Բյուջեի ծախսերի կեսից շատ գումար է մտել Հայաստան. ի՞նչ կլիներ, եթե այդ գումարներն էլ չգային

Անցած տարի արտերկրից Հայաստան է մտել շուրջ 2 մլրդ 109 մլն դոլարի տրանսֆերտ։ Սա պետական բյուջեի ծախսերի 50 տոկոսից ավելին է։

Բյուջեի ծախսերը համարժեք են գրեթե 4 մլրդ դոլարի, իսկ միայն դրսից ստացվել է 2,1 մլրդ դոլար։

Հիմա պատկերացրեք, թե ինչ դեր ունեն մասնավոր տրանսֆերտները մեր՝ ինչպես տնտեսության համար, այնպես էլ՝ հասարակության կյանքում։ Եթե չլինեին այդ գումարները, տնտեսական ու սոցիալական իրավիճակը մեր երկրում անհամեմատ ավելի ծանր կլիներ։ Առավել ևս՝ առկա բարձր գնաճի ու համատարած թանկացումների պայմաններում։

Մինչ պետությունը մի կողմ է քաշվել և մարդկանց թողել իրենց հոգսերի հետ՝ բազմաթիվ քաղաքացիներ իրենց ապրուստը հոգում են հենց այդ գումարների հաշվին։ Մի մասը վաստակում է՝ արտերկրում աշխատանք գտնելով, մյուս մասը հարազատներից ուղարկվող օգնություններն են։

Տրանսֆերտները կարևոր գործոն են ոչ միայն սոցիալական առումով, այլև տնտեսության համար։ Դրանք տարբեր եղանակներով մտնում են տնտեսություն՝ խթանելով հատկապես առևտուրն ու ծառայությունները։

Տրանսֆերտները հասնում են մեր ՀՆԱ ընդհուպ 17-18 տոկոսին։ Զարմանալի չէ, որ այդ հոսքերից տնտեսական աճի կախվածությունը բավական մեծ է։

Անցած տարի դրսից կատարված մասնավոր փոխանցումներն ավելացել են 267 մլն դոլարով։

Աճը բարձր է՝ ավելի քան 14 տոկոս։ Բայց այն արտահայտվել է հիմնականում տարվա առաջին կեսին։

Արդեն երկրորդ կեսին ունեցանք աճի տեմպի էական նվազում։ Օգոստոսից սկսած տրանսֆերտային հոսքերն առանձին ամիսներին նույնիսկ պակաս էին, քան նախորդ տարի։ Կտրուկ անկում արձանագրվեց հատկապես հոկտեմբերին։ Այդ ամսին տրանսֆերտները նվազեցին 12 տոկոսով։ Դրանից առաջ ևս հոսքերի կրճատումներ դիտարկվեցին։ Արդյունքում՝ տարվա երկրորդ կեսին տրանսֆերտների աճը դանդաղեց։

Եթե առաջին կեսին ունեինք 32 տոկոս աճ, տարվա վերջին աճի տեմպն ավելի քան կիսով չափ ընկավ։

Տարեվերջի 5 ամիսներին հոսքերն ավելացան ընդամենը 1,4 տոկոսով։

Դրանով հանդերձ, տարեկան կտրվածքով արձանագրվեց ավելի քան 14 տոկոս աճ, որը բարձր ցուցանիշ է տրանսֆերտային հոսքերի համար։ Այն իր էական ազդեցությունն է ունեցել մեր տնտեսության զարգացումների վրա։

Թեև անգամ այդ պայմաններում տնտեսությունը չփայլեց. ունեցանք ընդամենը 5,8 տոկոս ակտիվության աճ։

Տրանսֆերտային հոսքերի ավելացում է տեղի ունեցել 2 հիմնական շուկաներից՝ Ռուսաստանից և Միացյալ Նահանգներից։ Չնայած Ռուսաստանի պարագայում աճի տեմպն այս անգամ ևս ցածր է։ Դրա հետևանքով ռուսական շուկան աստիճանաբար կորցնում է իր գերակշիռ դերը՝ Հայաստան տրանսֆերտային հոսքերի կառուցվածքում։ Անցած տարի Ռուսաստանից ստացվել է 865 մլն դոլար, ինչն ընդհանուր մուտքերի 41 տոկոսն է։

Մուտքերն ավելացել են, բայց ընդամենը 41 մլն դոլարով կամ հազիվ 4,9 տոկոսով։ Կար ժամանակ, երբ ռուսական շուկայից կրկնակի ավելի շատ գումար էր գալիս։ Օրինակի համար՝ 2014թ. մուտքերը կազմել էին ավելի քան 1,6 միլիարդ դոլար։

