«Փաշինյանի՝ «հայկական խաչմերուկը» մանիպուլյացիա է. նա հաճախ կորցնում է իրականության և քարոզչության միջև ընկած սահմանը». ադրբեջանցի պատգամավորը՝ Փաշինյանին

Օրեր առաջ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը խոսել էր Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթի մասին՝ նշելով, որ նախագծի արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է:

«Այս մասշտաբի ներդրումային ծրագիր, ըստ էության, Հայաստանի անկախության պատմության մեջ չի իրականացվել: Ուզում եմ ասել, որ վերջին շրջանի մեր քննարկումների արդյունքում, նկատի ունեմ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, Հյուսիս-Հարավ նախագիծը, ըստ էության, մենք վերաձևակերպել ենք և դարձրել ենք Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք նախագիծ: Հույս ունենք, որ մեծ տեմպերով այս նախագիծը կիրականացնենք: Ըստ էության, սա նշանակում է, որ այդ ճանապարհի ճյուղերից մեկը, նկատի ունեմ՝ Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք, կամ եթե կարճ ասենք՝ հայկական խաչմերուկի ճյուղերից մեկը, կկապի հյուսիսը հարավին, այսինքն, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս ճյուղը, ըստ էության, Ադրբեջան, Հայաստան և հետագայում՝ դեպի Նախիջևան, Թուրքիա: Եվ մենք այս նախագիծը տեղավորում ենք ահա այս ընդհանուր կոնտեքստում»,- մանրամասնել էր Փաշինյանը՝ հավելելով, որ Արևելք-Արևմուտքի նախագծային հատվածն արված չէ, «բայց հընթացս քաղաքական պայմանավորվածությունների և համաձայնությունների ձեռքբերման համատեքստում շատ արագ կիրականացնեն նաև այդ հատվածը»:

Ադրբեջանական վերլուծական և քաղաքագիտական շրջանակները՝ ի դեմս քաղաքագետ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի, արձագանքել են Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը և նշել, որ Փաշինյանը հերթական անգամ դիմում է մանիպուլյացիայի, այնպես, ինչպես ժամանակին վստահեցնում էր, որ հնարավոր է հասնել ղարաբաղյան հարցի այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

«Անլուրջ փաշինյանական գաղափար, որը ոչ այլ ինչ էր, քան էժան պոպուլիզմ: Ոչ մեկի մոտ այն ոգևորություն չառաջացրեց, քանի որ բոլորը հասկանում էին՝ դա անիրատեսական է»,- գրում է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը՝ հիշեցնելով 2020թ. փետրվարի 15-ին տեղի ունեցած Ալիև-Փաշինյան մյունխենյան դեբատը:

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին» և Փաշինյանի նշած Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք նախագծին, լրատվամիջոցը նախ կրկնում է՝ «Զանգեզուրի միջանցքը» ադրբեջանական նախաձեռնություն է, և հավելում, թե փորձել են վիզուալ պատկերացնել՝ որտեղ կարող է «տեղակայվել» «հայկական խաչմերուկը», բայց ոչ մի բան չի ստացվել, և դիմել են քարտեզի օգնությանը:

««Զանգեզուրի միջանցքը», որը ձգվում է Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևան, և հետո՝ Թուրքիա, իրականում hատվում է երկաթուղային գծի հետ, որը կարող է միանալ նախագծին: Բայց սա ոչ թե ՀՀ տարածքում, այլ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության: Բանն այն է, որ Հայաստան-Իրան երկաթգիծը (նախագծի հայկական հատվածը) անցնում է Նախիջևանի տարածքով: Այդ գիծը գոյություն ուներ դեռ խորհրդային ժամանակներից, և դադարել է գործել պատերազմը սկսվելուց հետո: Բայց, ի տարբերություն Զանգեզուրով անցնող ճանապարհի, այն հիմնականում պահպանվել է: ՀՀ-ում վստահ են, որ այս ճանապարհներով շարժը հնարավոր է վերականգնել առավելագույնը մեկ տարում: Բայց սա՝ եթե խոսքը երկաթգծային ճանապարհի մասին է»,- գրում է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը և նշում, որ եթե խոսքն ավտոմոբիլային հաղորդակցության մասին է, ապա այն ենթադրում է նախագիծ, որի իրականացման համար ՀՀ-ից ավելի երկար ժամանակ է պահանջվելու:

Ադրբեջանական կողմը նկատում է, որ Փաշինյանը փորձում է Հյուսիս-Հարավ նախագիծը կապել տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հարցի հետ, մինչդեռ, ըստ ադրբեջանական վերլուծաբանների, իրանական կողմը հասկացրել է ՀՀ-ին՝ «Հյուսիս-Հարավը» ոչ մի առնչություն չունի «Զանգեզուրի միջանցքի հետ»:

«Փաշինյանը չպետք է ոչ մի բան հնարի, ամեն ինչ արդեն իր փոխարեն մտածած է: Եթե նա իրապես ուզում է Հայաստանի տնտեսությունը բարձրացնել, պետք է լսի Բաքվի խորհուրդներին: Իհարկե, ադրբեջանական կողմն առաջին հերթին՝ իր սեփական շահերով է առաջնորդվելու, բայց կանի նաև այնպես, որ գործընկերները նախագծերից հետ չմնան: Ինչ-որ բան հուշում է, որ Փաշինյանն այս ամենը հասկանում է, և հնարավոր է՝ նրա «հայկական խաչմերուկը» փորձ է համոզել հայերին, որ նրանց «Զանգեզուրի միջանցքը» պետք է»,- գրում է day.az-ի հոդվածագիրը:

«Հյուսիս-Հարավը և Արևելք-Արևմուտքը որոշվում է աշխարհագրությամբ, ոչ թե փաշինյանական ցանկություններով: Փաշինյանն իշխանության եկել է մեդիայից: Նա սովոր է մանիպուլյացիայի, և հաճախ կորցնում է իրականության և քարոզչության միջև ընկած սահմանը»,- day.az-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։

Նշենք, որ Եվրանեսթի նիստերին մասնակցության նպատակով Երևանում են ադրբեջանցի պատգամավորներ, որոնք քննարկվող հարցերի շուրջ պնդելու են ադրբեջանական դիրքորոշումները:

Իսկ այս շաբաթ Մոսկվայում նախատեսվում է Ալիևի հանդիպումը Պուտինի հետ:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պուտինն Ալիևի հետ քննարկելու է 2020-ի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021-ի նոյեմբերի 26-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ համաձայնագրերի պահանջների կատարման հարցը, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները:

Բանակցությունների արդյունքում հռչակագիր է ստորագրվելու ՌԴ-Ադրբեջան դաշնակցային փոխգործակցության մասին: Այսինքն, այսուհետ ավելի ակնհայտ են Հայաստանի փոխարեն որոշելու, այնուհետև՝ համաձայնեցված որոշումը պարտադրելու Փաշինյանին:

Ի դեպ, Կրեմլում այս շաբաթ սպասում են նաև Պակիստանի վարչապետին:

Հ.Գ. Բնավ նպատակ չկա ադրբեջանական կողմի դիրքորոշումները տարածելու, պարզապես փորձը ցույց է տվել, որ, ցավոք, ադրբեջանական տեղեկությունները հաճախ համապատասխանում են իրականությանը: Եվ երկրորդ՝ ՀՀ գործող իշխանություններն իրենք են հայ հասարակությանը պարտադրում թուրք-ադրբեջանական շահերը:

Տեսանյութեր

Լրահոս