ապրում են Կիևում, Օդեսայում և երևի Դոնեցկում»,- եզրափակեց Դավիթ Մկրտչյանը։

Զվարթ Խաչատրյան

Հ. Գ. Դավիթ Մկրտչյանի հետ 168.am-ը զրուցել է Դոնբասում հատուկ ռազմական գործողությունների սկսվելուց մեկ օր առաջ։

Տեսանյութեր

Լրահոս