Թեև Ռուսաստանը պահպանում է Հայաստանին տրանսֆերտներ մատակարարողի իր՝ առաջատարի դերը, այնուհանդերձ վերջին տարիներին այդ դերն աստիճանաբար նվազում է։ Փոխարենը՝ մեծացել է ԱՄՆ մասնակցությունը։

Անցած տարի Միացյալ Նահանգներից ստացվել է 580 մլն դոլար՝ շուրջ 121 միլիոնով ավելի շատ, քան ստացվել էր նախորդ տարի։ ԱՄՆ-ից տրանսֆերտային հոսքերի աճը կազմել է ավելի քան 26 տոկոս։ Տարեսկզբին այդ աճը շատ ավելի մեծ էր։ Տարեվերջին աճի տեմպը նվազեց, բայց շարունակեց բավական բարձր լինել։

Անցած տարին առանձնահատուկ էր Ղազախստանից ստացվող մուտքերի առումով։ Այդ երկիրը երբեք էլ աչքի չի ընկել Հայաստան տրանսֆետներ առաքելով։ Այնինչ՝ անցած տարի ֆիզիկական անձանց փոխանցումները հասան ընդհուպ 90 մլն դոլարի՝ մի քանի անգամ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։ Բայց դրանք ոչ այնքան զուտ տրանսֆերտային, որքան առևտրային փոխանցումներ էին։ Այն ուղղակի կապ ուներ Հայաստանից տրանսպորտային միջոցների արտահանման հետ։ Տարվա ընթացքում կրկին հնարավորություններ ստեղծվեցին Հայաստանից Ղազախստան տրանսպորտային միջոցներ արտահանել։ Մի բան, ինչն էլ արտահայտվեց նաև տրանսֆերտային հոսքերի վրա։

Բայց դա, իհարկե, երկարաժամկետ պրոցես չէ։ Պետք է սպասել, որ այս տարի Ղազախստանից հոսքերի ակտիվությունը կդադարի։

Կար ժամանակ, որ Հայաստանը հիմնականում տրանսֆերտ ներմուծող երկիր էր։ Սակայն վերջին տարիներին բավական մեծ քանակությամբ գումարներ են դուրս գալիս նաև մեր երկրից։

Անցած տարի Հայաստանից գնացել է 1 մլրդ 225 մլն դոլար։ Այդքան գումար միայն բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձինք դուրս են հանել երկրից։

Դրանից 401 միլիոնը գնացել է Ռուսաստան, 189 միլիոնը Միացյալ Նահանգներ։

Եթե Ռուսաստան ուղարկված գումարները նվազել են, ապա ԱՄՆ ուղարկվածներն ավելացել են։ Անցած տարի Հայաստանից 16 տոկոսով փողի ավելի շատ հոսք է արձանագրվել դեպի Միացյալ Նահանգներ։ Ռուսաստանի դեպքում արտահոսքը կրճատվել է ավելի քան 12 տոկոսով։

Ռուսաստանին ու Միացյալ Նահանգներին չի հասնում, բայց բավականաչափ մեծ է հոսքը դեպի Չինաստան։ Թեև պետք է ենթադրել, որ դրանք հիմնականում առևտրային բնույթի փոխանցումներ են, որոնց միջոցով անհատ քաղաքացիները տարբեր տեսակի ապրանքներ են ներմուծում Հայաստան։

Չինաստանն այն երկրներից է, որոնց հետ Հայաստանն ունի բացասական տրանսֆերտային հաշվեկշիռ։ Ավելի շատ փող է գնում այդ երկիր, քան գալիս է։ Բայց այդ առումով Չինաստանը եզակի չէ։

Անցած տարի մեր երկրից ավելի շատ փող է գնացել նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Իսպանիա, նույնիսկ Ուկրաինա։ Թուրքիայի հետ ևս հոսքերը բացասական են՝ ավելի շատ ուղարկում ենք այդ երկիր, քան ստանում։

Արտահոսքի բավական մեծ բաժին ունեն, այսպես կոչված, այլ երկրները, որոնց վերաբերյալ տվյալները, սակայն, Կենտրոնական բանկը փակ է պահում։ Դուրս եկող գումարների 33 տոկոսը բաժին է ընկնում այդ երկրներին, որտեղից ևս անցած տարի ավելի քիչ գումար է մտել, քան գնացել է Հայաստանից։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս