Էվոլյուցիա՞, թե՞ ռևոլյուցիա. Տարոն Սիմոնյանը՝ հայաստանյան իրողությունների մասին
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Տարոն Սիմոնյանն է:
Բանախոսը նշել է.
- Ամբողջ տարածաշրջանում տեկտոնական շարժում է տեղի ունենում. Հայաստանն էական ազդեցություն չունի դրա վրա, բայց կրում է դրա հետևանքները:
- ՌԴ նախագահն իր անկախության ճանաչման ուղերձում ներկայացրած հիմնավորումներում երկու հանգամանք էր նշել՝ ինքնորոշման իրավունք և պատմական արդարադատություն, երկուսն էլ ուղղակիորեն համապատասխանում են արցախյան հիմնախնդրին:
- Մենք պետք է արտաքին քաղաքականության մեջ որոշակի գործողություններ կատարենք. եթե մենք սպասենք իրադարձությունների զարգացմանը և անգործություն դրսևորենք, ապա միայն վնաս ենք կրելու:
- Պահանջ կամ խնդրանք ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը՝ դադարեցնել պասիվ քաղաքականությունը, միջազգային իրադարձությունների հետ կապված մեր գործողությունները պետք է պրոակտիվ լինեն և մեր ազգային շահն առաջ տանող:
- Իրադարձությունները գալիս, մեր վրայով են անցնում, մենք վախենում ենք մեր ազգային շահն առաջ տանել:
- Իշխանության գործընկերներին պետք է անընդհատ հիշեցնել, որ ազգային շահի սպասարկման բառապաշարից պետք չէ դուրս գալ:
- Ներկայիս գործադիր իշխանության ղեկավարի խոսքի տակից մենք մի քանի սերունդ հետո դժվարությամբ ենք կարողանալու դուրս գալ:
- Մեր երկրի կարևորագույն խնդիրներից մեկը, որը, իհարկե, այսօր չի ծագել, պասիվ արտաքին քաղաքականություն վարելն է և վախը, որ՝ մի բան չասեք, որ հանկարծ խանգարի բանակցային կամ խաղաղության գործընթացին:
- Արտաքին գերատեսչությունը չի կարողանում ընկալել, որ քեզանից բացի, քո շահերն ուրիշ ոչ ոք չի կարող պաշտպանել:
- Մենք շատ խոսում ենք, քիչ գործում, այն էլ՝ միայն ներքին միջավայրը սպասարկելիս՝ դիվիդենտներ ստանալու համար:
- Այսօրվա իշխանությունների վարքագիծը հուզականության բնագավառում է հնարավոր մեկնաբանել, ռացիոնալիզմի շրջանակում դժվար է:
- Այսօրվա իշխանությունները ռացիոնալիզմից դուրս վարքագիծ են դրսևորում:
- Արտաքին քաղաքականության բլոկում մեր գործողությունների շղթայական կապ չկա, պատահական որոշումների ամբողջություն է:
- Քաղաքական առումով, այո, կապիտուլյացիա էր, սակայն կապիտուլյացիա տերմինի իրավական առումով օգտագործումը վտանգավոր է. դրա օգտագործումը կարող է հանգեցնել անբարենպաստ հետևանքների:
- Մեր երկրում կիրառվող անմիջական ժողովրդավարությունն ամբոխավարություն է, որն ուղիղ ճանապարհ է դեպի բռնապետություն:
- Իշխանությունը լավ օգտագործում է ընդդիմության քննադատությունը, որովհետև այն թիրախավորված չէ. իշխանությունն օգտագործում է այն քննադատությունը, որի պատասխանն ունի, և լավ օգտագործում է պոպուլիստական մեթոդաբանությունը և հանրության մոտ հաղթած է դուրս գալիս:
- Հանրությունը կարծում է, թե գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում ընտրում է մահակի ֆունկցիա կատարող անձի, որը պետք է պատժի բոլորին:
- Հանրությունը կարծում է, որ ինքն ընտրում է թագավորի, որը լուծելու է բոլոր հարցերը:
- Պետության արդյունավետության գրավականն է՝ ամեն մարդ պետք է զբաղվի իր մասնագիտական կարողությունների շրջանակներում խնդիր լուծելով, հակառակ դեպքում պետությունը դատապարտված է ձախողման:
- Եթե համակարգի էվոլյուցիան բնական ճանապարհով չի գնում, կուտակված էներգիան վաղ թե ուշ պայթյունային արտահայտություն է ստանալու:
- Իշխանությունը ծուղակ է, ամեն իշխանություն կարծում է, թե իրենից լավը չկա:
- Ցանկացած վատ սահմանադրություն կարելի է արդյունավետ կիրառել, եթե կա քաղաքական կամք: