«Երկիրը պարտության տարած մարդկանց հետ որևէ անելիք չունեմ». Սեյրան Օհանյանը՝ Սամվել Բաբայանի հայտարարության մասին
Փետրվարի 21-ին խորհրդարանում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում աշխատանքային քննարկում էր, որին մասնակցում էր նաև գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը։ Քննարկումից հետո նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն 21 տարի է, որևէ պետական պաշտոն չի զբաղեցնում, և այն գեներալները, որոնք բանակից 1 կամ 6 ամիս առաջ են հեռացել, նրանք ընդդիմադիր չեն։
«Այն մարդիկ, որոնց դուք անվանում եք ընդդիմադիր, բանակից 4 ամիս, 1 ամիս առաջ են հեռացել։ Սեյրան Օհանյանն էլ ընդդիմադիր չէ, դուք համարում եք, որ բանակում ծառայողը, որ մեկ ամիս առաջ դուրս է գալիս բանակից, արդեն ընդդիմադի՞ր է։ Ֆունդամենտ եք դրել, 20 տարի բանակ եք կառուցել, այս պատերազմում էլ Սեյրան Օհանյանն առաջադրանք է կատարել, չէ՞։ Հիմա պետք է հրավիրեն, նա գա ու պատասխանի, թե ի՞նչ առաջադրանք է կատարել, ո՞րն է սխալ համարում, ի՞նչ սխալներ է տեսել, իր տեսակետը պետք է ասի»,- ասել էր Սամվել Բաբայանը։
168.am-ի հետ զրույցում Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադառնալով Սամվել Բաբայանի հայտարարությանը և ԱԺ քննիչ հանձնաժողովին՝ նշեց, որ ճիշտ չէ խոսել այդ ամենի մասին՝ առանց գնահատական տալու քննիչ հանձնաժողովին։
«Ի սկզբանե քննիչ հանձնաժողովի գաղափարն ընդդիմության գործիքակազմ լինելն է, որովհետև պետությունն ունի իր ամբողջ գործիքակազմը՝ գնահատական տալու իրականությանը։ Քաղաքական այս իշխանությունը 1,3 տարվա ընթացքում որևէ գնահատական չի տվել, որովհետև յուրաքանչյուր գերատեսչություն իր ներսում, գործադիրի ու օրենսդիրի մակարդակով հնարավորություններ ունեին գնահատական տալու տարբեր հանձնաժողովներ ստեղծելու ձևաչափին։ Ըստ էության գերատեսչության ներսում էլ մասնագետներն իրենք կարող են գնահատականներ տալ իրականությանը։ Այդ առումով այս հանձնաժողովը չի կարող պետության, մի ամբողջ պետական ապարատի գնահատական տալ, և իր կազմով ու մասնագիտական կարողություններով, նաև այն փորձագետներով, որոնք իրենք պետք է պատասխան տան իրենց կատարած ծառայությունների և աշխատանքների վերաբերյալ։ Այդ առումով պետք է գնահատենք հետևյալը, որ խիստ բևեռացում կա քաղաքական մեծամասնության, ընդդիմության և այլ քաղաքական ուժերի միջև։ Եվ առանց համախոհության, նաև գործող հանձնաժողովի առանց համաչափ ներկայացվածությամբ, անհնարին է, որ այդ գնահատականը տան»,- նշեց Սեյրան Օհանյանը։
ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի խոսքով՝ նշված պատճառներից ելնելով՝ իրենք հանդես կգան օրենսդրական փոփոխություն կատարելու համապատասխան նախաձեռնությամբ, որտեղ պարիտետային համաչափ սկզբունքը և նաև որոշումների ընդունման համախոհությունը կպահպանվի և ռեալ գնահատական կտրվի այն ամենին, ինչ տեղի է ունեցել։
«Հիմա նրա մասին, ինչ ասել են երեկ, ես չեմ ուզում մեկնաբանել անձերի ասածները։ Մեկ անգամ ևս ուզում եմ ասել, որ այն անձինք, ովքեր պաշտոնատար անձեր են եղել, ովքեր պատասխանատու են իրենց ծառայության և աշխատանքի համար, այս քննիչ հանձնաժողովում տեղ չունեն։ Այս քննիչ հանձնաժողովը կրկին ռեալ որոշումներ չի ընդունելու։ Տեսեք, առաջին նիստն է, արդեն իրենք փորձում են սլաքներն ուղղել մարդկանց վրա, ովքեր ռազմական ու քաղաքական որևէ պաշտոնի չեն եղել»,- հավելեց Սեյրան Օհանյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ ԱԺ քննիչ հանձնաժողովը ձեռքի հետո, ոտքի վրա է որոշումներ ընդունելու։ Եթե քննիչ հանձնաժողովը որոշի ամբողջությամբ ուսումնասիրել այն, ինչ տեղի է ունեցել պատերազմում, ուրեմն՝ պետք է իրենց գործը թողնեն ու զբաղվեն միայն պատերազմի հանգամանքները քննելով, իսկ նրանց գործունեությունն ո՞վ պետք է իրականացնի։
«Այսինքն՝ այն, որ մենք ասում ենք, որ օրենսդրական նախաձեռնություն պետք է լինի և համաչափությունը պահպանվի՝ դրա համար ենք ասում։ Պետք է լինի ԱԺ-ից դուրս հանձնաժողով, որը պետք է զբաղվի միայն ու միայն այս հարցերով։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ ինձ՝ իմ մասնակցելուն կամ չմասնակցելուն, կասեմ հետևյալը՝ մեր երկիրը պատերազմի տարած, պատերազմում որևէ բան չարած, պատերազմից հետո մեր սահմանները բաց թողած և թուրք-ադրբեջանական տանդեմի հետ պայմանավորվածությունների մեջ մտած և մշտապես երկիրը պարտության տարած իշխանությունը, որոնք նաև չընդունեցին Շուշիի հռչակագրի դատապարտումը՝ որևէ ասելիք չունեմ։ Իրենք թող գնան իրենց քննեն, իրենք իրենցով բավարարվեն և դրանով նաև իրենց որոշումները նայեն։ Ես մեր երկիրը պարտության տարած մարդկանց հետ որևէ անելիք չունեմ»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը։